24 Ապրիլ 2026-ին Քէօլնում մի շարք ձեռնարկներով ու միջոցոռումներով ոգեկոչուեց Հայոց ցեղասպանութեան 111-րդ տարելիցը։
Ժամը 15։00֊ին, Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակը հաւերժացնող հայկական գերեզմանատան խաչքարի առջեւ տեղի ունեցաւ Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցին նուիրուած ոգեկոչման արարողութիւն։ Արարողութեան սկզբում, Առաջնորդարանի եւ Քէօլնի Հայ Համայնքի անունով Խաչքարի առջեւ զետեղուեց ծաղկեպսակ՝ ի յիշատակ Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների։ Այնուհետեւ Համայնքի հոգեւոր հովիւ հոգշ․ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանի կողմից կատարուեց բարեխօսական աղօթք։
Ժամը 17։00֊ին, Քէօլնի մայր տաճարի հարեւանութեամբ գտնուող Հայոց ցեղասպանութեան «Այս ցաւը վերեբերում է բոլորիս» Յուշակոթողի առջեւ կատարուեց յիշատակի միջոցառում։ Բացման խօսքով հանդէս եկաւ Քէօլնի հայ համայնքի ատենապետ տիար Անդրանիկ Թաբակերը։ Արարողութեան ընթացքում կատարուեց բարեխօսական կարգ Հայոց ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների համար։ Քէօլնի հայ համայնքի «Կոմիտաս» երգչախումբի կատարմամբ հնչեցին Կոմիտասեան «Տէր ողորմեա», ազգային֊հայրենասիրական երգեր։ Տեղի ունեցան մի քանի այլ ելոյթներ եւս։









Երեկոյեան, ժամը 19․15-ին, Քէօլնի առաջնորդանիստ Սբ. Սահակ-Սբ.Մեսրոպ եկեղեցում, նախագահութեամբ Գերմանահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի, տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների ոգեկոչման պաշտօնական Յուշ-Երեկոն։
Բացման խօսքով հանդէս եկաւ Քէօլնի Հայ Համայնքի ատենապետ, տիար Անդրանիկ Թաբակերը, այնույետեւ ողջոյնի խօսք արտասանեցին Քէօլնի Քրիստոնեական եկեղեցիների աշխատանքային համագործակցութեան կենտրոնի վարչութեան համաատենապետներ՝ դր. Մարտին Բոքն ու դր. Ռայներ Վիլը։
Յուշատօնի գլխաւոր բանախօսն էր դր. Վազրիկ Բազիլը, ով իր հայերէն եւ գերմաներէն լեզուով արտասանուած շահեկան բանախօսութեան ընթացքում Հայոց ցեղասպանութեանն անդրադարձաւ համամարդկային եւ ազգային քաղաքակրթական տեսանկիւնից։
Յուշատօնի ընթացքում «Կոմիտաս» երգչախումբը եւ երիտասարդ հոբոյահար Հայկ Հէքէքեանը կատարեցին հայ հոգեւոր եւ դասական երգեր եւ ստեղծագործութիւններ։
Յուշ-Երեկոն եզրափակուեց Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի ոգեկոչման խօսքով, այնուհետեւ բարեխօսական աղօթքով։
Յուշ-Երեկոյին ներկայ էին Քէօլնի քաղաքային իշխանութեան եւ տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայկական հաստատութիւնների ներկայացուցիչներ եւ բազմաթիւ հայեր եւ օտար հիւրեր։
Նկարները` Էդմոն Հախնազարեանի
Դիվան Առաջնորդարանի



