Ազնավուրի  ծննդյան օրն է. Ջոնի Հոլիդեյի եւ Շառլի բարեկամության մասին

  • 22.05.2026
  • 0
  • 93 Views

Այսօր Շառլ Ազնավուրի  ծննդյան օրն է

Շառլ Ազնավուրն իր երգերով կամրջել էր տարիքային տարբեր սերունդների: Շառլն է եղել հենարանն ու հաջողության ջահը մեծաթիվ այն երգիչների, ովքեր  միջազգային բեմահարթակներում մեծ ճանաչում են վայելում:

Բայց Ազնավուրի կյանքում Ֆրանսիացի երգիչ Ջոնի Հոլիդեյն առանձնահատուկ սիրո ու հարգանքի տեղ էր գրավում: 60-ականներին Շառլ Ազնավուրի գրած երգի եւ իր քրոջՙ Աիդա Ազնավուրի ամուսնուՙ Ջորջ Կառվարենցի երաժշտությամբ մատուցված երգը դարձավ Ջոնիի հաջողության բանալին եւ այդ պահից էլ գծվեց այդ երգչի փառքի ճանապարհը: Այդ ժամանակներից նրանց մտերմությունը երբեք չընդհատվեց, հակառակըՙ տարիներն ավելի ու ավելի մոտեցրեցին նրանց: Ջոնին համարվում էր Շառլի ընտանիքի անդամը, նրա որդին, կրտսեր եղբայրը, մտերիմը: Նրանց մտերմության մասին ֆրանսիայի երաժշտական աշխարհում բոլորն են պատմում:

2017- ին Ֆրանսիան կորցրեց լեգենդար, աշխարհահռչակ ռոք երգիչ Ջոննի Հոլիդեյին: Երգիչ, ով փայլել էր սկսած Շառլ դը Գոլի ժամանակներից մինչեւ մեր օրեր, տարբեր սերունդների սերն է վայելել: Նա համարվել ու համարվում է Ֆրանսիայի կուռքը: Ջոնի Հոլիդեյի հուղարկավորությանը ներկա էին Ֆրանսիայի ներկա եւ նախկին երկու նախագահները, քաղաքական, մշակութային, կինոյի, արվեստի, երաժշտական աշխարհի ներկայացուցիչներ, սոցիալական բազմաշերտ հասարակություն, ավելի քան երկու միլիոնից ավելի մարդ, բայց ներկաներն անմիջապես նկատել էին Շառլ Ազնավուրի բացակայությունը: Ի զարմանս բոլորի, նա չէր եկել Ջոնիի թաղմանը: Լրագրողի հարցմանն ի պատասխան Շառլն ասել էր, որ Ջոնիին այնքան շատ է սիրել, որ նրա սուգը միայն հայկական ձեւով է սգալու: «Ինչպես հայրն է սգում որդու մահը, այնպես էլ ես եմ սգալու: Հայաստանում հարազատի մահվան դեպքում քառասուն օր սուգ են պահում, տանից դուրս չեն գալիս,  ես Ջոնիի մահը սգալու եմ հայկական ավանդույթով», պատասխանել էր Շառլը: Եվ նա քառասուն օր սուգ էր պահել , տանից տուրս չեկավ, մերժել էր բոլոր հրավերներն ու  երկար ժամանակ համերգներ չտվեց:

«Շառլ Ազնավուրը շատ էր ազդվել Ջոնի Հոլիդեյի ասես շքերթի վերածված մահվան արարողությունից», -նշում էին ֆրանսիական լրատվամիջոցները: Թերեւս դա էր նաեւ պատճառներից մեկը, որ Շառլի ընտանիքը մերժել էր առավել շուքով կազմակերպելու Ազնավուրի  հիշատակի արարողությունը:

Շառլ Ազնավուրը  կյանքում նախընտրում էր համեստությունը: Նա կյանքից հեռացավ խաղաղ, հանգիստ փակելով աչքերնՙ ընկղմվեց հավերժական քնի մեջ: Իր վերջին ցանկությանը հավատարիմ, նրա թաղման արարողությունն էլ կատարվեց համեստ, իր հոգուն համահունչ:

«Ֆրանսիայում պոետները չեն մեռնում» , ընդգծել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Տարիների հեռվից, այսօր էլ Շառլ Ազնավուրը երկնքից շարունակում է  լույս  սփռել:

Ֆրանսիան հաճախ է հիշում և մեծարում Շառլին:

ֆրանսիական ալիքով ամեն օր երաժշտական հեռուստամրցույթ խաղ է հեռարձակվում և երգացանկում Շառլ Ազնավուրի երգերը մշտապես  կան, ֆրանսիական ֆիլմերում հնչում է Շառլի ձայնը, համերգային երեկոներին  երիտասարդ երգիչներն անգամ  հավերժացնում են Շառլ Ազնավուրին:

Ծնունդդ շնորհավոր մեր հպարտություն:

Արաքս Սաֆարյան

  Բրյուսել

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում