ֆրանսահայ Մելիք Օհանյանի, ռուս պոետ Վլադիմիր Մայակովսկու, ամերիկացի Էնդի Ուորհոլի աշխատանքները Պրահայի DOX-ի HIT BY NEWS ցուցահանդեսում

  • 24.05.2026
  • 0
  • 39 Views

Լուսանկարում՝ Մելիք Օհանյանի աշխատանքը

Չեխիայի մայրաքաղաքի DOX ժամանակակից արվեստի կենտրոնում մինչեւ օգոստոսի 23-ը կգործի  HIT BY NEWS ցուցահանդեսը՝ փորձելով պատասխանել մի քանի կարեւոր հարցերի՝ որքանո՞վ են թերթերը, հոդվածների վերնագրերը և լրատվամիջոցների պատկերները ազդում մեր աշխարհաընկալման վրա ու ինչպե՞ս են արվեստագետները արձագանքում դրանց։

 HIT BY NEWS ցուցահանդեսը ցույց է տալիս այն հետաքրքրաշարժ երկխոսությունը, որ տեղի է ունեցել  արվեստի և լրատվամիջոցների աշխարհի միջև։ Նախագիծը, որը հիմնված է բացառապես ցյուրիխցի Աննետ և Պիտեր Նոբելների շվեյցարական հավաքածուի աշխատանքների վրա, ներկայացնում է, թե ինչպես են անցյալ դարում տպագիր լրատվամիջոցները ձևավորել հասարակությունը և տեսողական արվեստը։  Նրանց հավաքածուն ամենակարևոր մասնագիտված հավաքածուներից մեկն է, որը կենտրոնացած է արվեստի և լրատվամիջոցների միջև միջազգային համատեքստում երկխոսության վրա։

Նոբելների հավաքածուն 1980-ական թվականներից ի վեր կազմված ավելի քան երկու հազար կտորից բաղկացած հավաքածու է, որից Պրահայում ցուցադրվում է 400-ը։  Ընտրությունը կատարել է եւ  ցուցադրությունը համադրել է հայտնի շվեյցարացի համադրող Քրիստոֆ Դոսվալդը։  

Ներկայացված աշխատանքները լիովին ցույց են տալիս տպագիր լրատվամիջոցների օրինակներ՝   վաղ գեղարվեստական ​​​​փորձարկումներից մինչև այսօրվա լրատվամիջոցների պրակտիկայի վերաբերյալ մտորումները։ Մամուլի արվեստի երևույթի՝ նորությունների, վերնագրերի, թերթերի տպագրության և լրատվամիջոցների դերի հետ աշխատող արվեստի բացառիկ լայն տեսանկյունը ներկայացվում է համաշխարհային արվեստի 20-րդ դարի մի շարք առաջատար դեմքերի  աշխատանքներում։

Մոտ 150-ից ավելի արվեստագետների գործերը ներկայացված են DOX-ի երեք տարբեր սրահներում։ Դրանք եւ գեղարվեստական կտավներ են, եւ մամուլի էջերից կազմված կոլաժներ, եւ  նկարչության ու մամուլի էջերից համակցված կտավներ։

Հետաքրքիր է, որ հավաքածուն ընդգրկում է 20-րդ դարի դարասկզբից մինչեւ դարավերջ հանրահայտ արվեստագետների գործերը աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ Ամերիկայից մինչեւ Չինաստան, Եվրոպայից մինչեւ Ռուսաստան։ Այդ արվեստագետների շարքում են սովետական հեղափոխական պոետ Վլադիմիր Մայակովսկին իր պատկերազարդումներով, ամերիկացի  դիզայներ, հավաքորդ, պոպ-արտի առաջնորդներից Էնդի ՈՒորհոլն իր աշխատանքներով, ինչպես նաեւ ֆրանսահայ հայտնի արվեստագետ Մելիք Օհանյանը, որը ներկայացել է մեկ կոլաժով՝ «Post-emage», 2013թ։

Ցուցահանդեսը հետաքրքիր է հատկապես անցյալի իրադարձություններին հայացք նետելու եւ դրանք արվեստի ու մամուլի միջոցով վերապրելու տեսանկյունից։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում