Պրահայի նորաստեղծ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շաբաթօրյա դպրոցը բացեց իր դռները

  • 06.09.2025
  • 0
  • 1739 Views

Չեխահայության ինքնության պահպանման եւս մեկ կրթօջախ կմիավորի հայությանը

Սեպտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքի Սուրբ Ավգուստինի իսպանական թեքումով դպրոցի տարածքում տեղի ունեցավ Պրահայի երկրորդ հայկական շաբաթօրյա դպրոցի բացումը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հոծ բազմությամբ եւ Հայաստանից ժամանած հյուրերի մասնակցությամբ։

 «Սուրբ Մեսրոպ Մաշտոց հայկական շաբաթօրյա դպրոցը կդառնա մեր հայկականության շարունակականությունն այս  հողում»,-այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը՝ շնորհավորելով երեխաներին, ծնողներին եւ եկեղեցու հոգաբարձուներին, որոնց աջակցությամբ այս նախագիծը իրականություն է դարձել, ինչպես նաեւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին, որի միջնորդությամբ տրամադրվել էր դպրոցի մասնաշենքը,  եւ իհարկե, դպրոցի տնօրեն հայր Խուանին։

Հայր Սուրբը շնորհակալանքի խոսք ուղղեց հոգաբարձու Աղասի Զավարյանին, ում գաղափարն էր բացել նման դպրոց, որտեղ հայերենից զատ երեխաները կսովորեն նաեւ հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմություն, երգ ու պար։

Ներկաներին շնորհավորեց  Չեխիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Էմմա Պառավյանը, ընդգծելով կրթության ու մշակույթի միջոցով ինքնության պահպանության կարեւորությունը։

Ողջերթի խոսքեր ասացին  հոգաբարձու Պարգեւ Վիրաբյանը, Հայ առաքելական  եկեղեցու ծխական խորհրդի առաջին ատենապետ, նկարիչ Տիգրան Աբրահամյանը, ուսուցչուհի Ալլա Եսայանը, «Ուրարտու» մշակութային միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, հոգաբարձու Աղասի Զավարյանը։ Նրանք կարեւորեցին հայկական կրթական եւս մեկ օջախի բացումը, որը կնպաստի ուծացող համայնքում ինքնության պահպանմանը, համայնքի միասնականությանն ու զարգացմանը։ Ինչպես նշեց Ալլա Եսայանը բացի գրել-կարդալուց, դպրոցը բոլորի համար դառանալու է մի ընտանիք, որտեղ միմյանց աջակցելու են հանուն միասնական գաղափարի՝ հայեցի կրթության։ Հոգաբարձու Աղասի Զավարյանը շնորհակալություն հայտնեց աջակից բոլոր ընկերներից, եւ հույս հայտնեց, որ ապագայում աշակերտների թիվը կհասնի 200-ի։ Հակոբ Ասատրյանը նշեց, որ ծնողները լրջորեն պետք է հետեւեն հաճախումների կարգապահությանը, որպեսզի վերջում գրանցվեն սպասված դրական արդյունքները։  

Չեխահայերին շնորհավորեց նաեւ «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային կազմակերպության նախագահ Գրիգոր Բաբախանյանը` շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ դպրոցին մաղթելով  հաջող ընթացք։

Կազմակերպությունը, որը հայտնի է նաեւ Մաչանենց տուն անվանումով,  երեկ Սուրբ Հոգի եկեղեցում կազմակերպել էր  13 հայ նկարիչների 24 գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես՝ «Մեր սերը Ձեզ» թեմայով,  որին հաջորդեց  Արփինե Բաբախանյանի ազգագրական ու հայրենասիրական երգերի հուզիչ ելույթը։ Այսօր դպրոցի բացման պաշտոնական արարողությունից հետո Արփինեն մանուկների համար սիրով կատարեց հայկական մանկական երգեր։  

Հայր Բարսեղը տեղեկացրեց, որ դպրոցում կդասավանդեն հայոց լեզու եւ գրականություն, պատմություն, հայ եկեղեցու պատմություն, երգ ու պար, շախմատ, նկարչություն, նաեւ աղջիկներին կծանոթացնեն հայկական խոհանոցի գաղտնիքներին։ Առայժմ երեխաները կբաժանվեն չորս դասարանի՝ ըստ տարիքային խմբերի եւ լեզվի իմացության։ Հետագայում դասարանների քանակը կարող է շատանալ, քանի որ արդեն իսկ գրանցված երեխաների թիվը հասնում է 80-ի։ Տարբեր խմբերում հայերեն կդասավանդեն Ալլա Եսայանը, Էսմինա Մնացականյանը, Նելլի Առաքելյանը, Սարգիս Ղազարյանը, եւ այլք։ Դպրոցն ունի լայն հնարավորություններ, տեխնիկապես վերազինված է։ Ուսուցումը կլինի անվճար։

Բացման հանդիսավոր արարողությունից հետո երեխաները ուսուցիչների ուղեկցությամբ անցան դասարաններ եւ սկսվեց առաջին դասաժամը, իսկ առաջին ծնողական ժողովում  քննարկվեցին կազմակերպչական խնդիրներ։

Բարի՜ երթ, Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական շաբաթօրյա դպրոցին։

ՕՐԵՐ ամսագիր

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում