Մանսուրյանի հոգեւոր օրհներգը կրկին հնչեց Բռնոյում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Լինցի երգչախմբի եւ բարիտոն Ակսել Դավեյանի հիանալի կատարմամբ. բացառիկ զրույցներ համերգից հետո

  • 09.11.2025
  • 0
  • 604 Views

Նոյեմբերի 6-ին և 7-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիայի դահլիճը՝ Բեսեդնի դումը, կրկին հայկական մշակույթի փոքրիկ օազիսի էր վերծավել։ Բռնոյի ֆիլհարմոնիկը  Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ. Նավապետ Բարի» ստեղծագործությունը արդեն երկորդ անգամ դարձրել էր  փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկը։  Դիրիժորական վահանակի մոտ էր  մաեստրո Դենիս Ռասսել Դեյվիսը, մենակատարը կրկին հայ բարիտոն Ակսել Դավեյանն էր, իսկ երգչախումբն այս անգամ ավստրիական Լինցի «HardChor»ն էր։

Խորհրդանշական էր համերգի սկիզբը։ Կազմակերպիչները փորձել էին հայկական եկեղեցիների մթնոլորտը փոխանցել՝ անջատելով դահլիճի լույսերը։ ֆիլհարմոնիայի կիսախավար դահլիճում նախ կատարվեց Մանսուրյանի թիվ 2 տաղը, ապա սահուն անցում կատարվեց «Օրհներգ. Նավապետ Բարի»ին, եւ Ակսել Դավեյանը մթության մեջ երգելով մտավ բեմ։ Իրականում դա աղոթք էր, ոչ թե երգ,  իսկ երգչախումբը հայերենով հմտորեն ձայնակցեց հայ երգչին։ Ակսելի կատարումը բավական չէ ասել հիանալի էր, այն խորը ապրումներով կատարում էր, որը հուզեց դահլիճում նստած յուրաքանչյուրին։ Կատարյալ էր նաեւ երգչի եւ երգչախմբի ներդաշնակ երգեցողությունը։ Այնպիսի տպավորություն էր, որ նրանք բազմիցս միասին հանդես են եկել, այնինչ ընդամենը մեկ փորձի հնարավորություն էին ունեցել։

Համերգից հետո, նախ դիրիժոր Դենիս Ռասսել Դեյվիսը կիսվեց իր տպավորություններով, համեմատելով  երեք  տարի առաջվա եւ օրվա կատարումները.  «Ինձ համար շատ կարեւոր էր, որ երկու կատարումների միջեւ «մարսելու» ժամանակ ունեցա։ Ավելին, երկրորդ անգամվա կատարումը արդեն որոշակի փորձառությամբ էր, եւ իմ կարծիքով այս երկրորդ կատարումն ավելի լավ էր։ Իսկ ինչ վերաբերում է Ակսելին, ապա նրան շատ մեծ կարիերա է սպասվում, այստեղ հարցեր չկան»։

Բռնոյի ֆիլհարմոնիայի դրամատուրգ Վիտեզսլավ Միկեշը պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի Մանսուրյանի երաժշտությունն իրենց համար, ասաց. «Կենդանի կոմպոզիտորի հետ յուրաքանչյուր շփում անսովոր բան է, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգացնել տարբեր գաղափարներ: Իսկ երբ դա նաև շփում է Տիգրան Մանսուրյանի նման անհատականության հետ, այն ավելի անսովոր է: Մեզ համար  պատիվ է, որ մենք կարողացանք շփվել նրա հետ, եւ նա երկու անգամ անձամբ այցելել է Բռնո եւ իր հրաշալի ստեղծագործություններից երկուսը նվիրել է Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Մեր նվագախմբի համար նաև ինչ որ տեղ  պարտավորություն է շարունակել տարածել այդ ստեղծագործությունները»:

Այն հարցին, թե ինչո՞ւ այս անգամ Բռնոյի նվագախմբին փոխարինեց  ավստրիական Լինցի «HardChor» երգչախումը, ըստ Միկեշի՝ «երգչախումբը գործում է  Ավստրիայի Լինց քաղաքում, որտեղ ապրում է նաև մեր գլխավոր դիրիժոր Դենիս Ռասել Դեյվիսը: Նա շատ լավ գիտի երգչախումբը, որի հետ սիրով աշխատում է, այդ իսկ պատճառով այս անգամ մենք հրավիրեցինք այս երգչախմբին»:

 «Ապագայում հայկական երաժշտությունը, անշուշտ, կշարունակի հայտնվել մեր համերգաշրջանում կամ մեր փառատոներում: Անձամբ ես այն շատ եմ սիրում, հատկապես Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, բայց նաև Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների երաժշտությունը: Ավելին, գիտեմ, որ մեր հանդիսատեսը նույնպես հրաշալիորեն արձագանքում է դրան: Եվ մենք անպայման հայ կատարողներին կհրավիրենք Բռնո»,- ասաց դրամատուրգ Միկեշը՝ պատասխանելով Հայաստանի  հետ ապագա համագործակցության մասին հարցին:

Նույն հարցով դիմեցինք նաեւ բարիտոն Ակսել Դավեյանին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Բռնոյի ֆիլհարմոնիան  կրկին անդրադարձավ Մանսուրյանի այս գործին։ Ակսել Դավեյանը  մեզ հետ կիսվեց իր կարծիքով.

«Տիգրան Մանսուրյանը մեծություն է եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր, եւ բնական է , որ նրա ստեղծագործությունը գրավում է օտարներին։ Կարծեմ այս ստեղծագործությունը գրվել էր հենց Բռնոյի ֆիլհարմոնիկի պատվերով, իրենց «ստեղծագործությունն է» եւ բնական է, կուզեին նորից ներկայացնել։ Իմ կարծիքով, հայ հոգեւոր երաժշտության ոճով գրված այս ստեղածգործությունը, չէր կարող անտարբեր թողնել հանդիսատեսին։ Նրանցից շատերի համար միգուցե նորություն էր եւ իր գեղեցկությամբ բնականաբար պետք է հրապուրեր, հուզեր ու հիացներ, իսկ նրանց համար, ովքեր ծանոթ էին , ապա ավելի հուզիչ պետք է լիներ այս ստեղծագործության կատարումը։ Եվ պատահական չէ, որ ֆիլմհարմոնիան երկու համերգով է  այս ստեղծագործությունը կրկին ներկայացրել։ Ու եթե նախորդ անգամ եկեղեցում էր, ապա այս անգամ բուն ֆիլհարմոնիայի դահլիճում»։  

Երեք տարի առաջ Ակսելը ելույթ էր ունեցել Բռնոյի երգչախմբի հետ, այս անգամ՝  Լինցի։ Արդյո՞ք տարբերություն զգացել է, հարցիս պատասխանում է. «Չեմ կարող ասել, որ տարբերություն զգացի, քանի որ երկու երգչախմբերը պատվով կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը, հատկապես հայերեն արտասանության առումով, եւ երկրորդը՝ Մանսուրյանի երաժշտությանն անհրաժեշտ գույնը հաղորդելու ու  կատարողական վարպետություն ցույց տալու հարցում։ Նախորդ համերգը երեք տարի առաջ էր, մանրամասները լավ չեմ հիշում, բայց Լինցի երգչախմբի այսօրվա կատրումը շատ տպավորիչ էր ու հուզիչ, երգչախմբային գույն ուներ, եւ շատ հարուստ ու գեղեցիկ էր հնչում ֆիլհարմոնիայի դահլիճում»։

Դիրիժորի եւ ֆիլհարմոնիայի  հետ հայ երգչի  համագործակցությունը շարունակական կլինի՞ հարցիս էլ նա պատասխանում է. «Այն, որ երկրորդ անգամ արդեն այստեղ եմ, դա վկայում է, որ մեր համագործակցությունը շարունակություն ունի։ Անկեղծորեն, նախորդ անգամ էլ շատ ջերմ ընդունելության եմ արժանացել այստեղ, թե՛ դիրիժորի, եւ թե՛ ֆիլհարմոնիայի ողջ անձնակազմի կողմից։ Ուստի այս անգամ էլ մեծ ուրախությամբ ընդունեցի իրենց հետ երգելու հրավերը։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել։ Չգիտեմ, եթե իրենք ցանկություն կունենան շարունակել այլ ստեղծագործությունների շրջանակում  համագործակցությունը, բայց  ես մեծ սիրով եւ մեծ պատասխանատվությամբ կգամ եւ կմասնակցեմ»։

Օգտվելով առիթից, որ նախորդ՝ ցյուրիխյան մեր զրույցից երկու տարի է անցել, Ակսելից փորձեցինք պարզել, թե ի՞նչ հաջողություններ է ունեցել այս ընթացքում։ «2024-ին ավարտեցի կրթությունս Ցյուրիխի օպերային ստուդիայում, եւ միանգամից մենակատարի մշտական աշխատանքի հրավեր ստացա գերմանական Օլդենբուրգի պետական թատրոնից։ Թեեւ քաղաքը փոքր է, գտնվում է Գերմանիայի հյուսիս-արեւմուտքում, բայց նույնիսկ այդ փոքր թատրոնը ինձ համար շատ լավ տեղ է՝ իբրեւ  պրոֆեսիոնալ կարիերա սկսող երգիչ՝ կոփվելու եւ դերեր պատրաստելու, մեծ միջազգային բեմերին ներկայանալու առումով, եւ այդ պատճառով որոշեցի ընդունել այդ առաջարկը եւ տեղափոխվեցի Գերմանիա։ 2024-2025թթ.  համերգաշրջանի ընթացքում նաեւ հանդես եկա Բադեն Բադենի Զատկական փառատոնի շրջանակներում, այնտեղ շատ մեծ նախագիծ իրականացրին՝ Մադամ Բատերֆլայի ներկայացումը, որը կատարեց  Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը Կիրիլ Պետրենկոյի ղեկավարությամբ՝ օպերային աստղերի մասնակցությամբ։ Ես այնտեղ փոքր, բայց կարեւոր դեբյուտային դեր կատարեցի՝ ճապոնացի արքայզն Յամադորիի դերերգը։ Դրան հետեւեց ներկայացման համերգային կատարումները Բեռլինի ֆիլհարմոնիկի բեմում։ Դա շատ նշանակալի իրադարձություն էր ինձ համար։ Այդ ելույթիս հաջորդել էր անգլիական Գլայնբուրնի փառատոնում երկամսյա աշխատանքս՝ «Լա Բոհեմ» օպերայում մարմնավորելով Մարչելլոյի դերերգը։ Թե՛ դերը, թե՛ երկիրն ու թատրոնը նույնպես դեբյուտ էին ինձ համար։ Դրան շատ երկար էի սպասել, եւ շատ ուրախ եմ, որ շատ հաջող ընթացավ։ Հուսամ, որ նորից հնարավորություն կլինի Գլայնբուրնի բեմ վերադառանալ՝ արդեն մեկ այլ բեմադրությամբ ու դերերգով։

Այդ ընթացքում նաեւ Լեհաստանում մասնակցեցի Ստանիսլավ Մոնիուշկոյի անվան 12-րդ միջազգային վոկալ մրցույթին, որտեղ ստացա 3-րդ տեղի մրցանակը եւ թվով 5 այլ մրցանակներ, որոնցից ամենակարեւորը՝ հանդիսատեսի մրցանակն էր։ Ապագայի հարցում, արդեն իսկ մի քանի առաջարկներ կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են։

Գալիք մայիսին 2026-ին Օլդենբուրգում կբեմադրվի Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը» եւ ես կկատրեմ Ֆիգարոյի դերերգը, այնուհետեւ նույն դերերգով հանդես կգամ նաեւ Բոննի թատրոնում, որտեղ մեծ ուրախությամբ մեկ օրով փոխարինելու եմ իմ լավ ընկերոջը՝ Գրիշա Մարտիրոսյանին։ Նա պետք է երգի բոլոր ներկայացումները եւ միայն մեկ օրը  ես իրեն պետք է փոխարինեմ։ Ելույթներ ունեմ նաեւ Ֆինլանդիայում, Լեհաստանում, հունիսին նաեւ՝ Ցյուրիխի օպերային թատրոնում»,- եզրափակեց մեր զրույցը Ակսել Դավեյանը։

Վերադառնալով Բռնոյի համերգին, ավելացնենք, որ երկորդ բաժնում նշվեց էստոնացի հայտնի կոմպոզիտոր Արվո Պարտի 90-ամյակը, կատարվեցին նրա ստեղծագործություններից։ Իսկ համերգից առաջ հանդիսատեսի հետ հանդիպման ընթացքում դրամատուրգ Վիտեժսլավ Միկեշը ներկայացվեց ոչ միայն Արվո Պարտին նվիրված գիրքը, այլեւ պատմեց Պարտի եւ Մանսուրյանի  բարեկամության մասին։ Ի դեպ, փառատոնի շրջանակներում թողարկել էին նաեւ կարճաթեւ շապիկներ, որոնց երկու կողմերում դրոշմված էին հայտնի կոմպոզիտորների անուն-ազգանունները, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյան ու Արվո Պարտ։

Վերջում նշենք, որ համերգները տեղի ունեցան Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո եւ հայ դիվանագետների ներկայությամբ։

Հակոբ Ասատրյան,

Բռնո-Պրահա

Լուսանկարները՝ Jakub Joch-ի

Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում