Հայաստանը Եվրամիությանը անդամակցելու հայտ չի ներկայացրել. Միրզոյան- Հայ-ռուսական նոր ծրագրի ստորագրում

  • 21.05.2025
  • 0
  • 308 Views

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ է, և այդ պարագայում ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ ինտեգրումը։ 

«Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարել է Արարատ Միրզոյանը։  

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացի սկսելու մասին օրենքի նախագծին։ 

Մեկնաբանելով Հայաստանի կառավարության նման որոշումը՝ Ռուսաստանում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: 

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում:  

Միրզոյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն ու կառուցողական են եղել:

«Երկուստեք նշել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքական երկխոսությունը՝ հիմնված երկու երկրների շահերի ու առաջնահերթությունների վրա»,–ասաց Միրզոյանը: 

Ընթացիկ տարին կշարունակի հագեցած լիներ փոխայցելություններով: Հայաստանում սպասում են նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին:

Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում տեսանելի են և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները: Փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն կա ԵԱՏՄ շրջանակում: 

«Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում: Եվ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: Այս համատեքստում հնարավորություն եմ ունեցել հերթական անգամ ներկայացնել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քննարկել ենք հնարավորությունները, որոնք կարող են ընձեռվել այդ նախաձեռնության իրագործման պարագայում»,–ասաց ԱԳ նախարարը:

Նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ օրակարգի, հնարավոր հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:

Երկկողմ օրակարգային հարցերին զուգահեռ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: «Խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին: Հույս ենք հայտնել, որ համաձայնագրի կնքման, վավերացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել: Չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին՝ Հայաստանը հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,–ասաց Միրզոյանը:

Հայաստանի համոզմամբ՝ դա համապատասխանում է անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին ու հետաքրքրություններին:

ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև մեդիա ոլորտին առնչվող հարցերի: «Մասնավորապես անդրադարձել ենք առաջացող խնդիրների պարբերական և ժամանակին հասցեագրման, փոխըմբռնման ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու և այդ ջանքերի միջոցով անհարկի, միակողմանի գնահատականներից, միջամտություններից զերծ մնալու կարևորությանը»,–նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Աղբյուր՝ Armenpress,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան – ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում