Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
1991 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։
Այդ փաստաթղթով սկիզբ դրվեց մեր անկախ պետականության՝ Հայաստանի Հանրապետության հաստատման գործընթացին։ Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի հավաքական տրամադրությունը, կրում էր ընդամենը երկու տարի առաջ սկսված և գագաթնակետին հասնող Ղարաբաղյան շարժման կնիքը, և կանխորոշելու էր նոր–նոր ձևավորվող Հայաստանի անկախ Հանրապետության առանցքային հատկանիշները։
Այդպես էլ տեղի ունեցավ, որովհետև Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին և արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետևողականորեն մեզանում սերմանվել էր 1950–ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։
Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձևավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։
Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների/թատերական ներկայացումների միջոցով և այսպես ձևավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք, ԽՍՀՄ կողմից ձևավորված այդ սոցիալ–հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին և այդ սոցիալ-հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։ Այսօր ուզում եմ պատասխանել նաև մի հարցի, որը թերևս ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։
Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։
Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական և հետաքրքիր գործընկեր։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի առանցքային հատկանիշներից մեկն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքն է, այն ամենակարևոր արժեքն է, որը մենք ունենք և որ մենք ունեցել ենք վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում։ Եվ մենք պետք է առաջնորդվենք մեր պետության շահերով, և մեր պետությունն ու նրա շահերը պիտի լինեն մեր հայրենասիրության հենքն ու առանցքը, նրանում ապրող ստեղծագործ ժողովրդի՝ ձեր բոլորի սիրույն։
Մենք գնում ենք այս ճանապարհով և այդ ճանապարհին անցնելով դժոխային փորձությունների միջով՝ հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է և այն պետք է ամենօրյա խնամքի և հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ։
2025 թվականի օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը։
Շնորհավորում եմ բոլորիս այս առիթով։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Ուղերձի արձագանքները
Փաշինյանի երեք վտանգավոր խոստովանությունը
Այսօր Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ հնչեցին երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ»․
Հռչակագիրը հակադրեց պետականության գաղափարին։ Նա հայտարարեց, որ այն ծնվել է Ղարաբաղյան շարժման ազդեցության ներքո, իսկ այդ շարժումը ձևավորվել էր ԽՍՀՄ կողմից հայերի մեջ տասնամյակներով սերմանված սոցիալ-հոգեբանության արդյունքում։ Այսպիսով՝ Անկախության հիմքը ներկայացվում է ոչ թե մեր ժողովրդի ազատության կամքը, այլ Մոսկվայի հաշվարկված ծրագիրը։
Փաշինյանը ակնարկեց, որ Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ի հրահրած պրոեկտ էր։ Նա հայտարարեց, թե գրքերի, ֆիլմերի ու ներկայացումների միջոցով ԽՍՀՄ-ը մեզ «մոդելավորված հայրենասիրություն» էր պարտադրում, որն իբր բերեց շարժման և Հռչակագրի։ Այս ձևակերպմամբ համազգային շարժումը ոչ միայն նսեմացվում է, այլև ներկայացվում է որպես օտար կայսրության մանիպուլյացիա։ Փաստորեն, ժողովրդի ինքնաբուխ կամքի ու համազգային համախմբման ամենաառաջնային դրսևորումը՝ Ղարաբաղյան շարժումը, Փաշինյանի պատկերացմամբ վերածվում է ԽՍՀՄ-ի ինտրիգի ու սցենարավորված խաղի։ Սա պատմական հիշողության կոպիտ աղավաղում է և վիրավորանք այն սերնդի հասցեին, որը իր կյանքի գնով կերտեց Հայաստանի անկախության ճանապարհը, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը:
Խոստովանեց, որ ինքը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց։ Ըստ նրա՝ պատերազմից խուսափելու միակ տարբերակը զիջումներն էին, բայց նա հրաժարվեց այդ ուղուց՝ հայտարարելով, թե պատերազմը ավելի քիչ էր վտանգում անկախությունը, քան փոխզիջումները։
Փաստորեն, ըստ Փաշինյանի խոտոր տրամաբանության՝ հազարավոր զոհերով, տարածքների կորստով ու պետական կառույցների խարխլմամբ պատերազմը կարող է ավելի շատ ծառայել անկախությանը, քան բարդ, բայց հնարավոր դիվանագիտական լուծումները։
Այսօր մենք ունենք վարչապետ, որը փորձում է անցյալի փառավոր շարժումը, հերոսամարտը ներկայացնել որպես ԽՍՀՄ դավադրություն, Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության խոչընդոտ, իսկ 44-օրյա աղետը՝ որպես «անկախության պահապան»։ Սա ոչ միայն պատմության կեղծագրում է, այլև պետականության հիմքերի վտանգավոր արժեզրկում։
Իրականությունն այն է, որ պետություն ունեցող ժողովուրդը չի զոհաբերում իր գոյությունը կեղծ «պահպանման» պատրանքների համար։
Պետություն ունեցող ժողովուրդը կառուցում է խաղաղություն, ամրապնդում ինստիտուտները և իր անկախությունը պաշտպանում ոչ թե արկածներով ու կեղծ գաղափարախոսություններով, այլ պատասխանատու քաղաքականությամբ ու ազգային համախմբմամբ։
Սուրեն Սուրենյանցխ քաղաքագետ
Այսօր մենք նշում ենք մեր նորագույն պատմության ամենախորհրդանշական փաստաթղթերից մեկի՝ Անկախության հռչակագրի 35-ամյակը։ Սա պարզապես իրավական ակտ չէր․ սա մեր ժողովրդի կամքի, համազգային շարժման և ազատության ձգտման քաղաքական հաղթանակն էր։
1988-ի շարժումը, որն իր շուրջ համախմբեց ամբողջ հայ ժողովրդին, իր քաղաքական մարմնավորումը ստացավ հենց այս Հռչակագրում։ Այն դարձավ համազգային կոնսենսուսի արձանագրություն, դարձավ հիմք, որի վրա կառուցվեց մեր Երրորդ Հանրապետությունը։
Հռչակագիրը մեզ հուշում է պարզ ճշմարտություն․ Հայաստանի անկախությունը ծնվել է ոչ թե դրսի ուժերի շնորհիվ, այլ մեր ժողովրդի միասնականության ու պայքարի արդյունքում։ Հենց այդ փաստաթղթում են ամփոփված մեր պետականության հիմնասյուները՝ անկախություն, ինքնիշխանություն և ազատություն։
Սակայն այսօր մենք ականատես ենք դառնում փորձերի՝ այդ հիմքերը խարխլելու։ Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի պահանջով, պատրաստվում են Հռչակագրին հղումը հեռացնել Սահմանադրության նախաբանից։ Սա նշանակում է՝ պետականության խորհրդանիշը ջնջել մեր պետական իրավունքի հիմքից։ Դա վտանգավոր է ոչ միայն պատմական հիշողության, այլև ազգային անվտանգության համար։
Անկախության հռչակագիրը պետք է մնա մեր Սահմանադրության սրտում, որովհետև այն մեր ժողովրդի քաղաքական ու պատմական ինքնության անբաժանելի մասն է։ Այն մեր ազատության մանֆեստն է և այնպիսի արժեք, որից հրաժարվելն նշանակում է հրաժարվել հենց Հայաստանի Հանրապետության գաղափարից։
Այսօր, 35 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը։
Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տարեդարձի կապակցությամբ։ Թող մեր հավատարիմ մնալը Անկախության հռչակագրի արժեքներին լինի այն ուժը, որը կապահովի Հայաստանի ապագան՝ որպես ազատ, ինքնիշխան և արժանապատիվ պետություն։
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
Վերջինս նաեւ գրել է օրվա առիթով՝
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
«Խաղաղության» ուրվականն ու Երրորդ հանրապետության 35-ամյակի պղծումը
Ստանալով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, միանգամից նկատեցի այս հատվածը.
«Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր»։
Գրեթե վստահ էի, որ սա ընդամենը հնարք է ու որեւէ անկեղծ պատասխան չի լինելու: Չսխալվեցի.
«Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։
Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, եւ այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական եւ հետաքրքիր գործընկեր»։
Այս երկու պարբերությունը կարդացել եմ մի քանի անգամ՝ համոզվելու համար, որ որեւէ բան չեմ թողել: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ամեն կերպ դիմադրում են, երբ իրենց առաջնորդին քննադատում են 2020 թվականի պատերազմը դիտավորյալ կամ «անզգուշությամբ» հրահրելու համար: Դիմադրության բոլոր փորձերն այլեւս անիմաստ են, քանի որ 2025 թվականի օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ փոխզիջումային կարգավորման հնարավորությունը, այսինքն՝ պատերազմին այլընտրանք չի թողել:
Ընդ որում, այս ինքնախոստովանությունը առաջինը չէ:
2022 թվականի ապրիլի 13-ին Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրեն «պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ»:
«Մեղավոր եմ, քանի որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը…]
[…Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»:
2022-ի ապրիլին Փաշինյանը նաեւ բացատրում էր, թե ինչու ժողովրդի հետ չի խոսել.
«Որպեսզի ժամանակին այս մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է, եւ խոստովանեմ, չկարողացա ինքս ինձ համոզել: Ինչո՞ւ չկարողացա: Այն պատճառով, ինչ պատճառով մինչեւ հիմա ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ այդ պատճառը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական»:
Ինչպես տեսնում ենք, եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը իր ձախողումները համեմում էր «ներողություններով» եւ իրեն «մեղավոր» համարելով, ապա այսօր, Թրամփի եւ Ալիեւի հետ երեւակայական «խաղաղություն» կնքելուց հետո, իրեն այլեւս նեղություն չի տալիս: «Խաղաղության» ուրվականի ազդեցությունն այնքան զորեղ է, որ ուղերձների հեղինակին թույլ չի տալիս նկատել ակնհայտ հակասությունները. եթե «ինքն իրեն չէր համոզել», ինչպես է այսօր պնդում, որ զիջումների չէր գնացել, քանի որ տեսնում էր «սպառնալիքների եւ կախվածությունների մեծացման» ռիսկերը:
2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի էր ունեցել հուլիսին Տավուշում կայացած մարտերի մասնակիցների պարգեւատրման արարողությունը, որի ժամանակ, խոսելով դրանց արդյունքների մասին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.
«Սրա հիման վրա երկար տարիներ ձեւավորվում եւ մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ»:
Եթե հավատում ենք Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի օգոստոսի 23-ի ուղերձի անկեղծությանը, ապա կարող ենք միայն մեկ եզրահանգում կատարել. պատերազմից ուղից մեկ ամիս առաջ նա ոչ միայն չէր փորձում վերադառնալ դեպի բանակցություններ եւ փոխզիջումներ, այլեւ կրակին յուղ էր լցնում:
Վերջին 5 տարվա ընթացքում տասնյակից ավել հոդվածներում փաստերով եւ Փաշինյանի ելույթներից մեջբերումներով ներկայացրել եմ, թե ինչպես է նա խեղաթյուրել եւ նենգափոխել այն ամենը, ինչ կապված է բանակցային գործընթացի խաթարման եւ պատերազմն անխուսափելի դարձնելու հետ: Ստորեւ կարող եք տեսնել դրանցից մի քանիսի հղումները եւ համոզվել, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսը իրականում մեկ «գաղափարախոսություն» ունի՝ որքան հնարավոր է երկար իշխանության մնալ եւ խուսափել պատասխանատվությունից:
Արա Թադեւոսյան
Մեդիամաքս
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով «Խաղաղության» ուրվականն ու Երրորդ հանրապետության 35-ամյակի պղծումը – Mediamax.am
…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
Փոխվել է փոխզիջումը մերժելու Փաշինյանի պատճառաբանությունը
Հանուն Հայաստանի անկախության եւ պետականության անհրաժեշտ էր պատերազմ եւ մեր պարտությունն այդ պատերազմում։ Նման եզրահանգման կարելի է հասնել՝ ընթերցելով Անկախության մասին հռչակագրի ընդունման 35 ամյակի առթիվ երկրի վարչապետի շնորհավորական ուղերձը։ 23-ը օգոստոսի, 2025թ․ «Ի վերջո, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի»։ Սակայն, 2022-ի ապրիլի 13-ին, այն նույն օրը, երբ Փաշինյանն արեց ԼՂ կարգավիճակի նշաձողը «մի փոքր իջեցնելու» մասին իր հայտնի հայտարարությունը, նա պնդեց՝ եթե միջազգայնորեն առաջարկվող փոխզիջմամբ կանխվեր պատերազմը, կստեղծվեր նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, այսինքն՝ այնպիսի իրավիճակ, որտեղ Փաշինյանի իշխանությանը կրկին կկշտամբեին, կրկին «դավաճան» կանվանեին, բայց զոհեր չէին լինի։
13-ը ապրիլի, 2022թ․ «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի», – ԱԺ ամբիոնից ընդգծում էր Նիկոլ Փաշինյանը։
Արդ, փոխզիջումը մերժելու՝ վարչապետ Փաշինյանի պատճառաբանությունը փոխվել է։ Եթե առաջ փոխզիջման չգնալը բացատրվում էր հայ հասարակության՝ փոխզիջումային լուծման հանդեպ դժկամությամբ, հիմա բացատրությունն այն է, որ փոխզիջման վերջնարդյունքը ՀՀ անկախության եւ պետականության վախճանը կլիներ։ Եթե փոխզիջումային լուծման տարբերակի ընդունմամբ հնարավոր կլիներ պահպանել միայն բուն Լեռնային Ղարաբաղը, միգուցե վարչապետին «դավաճան» կոչեին, բայց Արցախը հայկական պահելու գործնական հնարավորությունը կլայնանար։ Մի բան հաստատ է՝ հազարավոր երիտասարդներ այսօր մեր կողքին կլինեին։ Փաստորեն, միայն պատերազմով, զոհերով եւ Արցախից ամբողջապես հրաժարվելով հնարավոր դարձավ լինել «ավելի անկախ, քան երբեւէ, ավելի ինքնիշխան, քան երբեւէ, ավելի պետություն, քան երբեւէ, ավելի բարեկեցիկ, քան երբեւէ, ավելի հեռանկարային, քան երբեւէ»։ Այս տրամաբանությունն է վարչապետը փորձում մատուցել ժողովրդին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/08/23/1506436/?fbclid=IwY2xjawMXer1leHRuA2FlbQIxMABicmlkETA0MU9QVVlZUEtIY3dYblBNAR4Hgv4m1Mgn_Ksw5EDZSxXT2uVeq-KjZVPec7hljzAJ0wVTIKnsj6MGNa1UZw_aem_FmZ2sGpaq8YOY8YS36kNxQ
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Խոստովանեց, որ նա միտումնավոր կերպով է պատերազմ հրահրել ու միտումնավոր կերպով է այդ պատերազմում պարտվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին։
Նա մեջբերել է Փաշինյանի խոսքերը.
«- Արցախը Հայաստան է և վերջ:
– Եթե ես գնայի զիջումների, ապա ինձ կմեղադրեին դավաճանության մեջ:
– Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի»։
«Վերջապես … … խոստովանեց, որ նա միտումնավոր կերպով է պատերազմ հրահրել ու միտումնավոր կերպով է այդ պատերազմում պարտվել, միտումնավոր կերպով է Արցախը հայաթափել, որպեսզի ռուսական ազդեցությունից դուրս գա ու մտնի թուրքական ազդեցության տակ:
Սա գաղտնիք չէր քիչ թե շատ մտածող մարդկանց համար, բայց հիմա հրապարակային կերպով է դա խոստովանում: Այլ հարց է, թե այս խոսոտովանանքից հետո ինչ է փոխվելու»,-վերլուծել է քաղաքագետը:
ԽԱԲԿԱՆՔՈՎ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ- ՓԱՇԻՆԵԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԷՊԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ՇԽՐՏԸՄԵԱՆ
Անկախութեան Հռչակագրի 35-ամեակին առիթով, վարչապետ Նիկոլ Փաշինեան իր ուղերձին մէջ փորձեց սեփականացնել եւ իւրովի իմաստաւորել այն փաստաթուղթը, որ ծնունդ առաւ 1988-ին, հայ ժողովուրդի միասնական կամքէն։
Անոր ուղերձը մերկացուց այն դաժան ճշմարտութիւնը, որուն մասին ժողովուրդը վաղուց կը խօսի․ Փաշինեան կանխամտածուած կերպով երկիրը տարաւ դէպի պատերազմ եւ պարտութիւն՝ քանդելով Հայաստանի անկախութեան հիմնական հիմքերը։
Իր բառերով՝ «զիջումները կը նշանակէին Հայաստանի անկախութեան կորուստ»։ Իրականութիւնը սակայն լրիւ հակառակն է․ «անխուսափելի պատերազմը», զոր ինք գիտակցաբար չկանխեց, պատճառ դարձաւ հազարաւոր նահատակներու, Արցախի կորուստին, հայաթափման, Հայաստանի տարածքներու կորուստին եւ պարտադրուած խաղաղութեան։ Փաշինեան պարտուողական այս վիճակը կը ներկայացնէ իբրեւ «աւելի անկախ, աւելի ինքնիշխան Հայաստան»: Այս խօսքերը դատարկ հնչիւններ են։ Հայաստանը երբեք այսքան խոցելի եւ կախեալ չէ եղած իր թշնամիներէն: Խաղաղութեան մասին անոր խօսքերը մերկ բառեր են, որովհետեւ խաղաղութիւնը, որուն կը պարծենայ, պարտութեան եւ օտար շահերու գինով ձեռք բերուած պարտադրանք մըն է։
Փաշինեանի հռետորաբանութիւնը վտանգաւոր է. նախկիններու սխալները շահագործելով՝ ան կ՛արդարացնէ սեփական կործանարար քաղաքականութիւնը։ Իր փաստարկները կը բեռնէ «անկախութիւն» բառով, մինչդեռ իրականութիւնը բոլորովին հակառակն է․ Հայաստանը կորսնցուցած է անկախութեան հիմնական սիւները՝ անվտանգութիւն, տարածքային ամբողջականութիւն, պատմական ժառանգութիւն։
Փաշինեան կը փորձէ խաբկանքով ներկայացնել, թէ իբր Հայաստանը երբեք այսքան անկախ եւ ինքնիշխան չէր եղած։ Սակայն մեր ժողովուրդը լաւ կը գիտէ, որ իրական անկախութիւնը կը չափուի ոչ թէ գեղեցիկ բառերով, այլ՝ գործով։ Հայաստանը օր ըստ օրէ աւելի կախեալ կը դառնայ Թուրքիայէն եւ եւ Ազրպէյճանէն: Մեր անվտանգութեան համակարգերը քանդուած են, մեր սահմանները վտանգուած, մեր ազգային շահերը նուաճուած։
Անկախութիւնը չի կառուցուիր միակողմանի զիջումներով ու պարտութեամբ։ Անկախութիւնը կը պահուի ուժով, արժանապատւութեամբ, արդար պահանջատիրութեամբ եւ պատմական հիմքերու հաւատարմութեամբ,իրաւունքներու պաշտպանութեամբ։
Այսօր, 35 տարի ետք, մեր պարտականութիւնն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլեւ մեր պետականութեան հիմնադիր փաստաթուղթը։ Հայաստանի ապագան կախեալ է ոչ թէ Փաշինեանի խաբկանքներէն, այլ Անկախութեան ուխտին հանդէպ ժողովուրդին հաւատարմութեամբ։ Անկախութեան Հռչակագիրը մեր Երրորդ Հանրապետութեան ծննդեան վկայականն է: Մերժելով Հռչակագիրը՝ Փաշինեան կը մերժէ Հայաստանի Հանրապետութեան իսկական գաղափարը։
Մեր պարտականութիւնը պիտի ըլլայ բարձրաձայն պաշտպանել Հայաստանի անկախութիւնը, պաշտպանել Հռչակագիրը: Հայ ժողովուրդը իր վճռական «ոչ»-ը պիտի ըսէ Փաշինեանի կործանարար քաղաքականութեան։
Հայաստանի ապագան չի կառուցուիր պարտուող ղեկավարներու ձեռքով․ ան կը կառուցուի հաւատարիմ, արժանապատիւ ոգիով,ազգային յիշողութիւնը պաշտպանելով, եւ անկախութեան գաղափարը վերակենդանացնելով։
Ահարոն Շխրտըմեան
«Երեփունի- Անկախ Հայկական Լրատու» կայքէջի խմբագիր, Բեյրութ,
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
Հայաստանի Անկախության Հռչակագիրը
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:



