Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Հայաստանում է

  • 12.06.2025
  • 0
  • 456 Views

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ողջունելով զրուցակցին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար:

Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։

Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, իր հերթին, վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ և օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը և COP-17-ը՝ դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարներ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և կայունության ապահովման վերաբերյալ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում