82 տարեկանում մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ, նախկին սենատոր եւ Եվրոպատգամավոր, չեխ լրագրող Յարոմիր Շտետինան

  • 17.04.2025
  • 0
  • 3619 Views

Այսօր 82 տարեկան հասակում Պրահայում մահացել է նախկին չեխ քաղաքական գործիչ,սենատոր եւ եվրոպատգամավոր, գրող և Lidové noviny-ի հայտնի օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Յարոմիր Շտետինան։ ՕՐԵՐ ամսագրի խմբագիրները ճիշտ երեկ տեսակցեցին անվանի քաղաքական գործչին ու լրագրողին իր հիվանդասենյակում, ուր նա գտնվում էր երկարատեւ հիվանդության պատճառով։

Յարոմիր Շտետինան կարեւոր հետք է թողել հայ-չեխական հարաբերությունների պատմության մեջ, լուսաբանել է Ղարաբաղյան խնդիրը դեռեւես խորհրդային տարիներից, եղել է թեժ կետերում։ Չեխիայի սենատի անդամ դառանալուց հետո աշխատաում էր Հայոց ցեղասպանույթան ճանաչման ուղղությամբ, իսկ Եվրոպական խորհրդարանում մասնակցում էր Արցախին նվիրված քննարկումներին եւ իր արդար ձայնը բարձրացնում հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության։ Վերջին 7-8 տարիներին հիվանդության պատճառով ակտիվ գործուենույթամբ չէր զբաղվում, բայց շարունակում էր գրել ու գրքեր հրատարակել, այդ թվում նվիրված հայկական թեմաներին։ Սպիտակի երկրաշարժին նվիրված նրա պատմվածքներից մեկը բեմադրվել է Պրահայի Վիոլլա թատրոնում։

2004 թվականին նա հաջողությամբ մասնակցել էր Կանաչների կուսակցությունից ընտրություններին եւ դարձել Սենատի անկուսակցական թեկնածու՝ տասը տարի աշխատելով խորհրդարանի վերին պալատում: Իսկ 2015-2019 թվականներին իբրեւ սենատոր ներկայացնում էր TOP 09 կուսակցությունը ​​Եվրախորհրդարանում:

Նա նաեւ 1992թ չեխական People in Need – «Մարդը կարիքի մեջ» միջազգային բարեսիրական կազմակերպության համահիմնադիրներից էր, որը ստեղծվել էր Հայաստանի երկրաշարժից հետո։ 1970-ականներից կազմակերպել է արշավներ դեպի Սիբիր և Ասիա, թղթակցել խորհրդային Միության տարբեր վայրերից։

2017 թվականին նա իբրեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր դիտորդական առաքելությամբ մասնակցել էր Արցախում անցկացված ընտրություններին, որից հետո Ադրբեջանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։

2013 թվականին «Գրական թերթում» հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա «Գրիշայի հիմար ժպիտը» պատմվածքը։

Նա շուրջ տասը գրքերի, հարյուրավոր հոդվածների, տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ 2000 թվականին նախագահ Վացլավ Հավելը նրան պարգևատրել է «Արժանիքների համար» մեդալով: Նա արժանացել է նաեւ Ռուդոլֆ Մեդեկի մրցանակին։ 2022 թվականին ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, պարգևատրվել է «Պատվո մեդալ»-ով՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման ու զարգացման և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Աստված հոգին լուսավորի, հայ ժողովրդի եւս մեկ բարեկամ պակասեց մեր շարքերից։

ՕՐԵՐ-ի խմբագրակազմը ցավակցում է սիրելի Յարոմիր Շտետինայի հարազատաներին ու բարեկամներին, որդուն եւ թոռնիկներին։

Խորհրդանշական է, որ վերջին հրաժեշտը անվանի լրագրողին ու քաղաքական գործչին ծրագրված է ապրիլի 24-ին ժամը 14-ին Ստրաշնիցեի գերեզմանատանը։

orer

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում