Սեպետեմբերի 12-ին Բեթլեհեմյան մատուռի համերգային սրահում ավարտվեց «Կոնցերտինո Պրահա» 59-րդ մրցույթի փողային գործիքների անվանակարգում եզրափակիչ փուլի 4 մասնակիցների ելույթները՝ Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկի նվագակցությամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր մեր հայտնի հայրենակից Վահան Մարտիրոսյանը, որը 2025 թվականի սեպտեմբերից այս նվագախմբի գլխավոր դիրիժորն է։

Մրցույթում հաղթող ճանաչվեց հարավկորեացի հոբոյահարուհի Ռաուն Հոնգը։ Ժյուրին բարձր գնահատեց Յուլիուս Ռիտցեի հոբոյի և նվագախմբի համար նախատեսված կոնցերտային ստեղծագործության նրա հիանալի մեկնաբանությունը։ Իր հիացմունքը մեզ հետ զրույցում չթաքցրեց նաեւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը` ընդգծելով երիտասարդ երաժշտի գործի փայլուն իմացությունն ու պրոֆեսիոնալ կատարումը։
Երկրորդ տեղի մրցանակին արժանացավ իսպանացի սաքսոֆոնահար Վիկտոր Ամադեու Պուիգբո Ռինկոնը, որը կատարեց չեխ կոմպոզիտոր Յինդրիխ Ֆելդի խիստ փորձարարական Սաքսոֆոնի եւ նվագախմբի համար կոնցերտը։ Զարմանալի էր, թե պատանի երաժիշտը ինչպես հիշեց եւ անթերի կատարեց այդ բավականին բարդ ստեղծագործությունը։

Իտալացի ֆլեյտահարուհի Շանտալ Ռամոնա Վեյթը զբաղեցրեց երրորդ տեղը, թեեւ հիանալի կատարեց Կարել Ռեյնեցկեի ֆլեյտայի համար կոնցերտը։

Իսկ չեխ պատանի կլառնետահար Օտակար Անտոնին Շտեֆանը արժանացավ հանդիսատեսի մրցանակին՝ նվագելով Վեբերի կլարնետային կոնցերտը։


Համերգից հետո մեզ հետ զրույցում նվագախմբի դիրիժոր Մարտիրոսյանը նշեց, որ ընդամենը երեք անգամ են փորձել պատանի երաժիշտների հետ, եւ ուրախալի է, որ նրանք պատվով դուրս եկան այդ մրցությունից, քանի որ ամեն պահի կարող էին շփոթվել կամ հուզվել։
Մաեստրոն նման մրցույթների մեծ փորձառություն ունի, տարիներ շարունակ ղեկավարում է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի եզրափակիչ համերգները եւ երիտասարդ երաժիշտների հետ աշխատանքից երբեք չի խուսափել։ Պատահական չէ, որ այս համերգի ղեկավարելու պատիվը վստահել էին իրեն, թեեւ դեռ երեք տարի առաջ «Դվորժակովա Պրահա» փառատոնի ջութակի եւ դաշնամուրի մրցույթի եզրափակիչ համերգը նույնպես ինքն էր ղեկավարել։
«Ինձ համար շատ կարեւոր է, որ երիտասարդներին օգնենք բեմի վրա, աջակցենք, որ լիովին բացահայտեն իրենց կարողությունները, չսխալվեն ելույթի պահին, եւ չի բացառվում, որ մի օր հասնեն բարձունքների, եւ այդժամ հպարտությամբ կարող ենք ասել, որ իրենց կայացման ճանապարհին մի քար էլ մենք ենք դրել։ Եզրափակիչ համերգի բոլոր մասնակիցները կարելի է ասել առանց թերությունների նվագեցին, բայց հոբոյահարուհու ելույթը պարզապես ապշեցուցիչ էր. նույնիսկ աննշան սխալ թույլ չտվեց։ Նա իրոք արժանի է այդ մրցանակին»,- ասաց մեզ հետ զրույցում Մաեստրո Մարտիրոսյանը, որն իր հերթին փայլուն ղեկավարեց ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ի դեպ, եզրափակիչ համերգի հովանավորը Չեխիայում Հայաստանի դեսպանությունն էր, եւ դեսպան Հովակիմյանն ու դիվանագետները նույնպես ներկա էին։
Վահան Մարտիրոսյանը Պրահայից մեկնեց Պարդուբիցե, ուր սեպտեմբերի 15-17-ը նա առաջին անգամ գլխավոր դիրիժորի պաշտոնում կղեկավարի Պարդուբիցեի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարեշրջանի հանդիսավոր բացման երեք օրերի ելույթները։ Նրան կմիանա Բրյուսելում կայացած Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր թավջութակահար Իբայ Չենը։ Ի դեպ, բացման համերգների հովանավորը նույնպես Հայաստանի դեսպանությունն է։
Պարդուբիցեի նվագախմբի տնօրինությունը պատահական չէ, որ վստահել է Վահան Մարտիրոսյանին, քանի որ վերջին տարիներին նա բազմիցս ղեկավարել է այդ նվագախումբը, որի հետ կատարել են մի շարք ձայնագրություններ, եւ համագործակցությունը եղել է արդյունավետ։ Նվագախմբի տնօրենը նաեւ իր հարցազրույցում չի թաքցրել, որ այսպիսով ցանկանում են Պարդուբիցեի երաժշտախմբի մակարդակն ավելի բարձրացնել եւ հասնել միջազգային ճանաչման։
Հաջողություն ենք մաղթում մեր հայրենակցին եւ նվագախմբին իրենց առաքելության մեջ։
Հ.Ա., orer.eu



