«Սիրելի ընկերներ, բարեկամներ և կոլեգաներ, Խորը ցավով տեղեկացնում եմ, որ այսօր Հայրս` Արտավազդ Սահակյանը, հեռացավ կյանքից…
Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ 07.12.2025թ., ժամը 17:30-ին Նորք Մարաշի Սուրբ Մարիամ եկեղեցում , Արմենակյան փողոց։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին նույն վայրից։
Հորս կորուստը անչափ ծանր է մեր ընտանիքի համար։ Նա մեզ համար օրինակ էր՝ ազնվության, հոգատարության և մարդկային բարձր արժեքների։ Միշտ կմնա մեր սրտերում իր թողած մեծ սիրով ու ժառանգությամբ։
Շնորհակալ եմ բոլորիցդ այս դժվար պահին ձեր աջակցութան, աղոթքների և իր մասին ջերմ հիշողությունների համար։
Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ։»-, գրել է ֆեյսբուքի իր էջում անվանի վիրաբույժի որդին՝ Արամ Սահակյանը։
Այսօր սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր իրենց խորն ափսոսանքն էին հայտնում տաղանդավոր բժշկի, Մեծ Մարդու, հոգատար հայրենակցի անհավատալի կորստյան առթիվ։
Մեջբերում ենք դրանցից մի քանիսը.
«Բժշկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավում է ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բուհի պատվավոր պրոֆեսոր, «Հերացի» համալսարանական հիվանդանոցիպլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Բագրատի Սահակյանի մահվան կապակացությամբ։ Կորուստն անժամանակ է ու անդառնալի։ Բժշկագիտության այս շարունակաբար զարգացող բնագավառում Արտավազդ Սահակյանն իր կարևոր տեղն ու դերն ուներ»։
—————————————
«Եվս մեկ հրաշագործ Բժիշկ կյանքից հեռացավ՝ Արտավազտ Բագրատի Սահակյանը։ Մարդ, ով հազարավոր կյանքեր է փրկել և ով ինձ ասում էր․ “վիրահատարանից ներս Բարձյալն է աշխատում, ոչ թե ես”։ Աստված հոգիդ լուսավորի Բագրատիչ ջան»։- Նարինե Կիրակոսյան
—————————————–
«Մարդուն իր կենդանության օրոք պիտի ասես լավ բառերը, որ զգա, թե ինչքան գնահատված ու սիրելի է: Շատ հուսով եմ, որ երեկ երեկոյան էլ, երբ զրուցում էինք, կարողացա փոխանցել, թե որքան երախտապարտ եմ իրեն իր ամենօրյա հոգատարության համար: Ու ես ընդամենը մեկն եմ հազարավորներից, որոնց առողջության հարցում իր ներդրումը պիտի բազմապատկված վերադառնար իրեն, բայց…»։-Աննա Իսրայելյան
—————————————–
«…Իր տեսակով անկրկնելի,մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով Բժիշկ… Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:
1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն:Խորապես ցավում եմ անդառնալի կորստի կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, կոչումով բժիշկ…»։ Արմեն Մուրադյան
—————————————–
«2012-2015 թվականները Բագրատիչի կլինիկական օրդինատորն էի։ Չգիտեմ ինչ տաղանդի տեր մարդ էր, որ բոլորս վարակվել էինք անմնացորդ նվիրումով։ 12 ժամ վիրահատում էր, ու բնականաբար մենք ամաչում էինք 3 ժամ կանգնելուց հետո տրտնջաինք։Ամեն ամառ տանում էր բոլորիս Ղարաբաղ անվճար բուժօգնության, ու շատ մեծ ոգեւորություն էր բոլորիս համար մաս կազմելը։ Ինքը հանգիստ էր այնքանով, որ գիտեր իրենից հետո թողել է մի մեծ ժառանգություն բժիշկների տեսքով, ովքեր մեկը մեկից լավն են։ Շատ տխուր է, երբ կյանքիդ պատմության լավագույն մարդիկ գնալով պակասում են։»։ Անդրոնիս Ղարիբյան
—————————————
«Իմ ճանաչած վիրտուոզ բժիշիկներից մեկը՝ Artavazd Sahakyanը հեռացավ կյանքից:
– Պարոն Սահակյան, մի երիտասարդ կա, որի ծնողները շա՜տ են ուզում Դուք վիրահատեք իրենց որդուն, բայց չգիտեն ոնց դիմեն, որ չմերժեք)):
– Սովորական ձևով, զանգում են ու ասում՝ ո՞նց դիմենք, որ չմերժեք, ես էլ ասում եմ՝ չմերժեցի, եկեք: Մեր այս դիալոգից հետո, ասաց՝ ես հո անհասանալի աստղ չե՞մ, թող գան, վիրահատենք, ճանապարհենք տուն:
Չի եղել դեպք, որ տարբեր մարդկանց համար խնդրեմ ու մերժի: Էլ չասեմ, թե ինչ բացառիկ ու անիրական թվացող վիրահատություններ էր անում: Շա՜տ ափսոս, շաաա՜տ…: Եզակիները հեռանում են…»։ Նարինե Ղալեչյան
——————————————-
«Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց. խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, 《Արաբկիր》 բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում…
《Արաբկիր》ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։ Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…»։
—————————————–
«Մեծանուն հայ, տաղանդավոր վիրաբույժ, ընկեր, ով անցել է կյանքի այնպիսի ճանապարհ և ունի պատմություն, որի առջև սերունդներ են խոնարհվել։ Պատերազմների հորձանուտներում և խաղաղության տարիներին իր ոսկե ձեռքերով նա նորից կանգնելու, առաջ գնալու ուժ և վստահություն էր տալիս։
Արտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կանգնեց իմ կողքին, երբ վիրավոր էի, կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար։ Խորապես ցավում եմ իմ լավագույն ընկերոջ, մեծանուն հայի մահվան կապակցությամբ։ Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին։ Հավերժ խոնարհում ու պատիվ»։ Սեյրան Օհանյան
————————————–
«ԱՐՑՈՒՆՔԻ ԾՈՎԵՐ ԿՀՈՍԵՆ ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ, ԸՆԴՄԻՇՏ… Օրը շատ ծանր սկսվեց… Չեմ ուզում հավատալ, ինչ անարդար է կյանքը. լավագույնները հեռանում են, բռնում հավերժի ճամփան… Հաստատ դատարկ է մնալու իրենց տեղը… հաստատ քեզ նման փոխարինող չենք գտնի.. գնացիր քեզ հետ տանելով ոսկե ձեռքերդ, որոնք միայն կյանք էին պարգևում ամենադժվար, անհավանական թվացող ծանր դեպքերին... ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱԳՐԱՏԻ ՍԱՀԱԿՅԱՆ. անկրկնելի վիրաբույժ, բոլորին կյանք տվող, բոլորին կյանք վերադարձնող…անկրկնելի ընկեր, մարդ, ով մի փոքր զանգից կարողանում էր աշխարհ շրջել։ Ամեն մի փոքր ու մեծ զանգերիս մշտապես պատասխանող և օգնող մարդ։ Չգիտեմ, բառեր չեմ գտնում բնութագրելու։ Այնքան մեծ վիշտ ու տխրություն պատճառեցիր քո հեռանալով։ Շտապեցիր… Աստված լույսերի մեջ պահի հոգիդ։ Խաղաղ ննջիր, խաղաղվիր։ Երկնքում մի լուսավոր աստղ էլ ավելացրիր…»։ Կարինե Տիտանյան
———————————————–
«Արտո ջան, փրկարար-բժշկապետ-ամենահաս։ Ամենայն հայոց աջակից-փրկարար-բժշկապետ, վիրտուոզ ու հանճարեղ վիրաբույժ՝ երկրաշարժ, պատերազմ, արտակարգ իրավիճակներ, ձանձիր ու դարանակալ առօրյա, նվիրված մարդ, ընտանիքի երիտասարդ նահապետ, հարազատ, բարեկամ: Հացի սեղանի մոտ լինեիր, թե՝ վիրահատական, նվիրումդ, սրտացավությունդ և ուշադրությունդ՝ նույն հոգատարությունն էր ու մասնագիտական-տղամարդկային նվիրվածությունը: Մեզանից պակասեցիր՝ մարդ, ժամանակաշրջան, խորհրդանիշ, մերան։ Էլ չեմ լսի քո՝ ողջույն ամենասիմպատիչնի գեներալին, էլ չեմ պատասխանի՝ բարի ողջույն, ամենայն հայոց բժշկապետ»։- Նիկոլայ Գրիգորյան
——————————————
«Խորը ցավով տեղեկացա Արտավազդ Բագրատի Սահակյանի մահվան լուրին։ Արտավազդ Բագրատովիչը մեր մասնագիտության զարգացման և ձևավորման հիմնադիրն է Հայաստանում։
Տարիներ շարունակ նա կրթել և ոգևորել է բարձր պատրաստվածությամբ մասնագետների բազմաթիվ սերունդներ՝ իր գիտելիքով, փորձով և անսահման նվիրվածությամբ կարևոր ներդրում ունենալով ոլորտի կայացման գործում։ Նրա անձը, մասնագիտական սկզբունքներն ու մանկավարժական ջերմ վերաբերմունքը երկար տարիներ կմնան հիշատակ բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու կամ սովորելու պատիվը։ Արտավազդ Բագրատովիչը դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ, և նրա կորուստը մեծ և անդառնալի է ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ նրա աշակերտների ու ճանաչողների համար։ Խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա բոլոր աշակերտներին։ Թող նրա լուսավոր հիշատակը մնա վառ և ներշնչման աղբյուր բոլորիս համար»»։ Աննա Սարգսյան
———————————-
«Բագրատիչս գնաց…. Մարդ, ով երազում էր ճարտարապետ դառնալու մասին, բայց դարձել էր բժիշկ ու ռեստավրացիա էր անում մարդկանց… Ինքը դեմք էր, բացարձակ արժեք մեր երկրի համար և ոչ միայն։ Պատիվ եմ ունեցել աշխատելու նրա հետ տևական ժամանակ ու ամեն օր զարմանում էի էս մարդու տաղանդից, պատրաստակամությունից. գիշերը 3-ին դեպք էին բերում. արագ գալիս էր, զանգում բոլորին, դեղ ու գործիք կազմակերպում ու սկսում ութ, տասը ժամ վիրահատել, հետո փոքր էրեխու ոգևորությամբ զանգում էր, ասում ոտք եմ կպցրել, թողել էին վթարի տեղը, ուղարկել եմ բերել են, կպցրել եմ…. Աղջիկներ էին գալիս դարի հիվանդությամբ՝ էս փոքրացնենք, էն մեծացնենք, ասում էր գնա դու սիրուն աղջիկ ես, ես ձեռք չեմ տա, գնա, ով ուզումա թող վիրահատի…. Շատ ուրիշ մարդ էր. ամեն տարի թողնում էր ամառվա պիկ սեզոնը ստեղի, դրսերից էկած վճարունակ մարդկանց, գնում էր օրերով Արցախ ու անվճար վիրահատություններ անում… Մի անգամ էլ համերգ էր կազմակերպել սահմանի բերան, ասում էր թող իմանան, որ ստեղ կյանքը եռումա, մարդիկ ապրում են ուրախ ու երջանիկ…. Էնքան բան կա պատմելու Բագրատիչի մասին. առավոտ Ազնավուր էր լսում, հետո մտնում վիրահատարան, Հախվերդյան միացնում ու սկսում ժամերով անտրտունջ վիրահատել…. Ամեն անգամ ասում էր բեր տեսնեմ նոր «Ճարտարապետ»ը , թերթում էր, զմայլվում ու քթի տակ պարտադիր ասում, – ախր ես պիտի ճարտարապետ դառնայի,,,, Կկարոտեմ շատ… Իրական լեգենդ, հանճարեղ բժիշկ ու մեծատառով ՄԱՐԴ՝ Արտավազդ Բագրատի Սահակյան, անուն, որը լիքը ընտանիքներում երջանկության ցուցիչ ա …. Ցավակցում եմ Aram Sahakyan ջան,,,, »։. Ռոզա Սամվելյան
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱԳՐԱՏԻ (ծնվ. 1953թ., Նոյեմբերյան), պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1985թ-ից մինչ օրս ԱՆ-ի գլխավոր մասնագետ է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության գծով, 1996 թ. առ այսօր ղեկավարում է 1-ին համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան, ինչպես նաև՝ ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը, 2011թ-ից մինչ օրս ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական` կլինիկական գծով:
1969թ.-ին ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, 1975 թ-ին` ԵՊԲԻ Բուժական ֆակուլտետը, 1976 թ-ին` ինտերնատուրան:
1976թ աշխատել է Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, 1976-1982թթ` Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի 15-րդ, 16-րդ հիվանդանոցներում` որպես ընդհանուր վիրաբույժ, բաժնի վարիչի պաշտոնակատար:
1982-1984թթ սովորել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում:
1984-1989թթ եղել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար:
1989թ.-ին Մոսկվայում պաշտպանել է «Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա» թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1986թ.-ին պրոֆ. Ալ.Միքայելյանի հետ կատարել է երիկամի առաջին տրանսպլանտացիան:
1990-1994թթ.-ին մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին, աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում և ռազմական հոսպիտալում:
1990թ.-ի դեկտեմբերին Փարիզում ՀՀ վարչապետի անունից բանակցություններ է վարել Իրանի առողջապահության նախարար, պրոֆեսոր Ֆազելի հետ (Պատրիկ Դևեջյանի միջնորդությամբ):
1995-1999 թթ.-ին եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:
1996-2008թթ.-ին եղել է համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրեն:
1996-1998թթ-ին եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանվածության վարչության պետ, ՀՀ նախագահին կից ազատամարտիկների բուժման հանձնաժողովի անդամ:
Սկսած 1984թ.-ից՝ մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների Մոսկվայում, Թբիլիսիում, Թեհրանում, Փարիզում, Աթենքում (Լարիսա), Բեռնում, Ամստերդամում, Լոս Անջելեսում, Ռոչեստերում /ԱՄՆ/:
Պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մխիթար Հերացի» մեդալով (1998թ), ԼՂՀ Նախագահի կողմից «Արիության մեդալով» (2000թ), Ֆրիտյոֆ Նանսենի մեդալով (2003թ), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2007թ), ԵՊԲՀ-ի ոսկե մեդալով (3 անգամ), ԱՆ պատվոգրերով, ՀՀ նախագահի կողմից Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով (2010թ), ԼՂՀ նախագահի կողմից «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (2011թ), ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալով (2011թ), ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» (2012թ) և «Զինված ուժերի 20 տարի» (2013թ) մեդալներով, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով:
2014թ.-ին արժանացել է Վաստակավոր բժշկի կոչմանը:
Հեղինակ է 200-ից ավելի գիտական հոդվածների և 7 գյուտի:
«ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի խմբագրակազմը միանում է բոլոր ցավակցություներին։ Հայ ազգը կորցրեց իր մեծանուն զավակներից մեկին։ Աստված հոգին լուսավորի։



