Մայիսի 17. Բազել- Եվրատեսիլ 2025ի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող երգիչ JJ-ն։ Հայաստանի ներկայացուցիչ Պարգը (Պարգև Վարդանյան) հանդես եկավ «Survivor» երգով՝ համադրելով էլեկտրոնային փոփ երաժշտությունը և հզոր բեմադրությունը։ Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը։
Պարգը իր ելույթում ներկայացավ առանց վերնաշապիկի, ցուցադրելով իր դաջվածքները, և օգտագործեց կրակե էֆեկտներ, ինչը ստեղծեց զգացմունքային և հիշվող մթնոլորտ։ Նրա բեմադրությունը համեմատվել է Imagine Dragons խմբի ոճի հետ՝ շնորհիվ նրա էներգետիկ կատարողականի և հուզական արտահայտչականության ։

«Survivor» երգը, որի հեղինակներից է նաև ինքը՝ Պարգը, հանդիսանում է ինքնահաստատման և դիմադրության մասին հզոր ուղերձ։ Երգի խոսքերը՝ «I’m a survivor, stay-aliver, do or die, in my prime, I’m a fighter», ընդգծում են պայքարի և ուժի թեմաները։ Բեմում նա նաև ներառել է հայերեն տողեր՝ ընդգծելով իր ազգային ինքնությունը և ստեղծելով ավելի խորը կապ հանդիսատեսի հետ ։
Պարգը ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ «Դեպի Եվրատեսիլ 2025» ազգային մրցույթի արդյունքում, որը տեղի է ունեցել փետրվարի 16-ին։ Նա հաղթել է ինչպես միջազգային և ազգային ժյուրիների, այնպես էլ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ։
Նրա եզրափակիչ ելույթը մեծ արձագանք է գտել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մեդիայի կողմից՝ արժանանալով բարձր գնահատականների իր արտիստիզմի և բեմադրության համար։
Այս մասին հաղորդել է Նիդերլանդական օրագիրը։


«ՀայաՔվե» միավորման խորհրդի հայտարարությունը․
«Մեր ազգը և ինքնությունը կրկին անարգանքի են ենթարկվել միջազգային հարթակում։ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերը ոչ միայն անթույլատրելի են, այլև բացահայտում են մի վտանգավոր միտում, որին մենք ականատես ենք տարիներ շարունակ, այն է` հայկական ներկայության համակարգված օտարում մեր պատմական տարածքներից, մեր պատմական իրավունքները ոտնահարում՝ հայկական պետության լռության պայմաններում:
Երուսաղեմի հայկական թաղամասը Սուրբ Երկրում մեր ժողովրդի 1600-ամյա ներկայության կենդանի վկայությունն է: Երբ դեռ շատ ազգեր և պետություններ գոյություն իսկ չունեին, այն մեր արժեքավոր ազգային ժառանգությունն էր և ամբողջ հայկական աշխարհի հպարտությունը, ուստի պետք է մշտապես լինի Հայաստանի կառավարության ուշադրության ներքո:
Այս իրավիճակը, սակայն, ևս մեկ անգամ վկայում է, որ մեր պետության դիվանագիտական մեխանիզմները ձախողվել են։ Արդյունքում, Սփյուռքի հայ համայնքները մենակ են մնացել իրենց պայքարում, նրանց իրավունքները շարունակաբար ոտնահարվում են: Անշուշտ, սա նաև իշխող վարչախմբի՝ Հայկական սփյուռքից հրաժարվելու հետևողական քայլերի հետևանքն է։ Կեղծ խաղաղասիրությամբ, թուրքական պահանջը բավարարելու մոլուցքով տառապող կամակատարները զրկում են մեզ դիմադրողական ուժից և աշխարհում մեր ազդեցությունից: Մեր առաջնահերթությունը պետք է լինի աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությունը, ինչը հնարավոր է միայն ուժեղ, ինքնիշխան և ազգային արժեքներով առաջնորդվող պետության միջոցով։
Հայկական ներկայության պաշտպանությունը պետք է նորից դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարը: Մինչ այդ, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր ազգային արժանապատվությունը և պատասխանատվության կանչելու այն վիրավորողներին»:
Իր հերթին Իսրայելի հեռուստատեսության ուղարկած նամակը հրապարակել էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։
Ներկայացնում ենք Իսրայելի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար։
Կից ներկայացված է պաշտոնական նամակը.
Եվրատեսիլի հեռարձակումները Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։
Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։
Ընդհակառակը՝ մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները։
Երբ իմացանք, որ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։ Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։
KAN – Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիան՝ ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։
Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում։
Հարգանքով,
Գոլան Յոխպազ
Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն



