Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են ՀՀ և ԳԴՀ-ի միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր

  • 09.12.2025
  • 0
  • 12 Views

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

Հռչակագրում, մասնավորապես, նշված է.

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ Կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին և սկզբունքներին։

Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները: Նրանք գոհունակությամբ նշում են Եվրոպական Միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր կապերն առավել ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ձգտումը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության, զարգացման համագործակցության, անվտանգության ոլորտի աջակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության հաստատված ձևաչափերի և նախաձեռնությունների կարևորությունը:

Կողմերը կիսում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ դրական գնահատականը և ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։ Կողմերը համակարծիք են, որ այդ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Կողմերը հասել են հետևյալ փոխըմբռնմանը՝

1. Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում` չսահմանափակվելով, սակայն, դրանցով.

ա. Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն. նախարարությունների, գործակալությունների և դիվանագիտական առաքելությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ, բարձր մակարդակի փոխայցելություններ և թեմատիկ երկխոսություններ։

բ. Տնտեսական և առևտրային համագործակցություն. երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանում, համագործակցություն կենսաբազմազանության ոլորտում, այդ թվում՝ Երևանում անցկացվելիք «COP17»-ի համատեքստում, էներգետիկայի, կապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ոլորտներում։

գ. Զարգացում և կարողությունների ամրապնդում. շարունակական համագործակցություն՝ ի թիվս այլնի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի և վերապատրաստման նախաձեռնությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենսաբազմազանությունը և բնության պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը, լավ կառավարումը և մունիցիպալ զարգացումը, արդարադատությունը և սահմանադրական բարեփոխումները, օրենքի գերակայության խթանումը, համատեղ նախագծեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը:

դ. Մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. ակադեմիական գործընկերություններ և հետազոտական համագործակցություն, կրթաթոշակներ, քույր քաղաքներ, մշակութային փոխանակման միջոցառումներ և ծրագրեր, որոնք խթանում են փոխըմբռնումը, այդ թվում՝ երիտասարդության և սպորտի ոլորտում:

ե. Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն. համատեղ հետազոտական նախագծեր, համագործակցություն թվային փոխակերպման, զարգացող տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգերի ոլորտում։

զ. Անվտանգություն և պաշտպանություն. երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ներառյալ միջուկային անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցություն անվտանգության ոլորտի բարեփոխումների և ՄԱԿ-ի կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի հետ կապված գործողությունների ոլորտում, տեղեկության և լավագույն փորձի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

2. Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից: Կողմերը կարող են սահմանել և փոխադարձաբար որոշել համագործակցության լրացուցիչ ոլորտներ: Այս համատեղ հռչակագիրը կարող է փոփոխվել ցանկացած պահի՝ երկու Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել այս համատեղ Հռչակագրով նախատեսվող համագործակցությունը: Այն պետք է գրավոր տեղեկացնի մյուս Կողմին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ»:

…………………………………………………………………………………………………………….

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը։

Վարչապետ Փաշինյանն ու դաշնային կանցլեր Մերցը կարևորել են վերջին շրջանում արձանագրված առևտրաշրջանառության ծավալների աճը՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ ավելի դինամիկ և առաջընթաց տեմպերով։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության զարգացման, անվտանգային համագործակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության խորացման կարևորությունը։

Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի՝ Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը։

Դաշնային կանցլեր Մերցը կարևորել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։

Քննարկում է ծավալվել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների և հեռանկարային օրակարգի շուրջ։

…………………………………………………………………………………………………………

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

Ստորև ներկայացվում են ՀՀ վարչապետի և ԳԴՀ դաշնային կանցլերի հայտարարությունները.

ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերց – Տիկնայք և պարոնայք,

ողջունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բարի գալուստ Բեռլին, ուրախ եմ սիրելի Նիկոլ, որ այսօր մենք հանդիպում ենք։ Սա ևս մեկ անգամ շեշտում է վերջին տարիներին մեր երկրների լավ հարաբերությունների դինամիկան։ Այս տարվա մայիսին Դաշնային նախագահը Հայաստանում էր, առաջին անգամ Գերմանիայի նախագահը այցելեց Հայաստան։ Ես էլ հավանաբար առաջիկայում կլինեմ Հայաստանում, 2026 թվականի մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է անցկացվելու Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինելու հյուրընկալողը Հայաստանում։ Սա իմ օրացույցի բաղկացուցիչ մասն է։

Մեր սերտ համագործակցությունը շատ կարևոր է այս անհանգիստ ժամանակներում։ Ինչ վերաբերում է Ձեր տարածաշրջանին, սրտանց շնորհավորում եմ, պարոն վարչապետ, որ Ձեզ և Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ։ Դա մեծ գործ է։ Դաշնային Կառավարությունն այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին։

Ուրախ եմ մարտին համաձայնագրի շուրջ համաձայնության և Վաշինգտոնում օգոստոսին՝ նաև տրանզիտային և երթուղիների հետ կապված համաձայնության համար։ Սա բարեկեցության, խաղաղության և զարգացման համար շատ կարևոր է։ Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է, որն այս տարածաշրջանից անդին է հասնում։ Քաջալերում եմ Ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցում` լուծելու մնացյալ հարցերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մեր առանձնազրույցի ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր այս իմաստով, այս համատեքստում մենք ստորագրեցինք Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը։ Մեր երկու երկրներն աշխատում են բոլոր ոլորտներում։ Երևանում կբացվի «Գյոթե» ինստիտուտ, համագործակցում են բուհերը, քաղաքները։ Ուրախ եմ, որ այս պահին Գերմանիայում բացվում են մի քանի «Թումո» կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական եղանակով ճանաչում են նորարար տեխնոլոգիաները։ Ինտենսիվացրել ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում, գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը և Հայաստանը կարևոր են Ասիայի և Եվրոպայի միջև՝ որպես հանգուցային կետ։ Եվ մեր ներուժը պետք է օգտագործենք։ Դրա համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ և խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն։

Գերմանական ընկերությունները, ինչպես ասացի, մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնովին ուսումնասիրում են այդ վայրը։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի և վստահելի գործընկերներ են, երբ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում։ Այդ պատճառով բարեփոխումները շատ կարևոր են, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Դրանք շատ դժվարին են, մենք գիտենք նաև մեր գերմանական փորձից, և վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը։

Տիկնայք և պարոնայք,

Վարչապետ Փաշինյանն ինձ ասաց, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման, ժողովրդավարության բարեփոխումների մասին, երկրի և հասարակության մասին, որն ուզում է խաղաղ ապրել իր հարևանների հետ և բարեկեցություն կառուցել։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի է ունենալու Հայաստանում։ Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում, հատկապես՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին և սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին՝ սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել իրավիճակը։ Դա տեղի է ունենալու, իհարկե։ Տեղի է ունենում նաև Ուկրաինայում, տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով։

Եվ վերջում ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ ագրեսիոն պատերազմը պետք է կանգ առնի, կանգնեցվի, և այս օրերին մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի արդարացի և երկարատև խաղաղություն հաստատվի։

Գերմանիան հստակ ուղեգիծ ունի, առանց Ուկրաինայի ու առանց եվրոպացիների հնարավոր չէ իրենց մասին որոշում կայացնել, և պարտադրված, թելադրված խաղաղություն չպետք է լինի Կիևի համար։

Տիկնայք և պարոնայք,

Այս կոնտեքստում մենք խոսել ենք մեր ծրագրերի մասին, ինչպես կարող է Գերմանիան նպաստել Հայաստանի դիմակայունությանը։ Մեզ համար ինքնաբերաբար պարզ է, որ մենք ցանկանում ենք օգնել հիմնական հարցերում, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, ամրացնել անվտանգությունն Հայաստանի ավելի լայն օրակարգով։

Շնորհակալություն պարոն վարչապետ Բեռլին Ձեր այցի համար, շնորհակալություն լավ համագործակցության համար, և ուրախ ենք, այն ավելի խորացնելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեծարգո՛ դաշնային կանցլեր,

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ այսօր պաշտոնական այցով հյուրընկալվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար:

Այս այցը հիրավի պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց «Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի ստորագրմամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեզ միավորող արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա։

Դաշնային կանցլեր Մերցի հետ գոհունակությամբ արձանագրեցինք վերջին տարիներին Հայաստան-Գերմանիա համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության բնագավառներում։

Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացմանը, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բեռլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքներով։ Դաշնային կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը: Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է Եվրոպական Միությունում՝ առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմամբ:

Կարևորեցինք Գերմանիայի հետ ակտիվորեն զարգացող համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում: Այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն և գեներացնելու նորարարական գաղափարներ:

Դաշնային կանցլերի հետ հանգամանալից քննարկում ունեցանք միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Համակարծիք էինք, որ աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող և հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների՝ առավել համակարգված և արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ամրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը:

Իմ այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացված տնտեսական կապերի ստեղծմանը և ամրապնդմանը։ Այս առումով մեծ հույս ունեմ, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում՝ մեր երկրում ներդրումներ անելու, ինչպես նաև հայաստանյան գործարարների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար։

Գործընկերոջս ներկայացրել եմ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին Գերմանիայի աջակցության համար:

Ներկայացրեցի նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները և այդ առումով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև «TRIP ուղի» հաղորդակցության ծրագրի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Վստահ եմ, որ մեր այս նախագծերը կարևոր հանգույց կդառնան Միջին միջանցքի համար, որը Գերմանիայի համար նույնպես ունի մեծ կարևորություն։

Հարգելի՛ ներկաներ, մեծարգո՛ պարոն կանցլեր,

Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: Այս առումով երկուստեք գոհունակությամբ արձանագրեցինք ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի առաջընթացը, ինչը վերահաստատում է ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ ամրապնդելու Եվրամիության հետ մեր բազմաոլորտ գործընկերությունը։

Հայաստանում նոր թափ հավաքող եվրաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտին նաև արտահայտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմամբ: Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը՝ ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ և երկարատև ճանապարհին: Գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և ուրախ եմ, որ պարոն կանցլերն արդեն ընդգծեց հաջորդ տարի Երևան այցելելու իր պլանների և հնարավորության մասին:

Ձե՛րդ գերազանցություն, մեծարգո պարոն Մերց,

Ամփոփելով՝ պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ բազմաոլորտ ընդգրկում ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր լիցք և որակ հաղորդել մեր գործընկերությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների:

Շնորհակալություն:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը

Պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ-ի հետ գործընկերության շրջանակում: Վարչապետի խոսքով՝ երկու երկրները միավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը, Հայաստանն ու Գերմանիան ակտիվորեն համագործակցում են երկկողմ և բազմակողմ հարթակներում: Երկրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի անցկացումը և նշել, որ այն կարևոր հարթակ է Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:

gov.am

Նշենք նաեւ, որ այսօր Բեռլինում տեղի է ունեցել հայկական համայնքի բողոքի ցույցը՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների շարունակվող հակաժողովրդավարական քայլերի։ Այս մասին տեղեկացնում են գերմանահայերը։ https://www.facebook.com/share/v/1GJGBD9Pua/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում