Wizz Air-ը հայտարարել է հոկտեմբերի 1-ից Հայաստանից դեպի եվրոպական 8 նոր քաղաքներ չվերթեր մեկնարկելու մասին․

  • 07.05.2025
  • 0
  • 630 Views

Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 8 նոր քաղաքներ չվերթեր մեկնարկելու մասին։

Wizz Air ավիաընկերությունը  Հայաստանից նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկի 2025 թվականի հոկտեմբերի 1-ից: Առաջին թռիչքը կիրականացվի դեպի Պրահա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց  «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները՝ ընդգծելով, որ բոլոր նոր ուղղություններով թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերի 1-28-ի ընթացքում:

Ավիաընկերությունը Երևանից չվերթեր կիրականացնի հետևյալ ուղղություններով՝

🇩🇪 Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա),

🇮🇹 Նեապոլ, Բարի (Իտալիա),

🇷🇴 Բուխարեստ (Ռումինիա),

🇨🇾 Պաֆոս (Կիպրոս),

🇫🇷 Նիս (Ֆրանսիա),

🇨🇿 Պրահա (Չեխիա)։

«Գները սկսվում են 29.99 եվրոյից։ Սա ևս մեկ մեծ քայլ է ճամփորդությունները բոլորի համար ավելի հասանելի դարձնելու ճանապարհին»,- հայտարարել է ավիաընկերությունը։

Տնօրենը նշել է՝ թռիչքները մի շարք ուղղություններով կլինեն շաբաթական երեք անգամ,  որոշ ուղղություններով՝ երկու անգամ: Ավիաընկերությունը նաև մեծացնում է դեպի Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ Մեջբերում է Արմենպրեսը։

Միակողմանի տոմսի գինը ներառում է վարչական վճար և ձեռքի փոքր ուղեբեռ (առավելագույն չափսեր՝ 40x30x20 սմ): Անիվավոր ճամպրուկների և գրանցված ուղեբեռի այլ տեսակների համար գանձվում է լրացուցիչ վճար։ Գինը գործում է միայն wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածի միջոցով ամրագրման դեպքում։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում