Քոչարն ու հայ ժամանակակից նկարիչները Պրահայում. Հայ մշակույթի ներկայացում Ազգային փոքրամասնությունների տանը

  • 24.10.2025
  • 0
  • 285 Views

Հոկտեմբերի 22-ին Պրահայի Ազգային փոքրամասնությունների տանը բացվեց հայաստանցի 7 նկարիչների 30 գործերի ցուցահանդեսը։ Սրահում ցուցադրված էին Ռուբեն Քոչարի, Անի Հովակի, Արմեն Թորոսի Բոյախչյանի, Լազար Ղազարյանի,  Գարրի Արզումանյանի, Մարիամ Համբարյանի, Անատոլի Պապանյանի  գեղեցիկ աշխատանքները։

Ինչպես բացման խոսքում նշեց  չեխական ՉԱՐՄ (ČARM) հասարակական կազմակերպության ղեկավար Բելլա Կնյազչյանը, իրենց նպատակն է ներկայացնել հայկական արվեստն ու մշակույթը, կապեր ստեղծել Հայաստանի ու Չեխիայի միջեւ։

Այնուհետեւ հարթակը տրամադրվեց ձեռնարկի մյուս համակազմակերպիչներին՝  Armenian Artists Project  բարեգործական առցանց պատկերասրահի (ԱՄՆ) հիմնադիր տնօրեն Նարինե Քոչարին եւ  «Քոչար» մշակութային հիմնադրամի հիմնադիր, կինոռեժիսոր Ռուբեն Քոչարին։

Նարինե Քոչարը տեսասալիկների միջոցով ներկայացրեց իրենց բարեգործական պատկերասրահի եւ armenianartistsproject.org կայքէջի գործունեությունը։ Պատկերասրահում ներկայացված են հայաստանցի 200 արվեստագետների 3000-ից ավելի աշխատանքներ։  Կազմակերպությունը հիմնվել է 2018 թվականին ամերիկյան Սան Դիեգո քաղաքում եւ ներկայացնում է բացառապես հայաստանցի նկարիչների աշխատանքները, նպաատակ ունենալով հայ արվեստը տարածել ողջ աշխարհում։ Հետեւաբար օրվա ցուցահանդես-վաճառքն էլ այդ նպատակով է, որպեսզի հնարավորինս օտար ափերում ծանոթանան հայ արվեստագետների աշխատանքներին։ Վաճառված աշխատանքների 42.5 տոկոսը տրվում է նկարչին, 42.5 տոկոսը՝ բարեգործական նպատակների համար, իսկ 15 տոկոսը կայքէջի ծախսերը հոգալու համար։ Ցանկացած նկարի գնորդ դառնում է բարեգործության մասնակից։

«Երբ սփյուռքում որեւէ մեկը ձեռք է բերում արվեստի գործ, նա այդպիսով մասնակից է դառնում Հայաստանում իրականացվող մեր բարեգործական ծրագրերին։ Վերջին 4.5 տարիների ընթացքում արդեն վաճառվել է 150-ից ավելի աշխատանք, որոնք նպատակաուղղվել են ամենատարբեր բարեգործական ծրագրերի»,- ասում է Նարինե Քոչարը։

Կայքէջի երրորդ ամյակին Երեաւնում բացվել է նաեւ Armenian Artists Project-ի   հիմնադիր,  երջանկահիշատակ Ջիմ Մուրադիկի անունով Արվեստի կենտրոն։

Այնուհետեւ ելույթ ունեցավ հանրահայտ նկարիչ եւ քանդակագործ  Երվանդ Քոչարի որդին՝ հայտնի կինոռեժիսոր, Քոչար հիմնադրամի հիմնադիր, Երեաւնի օպերային թատրոնի բեմադրիչ Ռուբեն Քոչարը, որի երեք գեղանկարները  ցուցադրվում էին  սրահում։

Ռուբենը ներկայացրեց հոր մասին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում էր Երվանդ Քոչար արվեստագետի ստեղծագործության եւ մասնավորապես՝ նրա տարածական նկարչության նշանակության մասին։ Եվրոպական եւ համաշխարհային նկարչության մեջ նրա բերած նոր ուղղությունը եւ ժամանակի մամուլի տված բարձր գնահատականները։

Ֆիլմի դիտումից հետո, բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին, իսկ գեղանկարիչ, երգչուհի Անի Հովակը, որի գեղեցիկ նկարները նույնպես ցուցադրվում էին, անակնկալ մատուցեց եւ Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իս» երգի կատարմամբ հիացրեց ներկաներին։

Ձեռնարկի վերջում ներկաները համտեսեցին հայկական թխվածք ու գինի, շփվեցին Հայաստանից ժամանած հյուրերի հետ, ապահովելվով ջերմ ու անմիջական մթնոլորտ։

Հայկական արվեստին նվիրված մշակութային ձեռնարկն ավարտվեց հաջողությամբ։ Ավելի մանրամասն նախագծի մասին՝ կարդացեք մեր ամսագրում։

Orer.eu

 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում