«Եվրոպայի բոլոր երկրները պարտավոր են կանխել ոչ միայն բուն ցեղասպանությունը, այլեւ՝ ցեղասպանության վտանգը».  Յոնաթան Շփանգենբերկ

  • 24.04.2026
  • 0
  • 11 Views

Փարիզում տեղի ունեցած սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովում  զրուցեցինք Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շփանգենբերկի հետ։

  • Որքանո՞վ են հնարավոր լուծել այն մարտահարվերները, որոնց մասին խոսվեց Փարիզի խորհրդաժողովում՝  նկատի ունենալով սփյուռքի ներկա ներուժը։
  • Շատ կարեւոր էր այս ժողովը, քանի որ տարբեր երկրներից հավաքվեցին մտածող եւ աշխատող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատներ, ուստի այդ առումով արդեն իսկ հաջողություն էր։ Այստեղ քննարկված բոլոր հարցերը շատ կարեւոր էին, քանի որ համահայկական դժվար ու ճգնաժամային օրեր ենք ապրում, թե՛ ներսփյուռքյան օրակարգի, թե՛ համազգային օրակարգի շրջանակներում։ Դրանց թվում են ցեղասպանության ճանաչումը, Արցախի ցեղասպանությունը, Հայաստանի անվտանգությունը։ Բոլորն էլ լուրջ նյութեր են մեզ համար, մանավանդ այս հարափոփոխ աշխարհում, երբ շուրջբոլորը պատերազմներ են։ Միեւնույն ժամանակ մշտական շարունակական աշխատանքի կարիք ունենք։ Կարեւոր է ոչ միայն այս ցանցային աշխատանքը, այլեւ միասնական հայկական ապրումն այսպիսի ժողովներում, մանավանդ սփյուռքյան իրականության մեջ դա զորակցության մթնոլորտ է ստեղծում եւ նոր լիցք է հաղորդում։ Ինձ համար կարեւոր է, որ մայիսի սկզբին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի ժողովն է լինելու, եւ մենք իբրեւ եվրոպահայեր առիթ ունենք Եվրոպայի քաղաքական դաշտի առջեւ բարձրացնելու հատկապես Բաքվի պատանդների հարցը, արցախահայերի հիմնահարցը ցեղասպանության դիտանկյունից։  Այս առումով մենք Գերմանիայում արդեն իսկ առաջ ենք տանում այս գաղափարը, եւ Ֆրանսիայում էլ այս օրինակով պետք է շարունակվի այդ գործընթացը։ Որովհետեւ Եվրոպայի բոլոր երկրները պարտավոր են կանխել ոչ միայն բուն ցեղասպանությունը, այլեւ՝ ցեղասպանության վտանգը։  Անշուշտ,  1915 թվականի զոհերի թվի հետ չենք համեմատում,  բայց իր էությամբ եւ բնույթով արցախահայերի հետ կատարվածը բնաջնջման քաղաքականություն է։ Հետեւաբար եվրոպական քաղաքական դաշտի դերակատարների առջեւ հարց պետք է դրվի, թե իրենք ինչ են անում այդ բնաջնջումը կանխելու համար։ Հաջորդ հարցերը՝ պատանդների խնդիրն է եւ արցախահայերի վերադարձի իրավունքի հիմնախնդիրը, որոնք  նույնպես լուծված չեն։

  • Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Հայաստանի իշխանությունների այն պնդմանը, որ եթե մենք հիմա արցախցիների վերադարձի հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանն էլ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը կդնի։
  • Ադրբեջանցիների պարագայում նման բան չի եղել։ Արցախահայերի դեպքում դա հստակ բռնի տեղահանում է։ Իբրեւ եվրոպացի, ես պատասխանատվություն ունեմ այս հարցը բարձրացնելու իմ պետության առջեւ, եւ ափսոսում եմ, որ Հայաստանը այս հարցը չի բարձրացնում, ասելով, որ մեր օրակարգի վրա չէ։ Սա իրավունքի հարց է։ Երբ հիմնական համամարդկային իրավունքի հարցից հրաժարվում ես, որեւէ այլ երաշխավորություն փոխարենը չես կարող ստանալ։ Նորից կրկնեմ՝ մենք չենք կարող համեմատել Արցախի հետ պատահածը՝ 300 հազար ադրբեջանցիների գնալու հետ։ Ադրբեջանը միշտ պետք է փորձի շահարկել այսպիսի տարբեր բաներ։ Սա նաեւ քաղաքակրթական խնդիր է։ Այս առումով ես փորձում եմ իմ  նվազագույն աջակցությունս բերել։ Եթե Հայաստանը շինիչ ձեւով սա բերի օրակարգի մաս դարձնի, վստահ եմ եվրոպական շատ կարող ուժեր եւ երկրներ պետք է զորակցեն։ Սա եվրոպական արժեքների վրա հիմնված հիմնահարց է։ Մենք այս մասին անընդհատ պետք է հիշեցնենք։ Եթե Հայաստանն ու սփյուռքը միասնական աշխատեին, ավելի օգտակար կլիներ։ Իհարկե, սփյուռքը միայնակ էլ կարող է շարունակել պայքարը, բայց այդ դեպքում գործընթացը շատ կդժվարանա։
  • Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում