Ուխտագնացություն Հաճկատար. Վերափոխման տոնը Ռումինիայի Հայոց Թեմում

  • 25.08.2025
  • 0
  • 411 Views

           

Ընկալյալ ու գործող ավանդույթի համաձայն, Ռումինիայի Հայոց թեմում Աստվածամոր Վերափոխման տոնը նշվում է առանձնահատուկ շուքով և հանդիսավորությամբ: Այս առիթով ամեն տարի Ռումինիայի և Եվրոպայի Հայ Եկեղեցու միջնաբերդը համարվող Սուչավա են ժամանում ուխտավորներ Ռումինիայի տարբեր քաղաքներից և բազմաթիվ ռումինահայեր աշխարհի ծագերից:

            Սուչավան առնվազն 5 և ավել դարեր եղել է Ռումինիայի և Մոլդովայի հայության հոգևոր կենտրոնը և առաջնորդանիստ քաղաքը, ունեցել է 2 վանք, 4 եկեղեցի, մեկ մատուռ և 2 հայկական գերեզմանոց: Դիմագրավելով դարերի արհավիրքներին, հավատքի հանդեպ եղած ճնշումներին, այն միշտ հավատարիմ է մնացել իր Մայր Եկեղեցուն և հայրենի հոգևոր ավանդներին, որ պատմական թելերով հասնում է մինչև մայրաքաղաք Անի: Այսօր Սուչավայում գործում են երկու հայկական վանքեր՝ Հաճկատարը և Զամկան, Սուրբ Խաչ եկեղեցին քաղաքի հայկական թաղամասում և միևնույն թաղամասի Սուրբ Սիմեոն եկեղեցին, իսկ Սուրբ Երրորդություն և Սուրբ Նիկողայոս եկեղեցիները հիմնովին ավերվել են:

            Վերջին տարիներին ևս, ռումինահայոց երբեմնի հզոր գաղութի մնացորդացը հավաքվում է Սուչավայի ուխտագնացությանը, որ սկիզբ է առնում շաբաթ օրը Սուրբ Սիմեոն եկեղեցում կատարվող ժամերգությամբ և հոգեհանգստյան կարգով, որովհետև այդ եկեղեցու բակում է գտնվում Ռումինիայի ամենահին հայկական գերեզմանատունը: Այնուհետև ժամերգություն և նախատոնակ է կատարվում Սուրբ Խաչ եկեղեցում, որից հետո եկեղեցու բակում հավատացյալները պատրաստում են խմորով և մսով  ավանդական ուտեստը՝ ականջապուրը, յուրաքանչյուր անձ առնվազն 40 հատ, որը միասնաբար ճաշակում են հաջորդ օրվա ճաշի ժամին մատուցված մատաղի հետ միասին:

Այս Տարի ևս, կատարելով տոնի վերոնշյալ ավանդական մասը՝ Վերափոխման տոնի առավոտյան, ուխտավորները, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի առաջնորդությամբ և հոգևորականների հետ թափոր կազմած, խաչվառներով և բուրվառներով, վանքի ստորոտից «Հաճկատարի Տեր Ողորմեա» երգի հնչյունների ներքո բարձրացան գեղատեսիլ բլրի վրա ծվարած Հաճկատարի վանք: Այնուհետև ուխտավորների հոծ բազմությունը ծնկաչոք, Տաթևի վանքից բերված 1266թ․ պատմական զանգի ղողանջների ու Տեր Ողորմեայի հնչյունների ներքո կատարեց դռնբացեքի կարգ՝ խնդրելով Հաճոյակատար Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը, որպեսզի բացվեն Աստծո ողորմության դռները:

Ուխտագնացության գագաթնակետը կիրակի Հաճկատարի վանքում առաջնորդ Սրբազանի ձեռամբ Մատուցված Սուրբ Պատարագն էր: Ներկա էին Սուչավայի և Ռըդըուցի արքեպիսկոպոս Կալինիկ Սրբազանի ներկայացուցիչ Միհայ Կոբզյուկը, Սուչավայի փոխքաղաքապետ տիար Դան Իոան Կուշնիրը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկաբվար տիար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հայոց միության նախատահ տիար Վարուժան Ոսկանյանը, հայ և ռումին ուխտավորներ։ Թեմական առաջնորդի օրհնությամբ Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարից Սուրբ Հաճկատար վանք էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը՝ յերկրպագություն հավատացելոց։ Դիմելով հավատացյալ ուխտավորներին՝ Սրբազան Հայրը շեշտեց, որ Սուրբ Մարիամ Աստվածածինը բոլորի մայրն է, հասկանում է բոլոր լեզուներով կատարված աղոթքները, և եթե երբեմն մեր երկրավոր մայրերը ինչ-ինչ պատճառներով տկարանում են իրենց մայրական սիրո մեջ, ապա Աաստվածամայրը երբեք չի տկարանում: Սրբազանը հորդորեց ամուր կառչած մնալ մեր լույս հավատքին և մեծ վստահությամբ  մեր խնդրանքները ուղղել Հաճոյակատար Սուրբ Աստվածածնին, Ով մեր բոլոր խնդրանքները ծրարած պիտի հասցնի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Ուխտագնացության վերջին հանգրվանը Զամկայի հնամենի վանքում  մատուցված մեռելոցի Պատարագն էր՝ ձեռամբ Սուչավայի հայոց վանքերի պատասխանատու Տ. Եզնիկ քհն. Թորգոմյան: Հավարտ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուչավայի և Ռումինիայի Հայոց Թեմի բոլոր հին և նոր ննջեցելոց համար:

Նախքան Հաճկատարյան ուխտագնացության մեկնարկը, օգոստոս 15-ին, Ռումին Ուղղափառ Եկեղեցու օրացույցով Վերափոխման տոնի օրը, Սրբազան Հոր օրհնությամբ, Հաճկատարի վանքում Ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Վաչագան քհն. Գյուրջյանը: Տեր Հայրը իր անդրանիկ Պատարագը նվիրեց Արցախին և Աստծով առաջնորդված վերադարձի հույսին՝ Աստվածամոր բարեխոսությունը հայցելով Արցախցիների, Ադրբեջանում գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի և համայն հայ ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի համար:

            Հաճկատարի ուխտին մասնակցելու համար Սուչավա էին ժամանել ուխտավորներ մայրաքաղաք Բուխարեստից, Կոստանցա, Պիտեշտ, Գալաց, Բրըիլա, Բոտոշան, Յաշ և Դումբրըվեն քաղաքներից, ինչպես նաև Կանադայից, Ուկրաինայից և Մոլդովայից, ինչպես նաև Ռումինիայի հայոց միության կողմից Դումբրըվենում կազմակերպված ճամբարին մասնակից շուրջ 40 պատանիներ Ռումինիայի մի շարք քաղաքներից։ Եռօրյա ուխտագնացությանը մասնակցում էին նաև Ռումինիայի Հայոց Թեմի հոգևոր սպասավորներ Տ. Թորգոմ քհն. Մանդալյանը (Սուչավա, վաստակյալ հանգստի կոչված), Տ. Գրիգոր քհն. Հոլկան և Տ. Օշական քհն. Խաչատրյանը։

              Թող Տերը Հաճկատարից բարձրացող աղոթքներով զորացնի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և Աստվածամոր բարեխոսությամբ անսասան պահի ազգս Հայոց:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում