Լույս է տեսել Արմինե Տիգրանյանի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ․ Մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» մենագրությունը

  • 26.09.2025
  • 0
  • 594 Views

Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային ժառանգության միջազգային փորձագետ՝ Արմինե Տիգրանյանի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ․ Մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» մենագրությունը։

Մենագրությունը նվիրված է 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, ռասայական ատելության, խտրականության և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետևանքով իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի բազմակողմ խախտումների ուսումնասիրությանը և դրանց պաշտպանության մեխանիզմների ներկայացմանը։ 

2020–2023 թվականներին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների և ուղեկցող էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, խոշտանգումների, քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման, մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման, խաղաղ բնակչության սպանությունների, բռնությունների, գերեվարության, ինչպես նաև վախի, հուսալքության և ռասայական խտրականության տարածման հետևանքով խաթարվեց կյանքի հիմնարար իրավունքի իրացումը: Դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը՝ ավելի քան 150․000 մարդ, բռնի տեղահանվեց և ժամանակավորապես տեղակայվեց ՀՀ տարբեր շրջաններում։

Աշխատանքում հիմնվելով մշակույթի իրավունքի պաշտպանության միջազգային նորմերի, զեկույցների, բանաձևերի և տեսական աղբյուրների համեմատական և քննական վելուծության վրա՝ ներկայացվում են մշակույթի իրավունքի հայեցակարգային շրջանակը, դրա հիմնական բաղադրատարրերը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքին մասնակցության պայմանները և այդ մասնակցության խոչընդոտման հետևանքները։

Վերլուծվում են արցախահայության մշակույթի իրավունքի խախտումները, որոնք տեղի են ունեցել զինված բախումների, բռնի տեղահանության, մշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման, խեղաթյուրման, ոչ նյութական ժառանգության պահպանման ու վերստեղծման խափանման, Արցախի բնապատմական միջավայրից օտարման և ժառանգության տարածքներ մուտքի արգելքի հետևանքով։

Անդրադարձ է կատարվում նաև բռնի տեղահանության միջազգային արգելքներին և դրա երկարաժամկետ բացասական ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի մշակութային համայնքների կազմաքանդման համատեքստում։ Լեռնային Ղարաբաղի Հադրութի և Շուշիի շրջաններից բռնի  տեղահանված  արցախահայության հետ խորացված և ֆոկուս-խմբային հարցազրույցների վերլուծության միջոցով ներկայացվում են ինքնության պահպանմանն ու շարունակականությանը սպառնացող  համակարգային խնդիրները, որոնք պայմանավորված են նյութական, ոչ նյութական և բնական ժառանգությունից հարկադիր օտարմամբ և ավանդական կենսակերպի խեղաթյուրմամբ։ Աշխատանքում միջազգային իրավունքի գործող մեխանիզմների հիման վրա ձևակերպվում են Ադրբեջանի պարտավորությունները՝ հարգել, երաշխավորել և պաշտպանել արցախահայերի մշակույթի իրավունքը։

Գիրքը հասցեագրված է մարդու իրավունքների, մշակույթի իրավունքի և բռնի տեղահանության տեսա-իրավական խնդիրներով զբաղվող մասնագետներին, պետական ու հասարակական կազմակերպությունների, գիտական և կրթական կենտրոններին, ինչպես նաև արցախահայության մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ ընթերցող լայն շրջանակին։

Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումները պատերազմների և բռնի տեղահանության համատեքստում դրսևորվել են բազմաբնույթ ձևերով: Դրանք ներառում են՝ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների ոչնչացումը, յուրացումն ու պղծումը, ժառանգության հետ հաղորդակցության կասեցումը, անօրինական վերականգնումներն ու խեղաթյուրումները, ոչ նյութական մշակութային պրակտիկաների դադարեցումը, բնապատմական լանդշաֆտից բռնի հեռացումը,  ինքնության շարունակականության խաթարումը և այլ դրսևորումներ։

Հարկ է շեշտել, որ մշակութային ցանկացած արժեքի հանդեպ անհանդուրժողականությունը խաթարում է ժառանգության պահպանման, կենսունակության ապահովման և սերունդներին անխաթար փոխանցման հիմնական գործառույթները: Իսկ արցախահայերի դեպքում այն ոչ միայն վտանգում է  ժառանգության պահպանությունը, այլև զրկում է նրանց սեփական մշակութային միջավայրով ապրելու, զարգանալու և այն լիարժեքորեն վայելելու հնարավորությունից:

Ադրբեջանի խտրական այս քաղաքականության գերնպատակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքի նվաճումն էր և մշակութային ժառանգության ոչնչացմամբ հայ ժողովրդի պատմական ներկայության ժխտումը, այլև Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը  իրենց պատմական հայրենիքից:

Մենագրության փաստական նյութը հստակ վկայում է, որ արցախահայերի՝ իրենց ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է թե՛ խորհրդային, թե՛անկախ Ադրբեջանի շրջանում և մեծ թափով շարունակվում է անարգվել նաև մեր օրերում։ Ադրբեջանը հետևողականորեն իրականացրել է հայկականության ապացույցների կեղծման և բաղձալի տարածքի էթնիկ կազմի փոփոխության քաղաքականություն՝ այն դրսևորելով ինչպես թվացյալ «խաղաղության» պայմաններում, այնպես էլ արյունալի պատերազմների ընթացքում՝ մշտապես կիրառելով մշակութասպան գործելաոճ։

Վերլուծության արդյունքները փաստում են, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խթանվող Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը, որը ներառում է եկեղեցիների, խաչքարերի, պատմական գերեզմանոցների, թաղամասերի ու գյուղերի հիմնահատակ ավերումը, ինչեպս նաև Արցախյան ազատամարտին, վերջինիս հերոսներին, Հայոց Ցեղասպանությանը, Հայրենական մեծ պատերազմին, գրական, թատերական, երաժշտական գործիչներին նվիրված հուշարձանների, թանգարանների հավաքածուների և այլ արժեքների ոչնչացումը, ոչ միայն ուղղակիորեն վնասում է ժառանգությանը,  այլև լրջորեն խաթարում է մարդկանց իրավունքների իրացման հնարավորությունները:

Միջնադարյան հայկական եկեղեցիների յուրացումը, պղծումն ու գործառույթի փոփոխումը, ինչպես նաև դրանք այլ համայնքների վերագրելը՝ աղվանացնելով կամ իսլամացնելով, իրականում ժխտում են Արցախի պատմական հայկական արմատները: Այդ գործընթացը կասեցնում է արժեքների իսկությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու հնարավորությունը։ Այս համատեքստում ժառանգության հանդեպ թշնամական վերաբերմունքը միայն մշակութային հարձակում չէ, այլև քաղաքականություն, որը մերժում է ինքնությունը, ինչպես նաև անհատական ու խմբային իրավունքները:

Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ մշակույթի իրավունքը ոչ միայն անհատների և համայնքների զարգացման, այլև աշխարհայացքի ձևավորման ու գոյապահպանման հիմնարար երաշխիքներից է։

Մշակույթի իրավունքի իրացումը ենթադրում է նաև համայնքի մշակութային կյանքում մասնակցության և ներդրման հնարավորությունը: Այս դիտանկյունից ակնհայտ է, որ բռնի տեղահանության հետևանքով խաթարվել է արցախահայերի՝ իրենց մշակութային կյանքում ներդրում ունենալու, իրենց բնապատմական միջավայրում ինքնությանը համահունչ արժեքներ ստեղծելու, իրենց մշակութային կյանքը նոր հղացումներով հարստացնելու և այդ ճանապարհով բնականոն զարգացում ունենալու իրավունքը։

Մշակույթի իրավունքի հարգումը նաև այն է, որ յուրաքանչյուր անձ չպետք է ենթարկվի իր մշակութային ինքնության բացառման կամ խտրականության որևէ ձևի: Նրան պետք է երաշխավորվի իր մշակութային ինքնությունն ազատորեն արտահայտելու, գործելակերպն ու ապրելակերպը պահպանելու, կարծիքի ազատությունից օգտվելու, գաղափարներ որոնելու և տարածելու իրավունք։ Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ յուրաքանչյուր արցախցու մշակութային ներուժը նույնքան արժեքավոր է համընդհանուր մշակութային ամբողջական ինքնության պահպանման  և զարգացման գործում: Հետևաբար, նրանցից յուրաքանչյուրի իրավունքների հարգումը անբեկանելի է։

Գրքի գիտական խմբագիրներ են      պ․գ․թ․, դոցենտ  Իսկուհի Ավանեսյանը և ի․գ․թ․, դոցենտ Վահե Թորոսյանը։ Խմբագիրներներն ու սրբագրիչներն են  բ․գ․ թ․Միրանուշ Կեսոյանը, բ․գ․ թ․  Անուշ Խաչատրյանը,  բ.գ.թ., դոցենտ  Թեհմինա Մարությանը։

Մենագրության խմբագրական, սրբագրական,  տպագրական աշխատանքների իրականացման և գրքի լույս ընծայումը հնարավոր է դարձել Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության ջանքերով։ Բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի ուսումնասիրության և  փաստագրման մարզային հետազոտական աշխատանքները կատարվել են 2023-2024 թթ․ ընթացքում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի (Calouste Gulbenkian Foundation) «44-օրյա պատերազմի հետևանքով  Շուշիից և Հադրութից բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի իրացման և ոչ-նյութական ժառանգության պահպանության խոչընդոտները 2023թ․» հետազոտական ծրագրի,  Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության նվիրյալներ Ջուդիթ Սարյանի (Judith Saryan) և Վիկտոր Զարուգյանի (Victor Zarougian), ԱՄՆ հայագիտական հետազոտությունների ազգային ասոցիացիայի (National Association for Armenian Studies and Research (NAASR)), «Վարդանանց ասպետներ» (Knights of Vartan) հայագիտական հիմնադրամի կրթաթոշակի շրջանակներում (2023 թ․, 2024 թ․) ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում