Այսօր՝ 22 ապրիլի, 2025թ. Սուրբ Աթոռի Մամլո Գրասենյակը հայտարարեց, թե Ֆրանչիսկոս Պապի թաղման արարողությունը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 26-ին, Իտալիայի ժամանակով առավոտյան 10:00, Սբ. Պետրոսի հրապարակում:
Սուրբ Պատարագին կնախագահի Կարդինալ Ջիովաննի Բատտիստա Ռեն՝ Կարդինալների դասի Դեկանը, Պատրիարքների, Կարդինալների, Արքեպիսկոպոսների, Եպիսկոպոսների և քահանաների համապատարագությամբ, ովքեր կներկայացնեն աշխարհով մեկ սփռված Կաթողիկէ Եկեղեցին:
Սուրբ Պատարագը կավարտվի Ultima commendatio կոչվող աղոթքով, որով կսկվի Ն.Ս. Ֆրանչիսկոսի համար նախատեսված սգո 9-օրյա շրջանը, որի ընթացքում կմատուցվեն Սուրբ Պատարգներ՝ նրա հոգու համար և կլինեն այլ աղոթական արարողություններ:
Թաղման Սուրբ Պատարագից հետո Պապի մարմինը նորից կտեղափոխվի Սուրբ Պետրոսի Տաճար, ապա՝ իր վերջնական հանգստավայրը՝ Հռոմի Սանթա Մարիա Մաջիորե բազիլիկ տաճարը՝ գերեզմանի մեջ դրվելու համար:
Պապի մարմինը ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, ինչպես ասել էինք, կդրվի Սուրբ Պետրոսի Տաճարում, որպեսզի հավատացյալներն աղոթեն նրա մարմնի մոտ: Քասա Սանթա Մարթայից դեպի Սուրբ Պետրոսի Տաճար Պապի մարմնի տեղափոխության արարողությանը կնախագահի պապական սենեկապետ Կարդինալ Քեվին Ֆարրելը: Արարողությունը կսկսվի առավոտյան 9:00-ին:
Ֆրանցիսկոսի մարմինը կտեղափոխվի թափորով՝ անցնելով Սանթա Մարթայի հրապարակով և Հռոմեական Նախամարտիրոսների հրապարակով, ապա կանցնի Զանգերի կամարներով և կենտրոնական մուտքով կբերվի Սուրբ Պետրոսի Մայր Տաճար:

Ամբողջական հոդվածը՝
ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀՈԳԵՎՈՐ ԿՏԱԿԸ՝ ԻՐ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապն այս կտակը գրել է 2022թ. հունիսի 22-ին և խնդրել իր հուղարկավորությունը կատարել Հռոմի Սանթա Մարիա Մաջիորե տաճարում՝ հետևյալ կերպ.
«Քանի որ զգում եմ, որ կյանքս մոտենում է իր մայրամուտին, հավիտենական կյանքի նկատմամբ հաստատուն հույսով, ես ուզում եմ բացատրել իմ վերջին ցանկությունները, որոնք վերաբերվում են միայն իմ թաղման վայրին:
Իմ ամբողջ կյանքում և ծառայության ընթացքում՝ որպես քահանա և եպիսկոպոս, ես միշտ ինքս ինձ վստահել եմ Տիրամորը՝ Երանելի Կույս Մարիամին: Հետևաբար, խնդրում եմ, որ աճյունս հանգստանա Սանթա Մարիա Մաջիորե պապական բազիլիկ տաճարում՝ սպասելով Հարության օրվան:
Ես ուզում եմ, որ իմ երկրային ճամփորդությունն ավարտվի այս հնագույն մարեմական սրբավայրում, որտեղ ես միշտ կանգ էի առնում աղոթելու իմ յուրաքանչյուր առաքելական ճամփորդությունից առաջ և հետո՝ դիտավորություններս վստահելով Անարատ Մորը և շնորհակալություն հայտնելով նրա քնքուշ և մայրական հոգատարության համար:
Խնդրում եմ, որ գերեզմանս պատրաստվի հուղարկավորության խցում՝ կողմնակի մասում՝ Սուրբ Պողոսի մատռան և Սֆորցայի մատռան մեջտեղում, ինչպես ցույց է տրված նախագծում:
Գերեզմանը պետք է լինի հատակի մեջ, պարզ՝ առանց հատուկ զարդարանքների, և պետք է ունենա միայն հետևյալ գրառումը՝ Franciscus:
Թաղման պատրաստության ծախսերը պետք է կատարվեն մի բարեգործի նվիրատվությամբ, որը ես կարգադրել եմ, որպեսզի փոխանցվի Սանթա Մարիա Մաջիորե պապական բազիլիկ տաճարին…
Թող Տերը հավուր պատշաճի պարգևատրի բոլոր նրանց, ովքեր սիրել են ինձ և շարունակում են աղոթել ինձ համար: Այն տառապանքը, որը կրեցի կյանքիս վերջում, ընծայում եմ Տիրոջը՝ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև եղբայրության համար:
Սանթա Մարթա, 29 հունիսի, 2022թ.
Ֆրանցիսկոս»



