
Հանդիպում Պրահայում
Հայաստանի վաստակավոր արտիստ, հանրահայտ տենոր Հովհաննես Այվազյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին
«Հայ տենոր Հովհաննես Այվազյանը ներկայացրեց Օթելլոյի կերպարը՝ բեմական մեծ ներկայությամբ և բացառիկ դերակատարմամբ։ «Esultate»-ում նա հնչեց վստահ և հզոր, իսկ առաջին գործողության մեջ Դեզդեմոնայի հետ դուետում՝ բանաստեղծական ու որոշ չափով նոստալգիկ, հատկապես «È il fazzoletto ch’io le diedi, pegno primo d’amor» հատվածում։ Նա լիովին տիրապետում է այս դերին, իսկ նրա հմտորեն կառուցված վոկալ գիծն ու գրավիչ տեմբրը նվաճեցին հանդիսատեսին։
Ժամանակին այսպիսի գնահատական է տվել հայ անվանի տենոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանի Օթելլոյի դերակատարմանը հանրահայտ Operaworld պարբերականի մեկնաբանը։ Չհամաձայնել այս խոսքերի հետ չենք կարող, քանի որ մայիսի սկզբին Պրահայի օպերային թատրոնի բեմում առաջին անգամ բարեբախտություն ունեցանք վայելելու Հովհաննես Այվազյանի հրաշալի Օթելլոն։ Այն լիովին տարբերվում էր մինչ այդ տեսած Օթելլոններից, իր դրամատիկ ձայնով, դերասանական խաղով, կերպարի նորովի բացահայտմամբ ու խաղընկերներին օգնելու եւ ուղղորդելու բացառիկ շնորհով։ Այվազյանի Օթելլոն ներկայացավ ինձ համար լիովին այլ կերպարով, ավելի մարդկային, ավելի ողբերգական, որ փորձում էր լիբրետոյով իրեն տրված պարտականությունները կատարել ավելի հուզական տարբերակով՝ ցույց տալով, որ Դեզդեմոնայից ավելի, նաեւ ինքն է զոհը։ Սա այն բացառիկ դերակատարումներից էր, երբ հերոսը ստիպում է իր ձայնի տեմբրով ու խաղով ապրումակցել ոչ միայն Դեզդեմոնային, այլեւ իրեն, քանի որ ինքն էլ իր շրջապատի զոհն է։
Պրահայի Ազգային թատրոնում Հովհաննեսը հրավիրյալ երգիչ էր, այսինքն երկար տարիների համատեղ աշխատանքի փորձ չուներ ո՛չ թատերախմբի, եւ ո՛չ էլ նվագախմբի հետ, բայց այնպիսի զորեղ ու միաժամանակ հանգիստ ձայնով էր երգում, այնքան անկեղծ ու բնական էր խաղում, որ թվում էր, այս բեմի վրա մշտապես Օթելլո է երգել։ Այստեղ է բացահայտվում նրա դերասանական ողջ տաղանդը։ Իսկ առջեւում, նույն բեմի վրա սպասվում է նաեւ Այվազյանի Ռադամեսի հայտնությունը «Աիդա»յում, որը նույնպես կլինի թատրոնի կարեւոր պրեմիերաներից մեկը։ Մինչ այդ, փորձեցինք զրույցի միջոցով նրա հետ բացահայտել իր դերակատարումներն ու անցած ստեղծագործական ուղին։
-Հարգելի Հովհաննես, տարբեր թատրոններում եք մարմնավորել Օթելլոյին։ Կարո՞ղ եք ասել, թե չեխական բեմադրության Օթելլոն որքանո՞վ էր Ձեզ հոգեհարազատ եւ ինչքանո՞վ էր տարբերվում մյուսներից։
-Վերջին երեք տարիների ընթացքում ես «Օթելլո» եմ ներկայացրել տարբեր երկրներում՝ տարբեր ռեժիսորների բեմադրությամբ։ Չեխիայում բեմադրվածը իմ տասներորդ «Օթելլո»-ն էր։ «Օթելլո» սկսել եմ երգել քառասուն տարեկանում։ Առաջին անգամ երգել եմ Մարինյան թատրոնում, ուր եղել եմ հրավիրյալ արտիստ։ Թեեւ Մարինյան թատրոնը քննադատվում է, թե իբրեւ ներկայացումների քանակի պատճառով երբեմն տուժում է որակը, բայց ես այդպես չեմ կարծում։ Մարինյան թատրոնն ինձ շատ բան է տվել. սովորեցրել է պատրաստ լինել ծայրահեղ իրավիճակների. այսինքն, երբ քեզ ծանոթ է դերերգը, դու այն կարող ես ներկայացնել տարբեր թատրոններում հանպատրաստից՝ առանց փորձերի մասնակցելու։ Նման մի կացության մեջ էի այս օրերին, երբ մի օր Համբուրգում Վերդիի «Լուիզա Միլլեր»ում Ռուդոլֆո էի երգում, հաջորդ օրը Պրահայի օպերայում, մյուս օրը կրկին մեկնում էի Համբուրգ։ Իհարկե, ես շնորհակալ եմ եւ երախտապարտ Մարինյան թատրոնին, որն իմ կայացման համար շատ կարեւոր ճանապարհ է եղել։ Այս տարի մարտի երկուսին Մեծ թատրոնի 250-ամյակին նվիրված մեծ հանդիսության շրջանակներում «Օթելլո»-ի պրեմիերա էր, որի ժամանակ հանդես եկա «Օթելլո»-ի դերերգով: Բեմադրության ռեժիսորը Ջիանկարլո դել Մոնակոն (Giancarlo del Monaco) էր։ Սա, իհարկե, ինձ համար մեծ պատիվ է։ Իսկ ինչ վերաբերվում է բեմադրություններին… Այո՚, այսօր աշխարհը շատ արագ է փոխվում։ Արդիականացվում եւ փոփոխության են ենթարկվում նաեւ բեմադրությունները։ Սակայն ինձ համար էականը ոչ թե փոփոխություններն են կամ նորացված ներկայացումները, այլ երաժշտությանը հավատարիմ մնալը։ Կան ներկայացումներ, որտեղ չես կարող հանդիսատեսին խաղով համոզել, եթե այն երաժշտությանը համահունչ չէ։ Դրա համար պետք է հավատարիմ մնալ կոմպոզիտորին («Օթելլո»-ի պարագայում՝ Վերդիին) եւ ճիշտ ներկայացնել նրա ստեղծագործած յուրաքանչրուր նոտան եւ տակտը։




-Իսկ ըստ Ձեզ, Պրահայի Ազգային թատրոնի բեմադրությունը ինչպիսի՞ն էր։
-Պրահայի ներկայացումը եվրոպական չափանիշներով վատը չէր. այսինքն խելահեղ զեղումներ չկային, որոնց պատճառով կարող էիր հրաժարվել դերից։ Կային անհասկանալի որոշ պահեր, բայց, ըմդհանուր առմամբ, լավն էր, խաղարկային էր։ Ես շատ հավանեցի։ Սովորաբար «Օթելլո»- ները խաղարկային չեն լինում, շարժումները շատ քիչ են լինում, իսկ այստեղ ես անընդհատ շարժման մեջ էի։
-Ես այնպիսի տպավորություն ստացա, որ երգիչները մի ամբողջության մեջ, մի ընտանիքի պես չէին երգում։ Կարծես ամեն մեկն իր համար երգեր։
-Կարող է այդպիսի տպավորություն լինել, քանի որ, նախքան ներկայացումը, շատ փոփոխություններ եղան։ Երեք գլխավոր դերակատարներ փոխվեցին, հիմնական կազմը 90% – ով փոխվեց։ Վերջին փորձին ամեն ինչ արել ենք, որ ներկարացումը չձախողվի։ Դա է պատճառը, որ նման տպավորություն ունեք։




Լուսանկարներում՝ Հովհաննես Այվազյանը Օթելլոյի դերում՝ տարբեր բեմադրություններում
-Նաեւ տպավորություն ստացա, որ ողջ ներկայացումը ձեր վրա էր հենվում եւ այդ ծանրությունը դուք էիք տանում ձեր հետեւից։
-Երեւի միակ փորձառուն ես էի մնացել (ծիծաղում է)։ Բոլոր այն դերակատարները, որ երգել էին պրեմիերաները, այդ օրը չկային։
-Օթելլոյի կերպարն ինչքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ։ Եթե իրական կյանքում նման դավաճանության մասին լսեիք, ինչպե՞ս կվարվեի՞ք։
-Այստեղ խնդիրը ոչ թե դավաճանությունն է, այլ խաբեությունը, այն էլ՝ ամենավստահելի եւ հարազատ մարդու կողմից։ Դրա համար էլ Օթելլոն կորցնում է իրականության զգացողությունը. սկսում է փնտրել, փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ… ինչո՞ւ հատկապես նա. չէ որ նա իրենց ընտանիքի ամենահավատարիմ մարդն էր, միասին թիկունք- թիկունքի կռվել էին, ճանապարհ անցել։ Նա չի կարողանում ընկալել ամենավստահելի մարդու կողմից արված խաբեությանը դավաճանության հողի վրա արված։ Ի վերջո, նա խախտվում է։ Ցավոք, սա մեզ հիշեցնում է, որ մեր ցավոտ կետերին առաջինը հարվածում են մեզ հարազատ մարդիկ։.
-Իսկ «Աիդա»յում Ռադամեսի կերպարը, որը նույնպես Պրահայի թատրոնի բեմում պետք է խաղաք, որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ։
-Ռադամես ես սկսել եմ խաղալ (կարծում եմ) 30 տարեկանից։ Այստեղ նույնպես խոսքը դավաճանության մասին է, բայց իր դրամատիզմով չի կարելի համեմատել Օթելլոյի հետ։ Ռադամեսը, հանուն սիրո, դավաճանում է իր սկզբունքներին, բայց երբ հասկանում է, որ խաբվել է եւ , դառնորեն զղջում է եւ իրեն չի ներում։ Նա գերադասում է զնդանը եւ տառապանքը։ Ռադամեսի, Տրուբադուրի եւ ուրիշ նմանօրինակ դերերգերի կատարումը դժվարագույնն է: Բայց երբ «Օթելլո» երգեցի, զգացի, որ կատարողական բարդությունը գալիս է հուզական ֆոնից։ Դերը քեզ հուզական առումով քամում է, ոչնչացնում։ Այսինքն չորս ժամ, բացի առաջին արարից, անընդհատ երկմտանքի եւ նյարդային խանգարման մեջ ես, որ կարողանաս քեզ զսպել։ Դու դա հենց այնպես չես կարող խաղալ. պետք է վերապրես եւ կարողանաս այդ հույզերը փոխանցել հանդիսատեսին։ Հանդիսատեսը ամեն ինչ զգում եւ հասկանում է. արդյո՞ք դու ապրում ես դերով, թե՞ պարզապես դերասանություն ես անում։ Ինձ համար կյանքը շատ փոխվեց բեմում «Օթելլո»-ից առաջ եւ «Օթելլո»- ից հետո։



Լուսանկարներում՝ Հովհաննես Այվազյանը Ռադամեսի դերում՝ տարբեր բեմադրություններում
-Իսկ ինչո՞վ հարստացրեց ձեր փորձառությունը Օթելլոյի կերպարը։
-Գիտեք, Օթելլոյով ես շատ հասունացա որպես երգիչ եւ մարդ։ Ինչքան շատ ես երգում ու վերլուծում, այնքան մեծանում ես։ Ինձ թվում է, թե արվեստում, ամեն բնագավառում պետք է փորձես գերազանցես ինքդ քեզ։ Փորձես սովորել, նոր գույներ գտնել, դա իրականում շատ բարդ է։ Ձայնը անընդհատ նորանոր գույների ու փոփոխությունների ենթարկելը իրականում շատ բարդ է։ Որովհետեւ կատարողական արվեստը անտեսանելի է։ Դա մենք չենք տեսնում։ Ամբողջը կառուցված է մեր զգացողությունների վրա։ Ամեն մարդ կարող է այլ ձեւով արտահայտել։ Ինչքան էլ քեզ սովորեցնեն, միեւնույն է վերջնական արտաբերումը քեզանից է գալիս, քո ներաշխարհից։ Դրա համար ամեն մի նոր բեմադրության ժամանակ ես ինձ համար մեծ փորձ եմ կուտակում։ Չափազանց մեծ՝ տարբեր դիրիժորներից, տարբեր ռեժիսորներից, տարիներ հետո դա կուտակվում է եւ դառնում է այնպիսի կենսափորձ, գիտելիքների պաշար, որը հետո ֆորս մաժորային դեպքերում դու կարողանում ես քո վարպետությունը ցույց տալ, որովհետեւ ոչ դիրիժորն է հուզվում, որ կարող ես դու ինչ չոր տեղ սխալվել, ոչ նվագախումբն է կանգնում, քանի որ փորձ չես արել, կարող ես սխալվել, եւ նման այլ պահեր։

Լուսանկարում՝ Հովհաննես Այվազյանը Ռադամեսի դերում
-Իսկ Երեւանում Օթելլո երգե՞լ եք, չեմ հիշում։
-Երեւանում նույնպես «Օթելլո» բեմադրվել է, դասական բեմադրություն է։ Պրեմիերայի ժամանակ նույնպես ես եմ երգել։
-Պրահա գալն ինչպե՞ս ստացվեց։ Երկար ժամանակ մենք այստեղ օպերային ներկայացումներում հայ երգիչ չենք ունեցել։
-Ես ձեզանից նոր իմացա, որ հայ երգիչներ այս բեմի վրա շատ քիչ են եղել, ես չէի կարծում, որ առաջիններից կլինեմ։ Մեկ տարի առաջ արդեն ունեինք «Աիդայում» երգելու պայմանագիրը, եւ հանկարծ մի քանի ամիս առաջ առաջարկեցին նաեւ Օթելլոն երգել։ Ես էլ այս ընթացքը ազատ էի պահել, եւ այդպես եկա։ Իհարկե, դա միանշանակ հաճելի է։
-Իսկ ինչպսի՞ն է ձեր օպերային գործունեությունը, որքա՞ն հաճախ եք Երեւանում երգում։ Ի՞նչ նոր ծագրեր կան, նոր ներկայացումներ։
-Երեւանում նոր օպերային ներկայացման՝ «Ջոկոնդայի» պատվերը կա, բայց չգիտեմ, եթե կհասցնեմ մասնակցել, քանի որ դեռ հունիսին Պրահայում ներկայացումներ ունեմ։ Երեւանում «Պայացների» պրեմիերան եղավ, եւ հասցրեցի երկու անգամ երգել։ Երբ գնում եմ Երեւան, միշտ աշխատում եմ երգել։ Թատրոնի հետ մշտական կապի մեջ ենք։ Ինձ համար շատ կարեւոր է, որ ես Հայաստանի բեմում լինեմ, կապը չկտրվի։ Ես չեմ գնացել երկրից նաեւ այն պատճառով, որ մեր բեմում երգեմ։
-Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, ամենուր լավագույն թատրոններում ելույթներ եք ունեցել։ Ո՞ր թատրոնն է ստեղծագործական առումով մեծ ազդեցություն ունեցել։
-Իհարկե, ինչպես արդեն ասացի, ինձ փորձառության մեծ պաշար է տվել ռուսական թատրոնը, քանի որ մինչ Եվրոպա գալը, ես 2014 թվականից անցա այդ փորձառությունը։ Հիշում եմ համաշխարհային աստղերի մասնակցությամբ մեծ գալա համերգ կար եւ ինձ լսելու հաջորդ օրն առաջարկեցին երգել այդ համերգին Պետերբուրգում։ Այնտեղ նաեւ անցա խաղացանկային թատրոնի փորձառությունը։ Բայց երգացանկի ընտրությունը պետք է ճիշտ կատարես։ Ես 20 տարեկանում էի այնտեղ հայտնվել, երբ ինձ առաջարկեցին բարդագույն օպերաներ, ես հրաժարվեցի երգել։ Պետք է ճիշտ պահին հրաժարվել իմանալ։ Իհարկե, հրաժարվելով տուժում ես, շատ դժվարությունների միջով ես անցնում, կարող են նաեւ ինչ որ ժամանակ այլեւս չկանչեն։ Բայց այդպես կամաց քայլերով հասա մինչեւ Օթելլոյի կերպարին։
-Իսկ բացի Օթելլոյից, ի՞նչ կերպար կա, որ ուզում եք խաղալ։
-Իհարկե, իտալական օպերաներ կան։ Նույն Ջոկոնդան կա։ Նաեւ փորձում ենք կամաց վագներյան երգացանկին մոտենալ։
-Վագները միշտ վերջում են թողնում։
-Այո, եթե հասա Օթելլոյին, ապա հաջորդը Վագներն է։ Չեմ կարող չփորձել, կարող է չհաջողես եւ չստացվի, կամ մի անգամ երգեմ եւ զգամ, որ իմը չէ։ Կարող է եւ ստացվի, պետք է փորձել։
-Օպերային բնագավառ Ձեզ ի՞նչը բերեց, ո՞ր տարիքից խանդավառվեցիք։ Ընտանիքում կա՞ր օպերային մոտ որեւէ մեկը։
-Ընտանիքում հայրական տատիկս ու հայրս են երգել, բայց երգարվեստով չեն զբավել։ Տատիկս շատ լավ ձայն ուներ եւ ժողովրդական երգեր էր երգում։ Այն տարիներին կանչել էին երգելու, բայց հայրը չէր թողել, համարել էր, որ ամոթ է։ Իսկ ինձ հայրս է տարել Սպայի տուն, իր ընկերն այնտեղ տնօրեն էր։ Ես սկսեցի հայրենասիրական ու զինվորական, էստրադային երգեր երգել, եւ հետո մնացի, այնտեղ էլ ծառայեցի։ Հաճախ գնում էինք Մոսկվա զինվորական երգերի փառատոնի եւ այլն։ Բանակում ծառայելուց հետո, գեներալ Միքայել Գրիգորյանը հարցրեց ինձ, թե ինչ կարող է ինձ համար անել իբրեւ լավ ծառայող։ Ասացի չգիտեմ, պարոն գեներալ։ Բայց հաջորդ օրը կոնսերվատորիայից զանգահարեցին եւ կանչեցին, որ փաստաթղթերս հանձնեմ։ Այդպես ընդունվեցի կոնսերվատորիա, կարծեմ 2004 թվականն էր։ Սերգեյ Դանիելյանի մոտ սկսեցի պարապել, աստիճանաբար սիրեցի դասական երգել։ Ինձ տարան օպերա լսումների, Գեղամ Գրիգորյանը լսեց եւ ասաց, որ ինձ անմիջապես աշխատանքի ընդունեն։ Այդպես թատրոնի ներկայացումներում ընդգրկվեցի։ Առաջին ներկայացումս Տրավիատան էր, հետո՝ Սայաթ Նովան եւ այդպես սկսվեց։
-Հետադարձ հայացք նետելիս, որ հանգրվանն է Ձեզ համար ամենահետաքրքիրը եղել, որ լի էր նոր բացահայտումներով։
-Դա առաջին պայմանագրերով արտերկրում ելույթներն էին։ Առաջին անգամ Մոսկվայի Նովայա օպերայում «Տրուբադուրը» երգեցի, ապա երբ առաջին անգամ Երեւանի օպերային թատրոնով գնացինք Մարինյան թատրոնում համերգի։ Ու ինձ առաջարկեցին մասնակցել լսումների։ Այդպես գիշերը ժամը մեկին Գերգիեւը լսեց ինձ, մի քանի արիա երգեցի, առավոտյան զանգեցին եւ ասացին, որ վաղը միջազգային աստղերի հետ ելույթ կունենաս։
-Միջազգային բեմերում ելույթ ունենալիս պատահո՞ւմ է, որ հայ երգչի հետ եք ելույթ ունենում։
-Այո, այդպես շատ ֆանտաստիկ է անցնում։ Օրինակ, Գեւորգ Հակոբյանի հետ շատ ենք եղել տարբեր երկրներում, միասին նույն ներկայացման մեջ ելույթներ ենք ունեցել։ Հանդիպել ենք, աշխատել։ Դա աննկարագրելի էմոցիա է, երբ երկրից դուրս մի բեմում ելույթ ունես։ Նաեւ կարեւոր է, որ այդ երկրում ընկեր ունես, ում հետ նաեւ առօրյան է անցնում։ Ինձ թվում է բոլորն էլ դա զգում են։ Ցավոք, հիմա քիչ է հանդիպում։ «Տրավիատայում» կամ «Ռիգոլետոյում» ավելի հաճախ են հանդիպում նման համընկնումներ։

–Հայ երգիչները հայ մշակույթը ներկայացնելու առաքելություն ունեն արտերկրում։ Հաջողվո՞ւմ է։
-Քանի որ հիմնականում ներկայացումներում եմ զբաղված, անհնար է այդ ձեւաչափով։ Իսկ երբ հնարավորություն է լինում երկրից դուրս պաշտոնական ելույթներ ունենալ պետական միջոցառումների ժամանակ, ապա մասնակցում ենք, հայկական գործեր ենք կատարում։ Օպերայի դեպքում միայն անուն-ազգանունդ է աշխատում։ Ես միշտ գրում եմ, որ ներկայացնում եմ Հայաստանի օպերային թատրոնը։
-Ըստ Ձեզ, օտարները որքանո՞վ են տեղյակ հայ մշակույթին, երգիչներին։
-Շատերը լավ գիտեն, շատերը չգիտեն, շատերը մասամբ գիտեն, ոմանք էլ մեզ հետ շփվելով են իմանում, ճանաչում։ Այսօր հայ երգիչները դարձել են մոդայիկ։ Բոլորը հասկացան , որ հայ երգիչները վստահելի են, նույնիսկ եթե վատառողջ ես, բեմ ես բարձրանում եւ թատրոնին փրկում ես անհարմար վիճակից, որպեսզի նոր երգիչ չփնտրեն։ Մենք կարող ենք ի վնաս մեզ դուրս գալ բեմ։ Հայ երգիչներն այսօր օտար թատրոններում մեծ դերերի համար վստահություն են ձեռք բերել՝ իբրեւ ամենավստահելի արտիստներ։
Զրույցը վարեց
Հակոբ Ասատրյանը
Պրահա
Պրահայի Ազգային թատրոնի՝ Պետական թատրոնի մասնաշենքում (Státní opera) դեռեւս կարող եք դիտել «Աիդա» օպերան հունիսի 6-ին, 11-ին, 20-ին եւ 24-ին։ Իսկ հունիսի 14-ին ներկայացումը կարող եք դիետել smetana litomysl երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Լիտոմիշլի ամրոցում։



