Այսօր Լոնդոնում կներկայացվի Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան «Սփիւռքեան հեռանկարներ» նոր նախաձեռնությունը, որի մասին երեկ կայացած մամլո առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնարկութեան Հայկական բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ Նման հարթակի ստեղծման գաղափարը ծագել է դեռեւս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ ի հայտ են եկել հայությանը հուզող մի շարք կարեւոր հարցեր։ Այդ ընթացքում Ժնեւի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չըթըրյանի հետ քննարկումների արդյունքում, ծագել է նման հարթակի ստեղծման գաղափարը։ Աշխատանքները սկսվել են եւ այս տարի Վիգեն Չըթըրյանի խմբագրությամբ լույս են տեսել ակադեմիական մակարդակի, արժեքավոր «44 պարտություն» եւ «Կոտրված վահան» գրքերը, որոնցում տարբեր հեղինակների վերլուծական հոդվածների միջոցով անդրադարձել են այն հիմնական հարցերին, որոնք հուզում են հետպատերազմական հասարակությանը։
Ինչպես այս կատարված աշխատանքը, այնպես էլ 2019 թվականին սկսված եւ 2023-ին ավարտած սփյուռքի հարցախույզը (որի ընթացքում հարցման են ենթարկվել 13 հազար սփյուռքահայեր), պետք է դրվեն ստեղծվող նոր հարթակի աշխատանքների հիմքում։
Ռազմիկ Փանոսյանի ասելով, այդ ամենի արդյունքները պետք է լուրջ վերլուծության ենթարկվեն եւ հետեւություններ արվեն։ Հիմնական ուղղությունները պետք է լինեն Սփյուռքը եւ Հայաստանը։ Նրա ասելով, գլխավորապես պետք է անդրադառնան սփյուռքի վերազգային հարցերին, թե ինչպես պետք է սփյուռքն սկսի ինքն իր զարգացման մասին մտածել։ «Սա ոչ միայն հետազոտական, այլեւ ապագային ուղղված ծրագիր է»,- ասաց հիմնարկության տնօրենը։
«Սփյուռքյան հեռանկարներ» նախագծի տնօրեն Վիգեն Չըթըրյանը նախ նշեց, որ սփյուռքն ինքնին կարեւոր արժեք է հայության համար՝ մշակութային եւ պատմական արժեք։ Ուստի նկատի ունենալով անցած երեսուն տարիների դասերը, պետք է խորապես ուսումնասիրել, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ որո՞նք են այսօրվ մարտահրավերները։

Սփյուռքը ոչ միայն փոփոխվել է, այլեւ տեղափոխվել է, նկատի ուենալով Միջին Արեւելքի շատ հայկական համայնքների ներկա վիճակը, հայության արտագաղթը այլ երկրներ։ Նաեւ նոր համայնքներ են ստեղծվել եւ այս ամենը թեեւ շատ տեղերում թուլացրել է, բայցեւ նոր հնարավորություններ է ստեղծել։ Այժմ նախագծի նպատակն է, որպեսզի ուսումնասիրեն այդ փոփոխությունները եւ նախանշվեն իրական մտահոգությունները։
Նրա կարծիքով, Հայաստանում կատարվող իրադարձություններին պետք է նայել դրսից, քանի որ Երեւանից այլ կերպ են մեկնաբանում այնտեղ զարգացող ընթացքները։
Նախագծի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում սփյուռքի կարեւոր կազմակերպությունների ու անհատների հետ, լսելու են տարբեր կարծիքներ, հաշվի առնեն առաջարկները, միաժամանակ առանց քաղաքականացնելու եւ քաղաքական գնահատականներ տալու։
Մեր հարցն էր, թե որքանո՞վ է ապահովվելու կատարված աշխատանքի ազդեցությունը սփյուռքյան լայն շրջանակների վրա, քանի որ անցյալում նմանատիպ այլ նախագծեր են արվել, սակայն այդպես էլ տարածում չեն ստացել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում։
Վիգեն Չըթըրյանը նշեց, որ նախեւառաջ պետք է պարզեն, թե որոնք են գլխավոր հարցերը եւ մտահոգությունները, քանի որ շատ բան այսօր խճողված վիճակում է։ «Մենք պետք է պայքարենք, որ մեր աշխատանքի արդյունքները հասանելի դառնան շատ մարդկանց, եւ հուսով եմ, որ կլինենք Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կարեւոր կամուրջներից մեկը»,- ասաց նա։
Ռազմիկ Փանոսյանը շարունակելով հարցի պատասխանը, նշեց, որ լուրջ ազդեցություն ունեալու համար, աշխատանքի պարունակությունը, բովանդակությունը պետք է զորավոր հիմերի վրա դրվի։ Այդ իսկ պատճառով էլ այս նախաձեռնության ղեկավարումը վստահվել է ակադեմիական փորձառությամբ մեկին՝ Վիգեն Չըթըրյանին։ Հաջորդը, նախաձեռնությունը կարող է եւ պետք է քաղաքական ազդեցություն ունենա, սակայն քաղաքական գործունեություն չի ծավալելու, քանի որ Կիւլպէնկեան հիմնարկությունը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։ Բայց նախագիծը տարբեր գաղափարական մարդկանց կարող է հավաքել որոշակի արժեքների շուրջ, որն էլ հերթին կբերի արդյունքի։ Ընդհանրապես, դժվար է շատ արագ որեւէ արդյունք ակնկալել, քանի որ ինչպես Փանոսյանն է նշում, մի քանի տարի կտեւի, մինչեւ կատարվածի ազդեցությունը տեսանելի լինի եւ համապատասխանի համահայկական ընդգրկումին։
Պատասխանելով այլ հարցերի, ծրագրի պատասխանատուները նշեցին, որ իրենք բաց են համագործակցության համար, թե՛ Հայաստանի եւ թե՛ սփյուռքի ղեկավար կառույցների ու հանրության հետ։ Ըստ Չըթըրյանի, կարեւոր է նաեւ, թե Արեւմուտքում հայկական սփյուռքը ի՞նչ դեր կարող է կատարել, ի՞նչ «լեզվով» պետք է խոսի։ Նաեւ հայկական տարբեր քաղաքական ուժեր, կրելով տարբեր հայացքներ, պետք է կարողանան իրար հետ համագործակցել՝ զարգացնելով քաղաքական մշակույթը, անդրադառնալով նաեւ այլ կարեւոր թեմաների, ինչպիսիք են կրթությունը, հայկական կազմակերպությունների վիճակը, մշակույթը, սպորտը, նույնիսկ խոհանոցը։ Այս նպատակով, մի քանի ամիս անց կկազմակերպեն նաեւ առցանց սեմինարներ, հանդիպումներ, լրագրողական եւ ակադեմիական հետազոտություններ։ Նախաձեռնությունն առայժմ որեւէ գրասենյակ չի ունենա ոչ արտերկրում, եւ ոչ էլ Հայաստանում, այլ ամեն ինչ կհամակարգվի հեռահար ռեժիմով։
Իր հերթին Ռազմիկ Փանոսյանն ընդգծեց, որ թեեւ հիմնադրամն է այս նախաձեռնության ֆինանսավորողն ու աջակիցը, սակայն հետազոտությունների վերջնական արդյունքների վրա իրենք չեն ազդելու՝ նույնիսկ տարբերվող կարծիք ունենալու դեպքում։
Վիգեն Չըթըրյանն էլ ավելացրեց, որ իհարկե, սփյուռքի բոլոր խավերին իրենք չեն կարող հասնել, քանի որ իրենց միջոցները սահմանափակ են, բայց համագործակցելու են մասնագետների հետ, եւ հնարավորությունները պետք է ճիշտ ձեւով օգտագործեն։
Իհարկե, այս նախաձեռնությունը թե՛ իր բնույթով, եւ թե՛ աշխարհագրությամբ կարեւոր խթան կարող է հանդիսանալ համազգային հարցերի շուրջ Սփյուռք-Հայաստան ընդհանուր հայտարարի գալու եւ համատեղ ծրագրեր մշակելու գործում։ Նույնիսկ կարելի է ասել՝ այս հարցում ուշացել ենք, քանի որ ներկա պահին համազգային որեւէ հարթակ չկա, որը միավորի Հայաստանն ու Սփյուռքը, եւ նախանշնի մեր ազգային առաջնահերթությունները։ Հուսանք, այս նոր հարթակը ինչ որ չափով կլրացնի այդ բացը։
Իսկ մինչ այդ, այսօր Լոնդոնում նախաձեռնության ղեկավարները՝ Ռազմիկ Փանոսյանն ու Վիգեն Չըթըրյանը պաշտոնապես կներկայացնեն նախագիծը, որի մասին արդեն իսկ տեղյակ են պահել սփյուռքի կարեւոր կազմակերպություններին, ինչպես նաեւ հանդիպումների միջոցով կներկայացնեն Հայաստանում, այդ թվում՝ սփյուռքի հարցերով հանձնակատարին։ Լոնդոնյան շնորհանդեսին Ռազմիկ Փանոսյանին եւ Վիգեն Չըթըրյանին կմիանա նաեւ London School of Economics and Political Science ինստիտուտի Ընկերային քաղաքականության բաժինի դասախոս Արմինե Իշխանյանը։
Առցանց հանդիպմանը կարող եք հետեւել հետեւյալ հղումով՝ Լոնդոնի ժամով 17.30-ին, այս կապով. https://gulbenkian.pt/en/agenda/launch-of-diasporan-perspectives/
Ավելացնենք նաեւ, որ նախաձեռնության կայքէջն է DIASPORAN PERSPECTIVES – The Gulbenkian Initiative on Armenian Issues
Մեր կողմից հաջողություն ենք մաղթում այս նախաձեռնությանը եւ անվերապահ աջակցություն հայտնում։
Հակոբ Ասատրյան
Պրահա



