Մայիսի 30-ին կայացավ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների համերգը «Հոգու կանչ» խորագրի ներքո Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը: Ողջույնի խոսքով միջոցատումը բացեց ՀԵՄԱ հ/կ նախագահ Միքայել Մինասյանը, ապա խոսքը փոխանցեց միջոցառման հովանավոր, Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին, ով գովեստի խոսքերով պատվեց գերմանա-հայկական մշակութային օրերը և խորհուրդ տվեց ներկա ունկնդիրներին այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ այդ երկրի մշակույթի և սովորույթների հետ:
Այնուհետև խոսքը փոխանցվեց Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն տիկին Մոնիկա Պետրոսյանին, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպչին և հովանավորներին իրենց սաներին բեմական հարթակ տրամադրելու համար, հակիրճ ներկայացրեց դպրոցի հիմնադրման ու զարգացման պատմությունը և ապա Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի անունից շնորհակալագրեր ընծայեց Բեռլինի գերմանա-հայկական մշակութային օրերի հովանավորներ՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Մարտին Շեֆերին(տեղապահորեն՝ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին) և Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին:
Այնուհետև քանոնահարուհիների և սանթուրի խմբի գեղարվեստական ղեկավար տիկին Անուշ Ասատրյան-Պետրոսյանի ղեկավարությամբ խմբակային կատարմամբ Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի արհեստավարժ 6 աշակերտուհիներ քանոնի շռնդալից, հոգեթով և միևնույն ժամանակ լարային նուրբ երաժշտությամբ սկսեցին համերգը:
Նրանց դաշնամուրի ուղեկցությամբ նվագակցում էր միջազգային բազմակի մրցանակների դափնեկիր Մարինե Մկրտչյանը: Առաջին մասի ավարտից հետո դադարի ընթացքում հավաքված հյուրերը վայելեցին Բեռլինի հայկական դպրոցի ծնողների կողմից պատրաստված ուտեստներն ու ճաշակեցին հայկական գինիները: Համերգի երկրորդ մասում Երևանից ժամանած պատանի երաժիշտները հանդես եկան անհատական կատարումներով և դուետներով:
Այս հրաշալի համերգով եզրափակվեցին 2026 թվականի գերմանա-հայկական մշակութային օրերը Բեռլինում, որոնց ֆինանսապես աջակցեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության մշակույթի և շարունակական կրթության վարչությունը, իսկ իր տարածքը տրամադրեց Կարլսհորստի մշակույթի տունը՝ օժանդակելով բոլոր միջոցառումներին:
orer.eu








