Հուլիսի 2-ին իսպանական “El Confidencial” (Էլ Կոնֆիդոնցիալ) թերթի “Vanitatis” (Վանիտատիս) ամսագրում լույս է տեսել մի ուշագրավ հոդված, որն անդրադառնում է հայ երիտասարդ քանդակագործ, նկարիչ Սարգիս Եսայանի պատրաստած կիսանդրուն, որը նա նվիրել է Աստուրիայի արքայադուստր Լեոնորին։ Իսկ թե ինչպե՞ս է բացահայտվել այդ պատմությունը, կարդացեք ՕՐԵՐ-ի հատուկ թղթակցի հայերեն թարգմանված այդ հոդվածում։
Բոլորի ուշադրությունը գրավող Լեոնորի կիսանդրին պատրաստված է հայ արտիսի կողմից, որը արքայադուստրը անակնկալ նվեր է ստացել Աստուրիա կատարած այցի ժամանակ։
Աստուրիա կատարած այցի ժամանակ արքայադուստր Լեոնորը անսպասելի նվեր է ստացել. կիսանդրին պատրաստված է հայ քանդակագործի կողմից, որը որոշել է նրան հարգանքի տուրք մատուցել քանդակով։
Հունիսի 30-ին Ն.Մ. Թագավորական պալատը հրապարակեց մի շարք հետաքրքիր տեղեկություններ, ինչպիսիք են 2025 թվականի բյուջեն, ինչպես նաև թագավորական ընտանիքի անդամների կողմից անցյալ տարի ստացված նվերների ցանկը։ Ուշադրությունը գրավող իրերի թվում էին Սերատի վինիլային ձայնասկավառակը և նույնիսկ օլիմպիական ջահը։ Սակայն կար մեկ այլ նվեր, որն ավելի աննկատ մնաց, բայց որն ունի որքան անհայտ, նույնքան էլ հետաքրքիր պատմություն. արքայադուստր Լեոնորի կիսանդրին, որը գահաժառանգը ստացել է Աստուրիա կատարած այցի ժամանակ։
Թագավորական պալատի կողմից տրամադրված պաշտոնական փաստաթուղթը ներառում էր միայն կարճ մանրամասնություն՝ նվերի հեղինակի՝ Սարգիս Եսայանի (@sargisyesayansculptor) անունը՝ առանց որևէ լրացուցիչ բացատրության քանդակի կամ դրա հետևում ընկած պատմության մասին։ Առաջին հայացքից դա օտար անուն էր, որը կարող էր աննկատ մնալ ինստիտուցիոնալ և անձնական նվիրատվությունների լայն ցանկի մեջ։ Այնուամենայնիվ, նրա հետ կապվելուց հետո, Վանիտատիսի հոդվածագիրը կարողացավ անձամբ իմանալ այս քանդակի մանրամասները, որը ստեղծվել է արքայադուստր Լեոնորի պատվին, և, ամենակարևորը, այն պատճառը, որը դրա ստեղծողին՝ Հայաստանում ծնված քանդակագործին, դրդեց այս աշխատանքը նվիրել իսպանական գահի ժառանգորդին։
Պատմություն, որը կապում է երկու թվացյալ հեռավոր մշակույթներ, բայց միավորված է զարմանալի պատմական թելով։
Սարգիս Եսայանը Հայաստանից է՝ Երևանից։ «Ես քանդակագործ-նկարիչ եմ, և արվեստի աշխարհում եմ ութ տարեկանից», – ասում է նա մեզ հետ զրույցում։ Հետաքրքիր է, որ պատմական մի մանրամասնություն, որը քիչ էր հայտնի հանրության մեծ մասին, առաջացրեց նրա հետաքրքրությունը իսպանական միապետության նկատմամբ։ «Կա մի պատմություն, որը կապում է Իսպանիայի թագավորներին Հայաստանի թագավորների հետ», – մանրամասնում է Սարգիսը։

«14-րդ դարում Կաստիլիայի Հովհաննես I թագավորը փրկեց հայ թագավոր Լևոն V-ին մուսուլմաններից և նրան անվանեց Մադրիդի սենյոր։ Սա Մադրիդը, որոշ առումով, դարձնում է Հայաստանի մայրաքաղաքը, նախքան այն Իսպանիայի մայրաքաղաք դառնալը», – բացահայտում է նա։ Այս պատմական իրադարձությունը նրա հետաքրքրության սկիզբն էր. «Այդ իրադարձությունը ոգեշնչեց ինձ և ստիպեց ինձ հետաքրքրվել իսպանական միապետությամբ»։ Հենց այս պատմության և Աստուրիայում ապրող հարազատներին այցելելու ուղևորության ժամանակ առաջացավ Դոն Ֆելիպեի և Դոնյա Լետիցիայի ավագ դստեր կիսանդրին ստեղծելու գաղափարը. «Երբ ես ժամանեցի Աստուրիա և իմացա, որ արքայադուստր Լեոնորը Աստուրիայի արքայադուստրն է, որոշեցի նրան քանդակ նվիրել։ Ահա թե ինչպես ծնվեց նախագիծը»։
Սարգիսը իմացավ, որ արքայադուստրը շուտով պետք է մեկնի Օվիեդո՝ Աստուրիայի արքայադստեր մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու համար, և չցանկացավ բաց թողնել այդ հնարավորությունը։
«Այդ ժամանակ ես որոշեցի սկսել այս նախագիծը։ Ես պետք է շտապեի, ուստի ինձ մեկ ամիս պահանջվեց կիսանդրին պատրաստելու համար»։ Եսայանի գաղափարն էր կիսանդրին պատրաստել բրոնզից, սակայն ժամանակի սղության պատճառով նա ստիպված էր այն պատրաստել սպիտակ թրծակավից։ Կիսանդրու հանձնումը նաև պատահականության և բարեկամական օգնության տարր ունի. «Ես ունեմ մի հայ ընկեր, ով աշխատում է այն հյուրանոցում, որտեղ հանգրվանում է է թագավորական ընտանիքը, երբ նրանք այցելում են Օվիեդո։ Նա օգնեց ինձ կիսանդրին փոխանցել», – բացատրում է նա։ Նկարիչը որևէ շնորհակալական կամ նմանատիպ նամակ չի ստացել թագավորական ընտանիքից, չնայած նա խոստովանում է, որ ինքը նույնպես ոչինչ չի գրել նրանց. նա պարզապես ստորագրել է կիսանդրու վրա։ Չնայած դրան, նա զգացված է, որ իր աշխատանքը հայտնվել է նվերների ցուցակում: Արքայադուստր Լեոնորի և Սարգիս Եսայանի կիսանդրու պատմությունը միավորում է երկու երկրները արվեստի, պատմության և անձնական ժեստի միջոցով, որն այժմ Թագավորական ընտանիքի պաշտոնական արխիվի մաս է կազմում։
Այսպես է ավարտում իր հոդվածը իսպանացի լրագրողը։
ՕՐԵՐ-ի հատուկ թղթակից
Իսպանիա
Orer.eu




