Կյանքից հեռացել է հայտնի արձակագիր, ազգագրագետ Սերգեյ Վարդանյանը

  • 30.05.2025
  • 0
  • 493 Views

Այսօր երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի արձակագիր, ազգագրագետ, բանահավաք-համեշնագետ, հրապարակախոս Սերգեյ Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է նրա դուստրը՝ Գոհար Վարդանյանը։ «Խորը ցավով տեղեկացնում եմ, որ մահացել է սիրելի հայրս՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2025 թ. մայիսի 31-ին, ժամը 17։00-20։00, «ԼյուԱր» սգո սրահի N2 սրահում (ք. Երևան, Սիլիկյան խճուղի 18, Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ)։ Հուղարկավորությունը կկայանա նույն վայրից՝ հունիսի 1-ին, ժամը 14։00»։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2022 թվականի 9-12-րդ համարում տպագրել էինք հարցազրույց անվանի համշենագետի հետ՝ նվիրված նրա 70-ամյակին։

Ցավակցագիր է հրապարակել նաեւ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։

ՄԱՀԱԶԴ

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Վարդանյանը, ով մեծ վաստակ ունի հայ բանագիտության զարգացման ոլորտում:

Դժվար, գրե­թե անհ­նար է անդ­րա­դառ­նալ Համ­շե­նին եւ համ­շե­նա­հայե­րին՝ առանց հի­շե­լու Սեր­գեյ Վար­դա­նյա­նին, որն ապ­րած տա­րի­նե­րի մեծ մա­սը նվի­րել է համ­շե­նա­գի­տու­թյա­նը: Նա­խոր­դող շրջա­նի բա­նա­գի­տու­թյան մեջ բա­վա­կան սա­կավ էր համ­շե­նա­հա­յու­թյա­նը՝ մաս­նա­վո­րա­պես կրո­նա­փոխ համ­շեն­ցի­նե­րին առնչ­վող նյու­թը, որն իր շուրջ կես­դա­րյա գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում, հա­ճախ կյան­քը վտան­գե­լով, ան­հա­մե­մա­տե­լիո­րեն հարս­տաց­րեց Ս. Վար­դա­նյա­նը։ Հե­տևա­բար, առանց չա­փա­զան­ցու­թյան կա­րե­լի է ասել, որ նրա ան­վան հետ է կապ­վում համ­շե­նա­գի­տու­թյան դպրո­ցի հիմ­նու­մը։ Հա­յա­գե­տը ծնվել է 1952 թ. Երեւա­նում, 1969 թ. ավար­տել է Հ. Պարո­նյա­նի ան­վան թիվ 59 դպրո­ցը, 1974 թ.՝ Խա­չա­տուր Աբո­վյա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րու­թյան բա­ժի­նը։ Ապա աշ­խա­տան­քի է ան­ցել նույն հաս­տա­տու­թյան հո­գե­բանու­թյան ամ­բիո­նում: Առան­ձին ուշադ­րու­թյան է ար­ժա­նի նրա գոր­ծունեու­թյու­նը «Պիո­ներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թեր­թում եւ «Պիո­ներ» (այժմ՝ «Աղ­բյուր») ամ­սագ­րում: Այդ չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քին Ս. Վար­դա­նյա­նը շո­շա­փե­լի ներդ­րում է ունե­ցել հայ պա­տա­նի­նե­րին հայ­րե­նա­սի­րու­թյան ոգով դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում: Նրա կո­չով Հա­յաս­տա­նի, ինչ­պես նաեւ Հյու­սի­սա­յին և Հա­րա­վա­յին Կով­կա­սի հայ­կա­կան դպրոց­նե­րի աշա­կերտնե­րի՝ տար­բեր բար­բառ­նե­րով հա­վա­քած բա­նա­հյու­սա­կան նյու­թե­րը հրա­տա­րակ­վում են «Հրե­ղեն ձին» (1981) եւ «Թա­գա­վո­րի երազ­նե­րը» (2003) ժո­ղո­վա­ծու­նե­րում, որոնք ան­նա­խա­դեպ են մեր բա­նա­գի­տու­թյան նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ: Այդ գրքե­րից ընտր­ված ար­ձակ նմուշ­նե­րը նրա ջան­քե­րի ար­դյուն­քում Երեւա­նում լույս են տես­նում անգ­լե­րեն («The salvaged tales», 2007) եւ գեր­մա­նե­րեն («Gerettete Marchen», 2009, «Vor dem Vergessen gerettete armenische Märchen», 2023)։ Ս. Վար­դա­նյա­նի հան­րա­հայտ «Հա­յոց մայ­րա­քա­ղաք­նե­րը» (1985) գիրքն սկզբում հոդ­վա­ծա­շա­րի տես­քով հրա­տա­րակ­վում է «Պիո­ներ» ամսագ­րի հա­մար­նե­րում: 1995-ին այն, հա­մալր­վե­լով նոր նյու­թե­րով եւ առա- վել ամ­բող­ջա­կան տեսք ստա­նա­լով, լույս է տես­նում առան­ձին գրքով, որի վե­րահ­րա­տա­րակ­ված տար­բե­րակի հա­մար («Հա­յաս­տա­նի մայ­րա­քաղաք­ներ», 1995 թ.) հե­ղի­նակն ար­ժա­նա­ցել է «Թե­քե­յան» մշա­կու­թա­յին միու­թյան «Հայ­կա­շեն Ուզու­նյան» մրցա­նա­կին, իսկ 2012 թ.՝ Երեւա­նի քա­ղա­քա­պե­տի Ոս­կե մե­դա­լին։ Հե­տա­գա տա­րի­նե­րին Ս. Վար­դա­նյանն աշ­խա­տել է Հայ ճար­տա­րապե­տու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տում, ՀՀ ԳԱԱ հնա­գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ինս­տի­տու­տում։ 1991—2002 թվա­կան­նե­րին եղել է ՀՀ կա­ռա­վա­րու­թյանն առըն­թեր կրո­նի գոր­ծե­րի պե­տա­կան խորհր­դի փոխնա­խա­գա­հը։ Նա թեեւ ար­մատ­նե­րով վա­նե­ցի է, հիմ­նադր­ման օր­վա­նից՝ 1992-ից, Հա­յաս­տա­նի «Համ­շեն» հայ­րե­նակ­ցա­կան-բա­րե­գոր­ծա­կան ՀԿ նա­խա­գա­հի տե­ղա­կալն էր, իսկ 2004—2018 թթ. հա­սա­րա­կա­կան հի­մունքնե­րով կա­տա­րել է նույն կազ­մա­կեր­պու­թյան «Ձայն համ­շե­նա­կան» պաշտո­նա­թեր­թի գլխա­վոր խմբագ­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ 2004 թ. հուլի­սից մին­չեւ 2018 թ. Ս. Վար­դա­նյա­նը միայ­նակ հրա­տա­րա­կել է թեր­թը, որի ողջ տպա­քա­նա­կը (հա­զար օրի­նակ) անվ­ճար բա­ժա­նել է Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի ըն­թեր­ցող­նե­րին, ուղար­կել Ռու­սաս­տա­նի, Աբ­խա­զիա­յի ու Թուր­քիա­յի համ­շե­նա­հա­յե­րին: Նա 2009 թ., որ­պես խմբա­գիր, ստա­ցել է Հա­մաշ­խար­հա­յին հայ­կա­կան կոնգ­րե­սի, Ռու­սաս­տա­նի հա­յե­րի միու­թյան, ՀՀ Սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյան եւ Հա­յաս­տա­նի ժուռ­նա­լիստ­նե­րի միու- թյան բարձ­րա­գույն մրցա­նակ­նե­րը: 1969 թ. ամ­ռա­նը Սեր­գեյ Վար­դա­նյա­նը Սեւ ծո­վի առափ­նյա Ադ­լեր քա­ղա­քում ակա­նա­տեսն է լի­նում մո­տա­կա Մոլ­դով­կա գյու­ղում հայ­կական դպրոց բա­ցե­լու պա­հան­ջով կազ­մա­կերպ­վող ստո­րագ­րա­հա­վա­քին՝ խո­րա­պես մտա­հոգ­վե­լով Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սի հայ­կա­կան դպրոց­ների ծանր կա­ցու­թյամբ: Վե­րա­դառ­նա­լով Հա­յաս­տան՝ նա չի կա­րո­ղա­նում մո­ռա­նալ այդ տխուր պատ­կե­րը, որից տպա­վոր­վե­լով՝ սկսում է զբաղ­վել ան­ծայ­րա­ծիր տա­րածք և տասն­մեկ ժա­մա­յին գո­տի ունե­ցող ԽՍՀՄ-ում սփռված հա­յե­րի խնդիր­նե­րով: Այս­պես նա բա­ցա­հայ­տում է համ­շե­նահա­յե­րին, որոնց բա­նա­վոր ժա­ռան­գու­թյան նմուշ­նե­րի ուսում­նա­սի­րությու­նը դառ­նում է նրա կյան­քի հե­տա­գա տա­րի­նե­րի գլխա­վոր գործն ու առա­քե­լու­թյու­նը։ Ս. Վար­դա­նյա­նը, բազ­մա­թիվ զրկանք­ներ կրե­լով, շատ ան­գամ­ներ մեկնում է թե՛ խորհր­դա­յին տար­բեր հան­րա­պե­տու­թյուն­ներ, թե՛ Արեւմ­տյան Հա­յաս­տան՝ հա­ճախ նույ­նիսկ առե­րես­վե­լով կյան­քին սպառ­նա­ցող ստույգ վտանգ­նե­րի: Սերգեյ Վարդանյանի գիտական ճանապարհը պարզապես հետազոտողի ուղի չէր․ դա հայ մարդու անմար հիշողության, հավաքական ցավի և գոյապայքարի արձանագրումն էր գիտության լեզվով։ Նրա գործը հատեց առարկայական հետազոտության սահմանները՝ վերածվելով հոգևոր ու ազգային պարտքի մարմնավորման։ Որպես բանագետ և ազգագրագետ՝ նա ապրեց այն գիտակցումով, որ գիտնկանը պատմությունը ոչ միայն վերլուծելու, այլև այն փրկվելու առաքելություն ունի։ Եվ հենց այդ գիտակցությամբ նա վերականգնեց մի ամբողջ ժողովրդի կիսամոռացված ներկայությունն ու ոգին։ Նրա գրչով են խոսել լռեցված համշենահայերը, նրա աչքերով է գիտությունը նայել մի իրականության, որը երկար ժամանակ մութ մնաց անգամ մասնագիտական հորիզոնների համար։ Սերգեյ Վարդանյանի կատարած աշխատանքը նախադեպ չունի հայագիտության մեջ։ Այսօր, երբ մենք խոսում ենք համշենագիտության մասին որպես կայացած գիտական ուղղություն, դա առավելապես Սերգեյ Վարդանյանի անունն է, որ արձագանքում է այդ բառի խորքում։ Նա չի սահմանափակվել արխիվային ու դաշտային գործով․ նա սփռեց լույս մի ժողովրդի վրա, որի գոյության իրավունքը տարիներ շարունակ փորձել էին ծածկել խավարի մեջ։ Ու հենց այս պատճառով է, որ Սերգեյ Վարդանյանը վեր է պարզապես գիտնականի կոչումից։ Նա սերունդների խղճի ձայնն էր, նա մի ամբողջ ինքնության պաշտպանն ու վերակենդանացնողն էր՝ անսակարկ ու անսասան։ Եվ որքան էլ տարիները հեռացնեն մեզ նրա երկրային ներկայությունից, այնքան ամրապնդվելու է նրա կատարած գործի արժեքը, քանի որ նա մեզ թողեց ոչ միայն գրքեր ու հոդվածներ, այլ մի կենսագիրք, որ կարդացվում է որպես ապացույց՝ գիտությունը կարող է լինել ոչ միայն իմացության, այլև փրկության ճանապարհ։ Սերգեյ Վարդանյանի անունը մշտապես վառ կմնա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմության էջերում՝ որպես նվիրյալ գիտնականի օրինակ։ Նրա կյանքը, աշխատանքը և անմնացորդ նվիրումը կդառնան ոգեշնչման և պատասխանատվության աղբյուր այն բոլոր երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում հայագիտության ոլորտում։ Նրա կենսագրությունն ապացույց է, որ գիտությունը կարող է լինել ոչ միայն մասնագիտական ընտրություն, այլ ամբողջական ապրած կյանք՝ ազգային հիշողության պահապանի առաքելությամբ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում