«Սամվել Ղազարյան. Արարման ուղին» ցուցահանդեսը կբացվի Հայաստանի Ազգային պատկերասրահում՝ նվիրված արվեստագետի 75-ամյակին

  • 10.02.2025
  • 0
  • 1815 Views

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ

ներկայացնում է

«ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ. ԱՐԱՐՄԱՆ ՈՒՂԻՆ»

ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 75-ամյակին

Փետրվարի 12, ժ. 18:00

Երևան, Արամի 1

Քանդակագործ, գրաֆիկ Սամվել Ղազարյանի արվեստն առանձնանում է ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ, խորքային բովանդակությամբ և կերպարային բազմազանությամբ: Նրա ստեղծագործություններում զուգակցվում են քնարականությունը և միստիցիզմը։ Վարպետի համար արվեստի շարժիչ ուժը գաղափարն է, որը տարածության մեջ զարգանալով՝ ստանում է ձև ու բովանդակություն։ Արարման ելակետ է միտքն ու հոգին, որ անցնելով ինքնամաքրման ուղին՝ կատարսիսը, և վերածվելով գեղեցիկ արվեստի, դառնում է մտածող արվեստագետի ձգտման արտահայտություն դեպի գոյի իմացություն։ Սամվել Ղազարյանի ծավալային մտածողությունը նկատելի է նաև գծանկարչության մեջ, որտեղ դրսևորվում են նույն փիլիսոփայական խորությունը, պլաստիկական լուծումների հարստությունը և կերպարային արտահայտչականությունը, որոնք հատուկ են նրա քանդակներին։

Անկախ չափից, նյութից կամ թեմայից՝ Սամվել Ղազարյանի արվեստը կրում է մոնումենտալ հնչողություն։ Նրա յուրաքանչյուր երկ առանձնանում է ձևի արխիտեկտոնիկ կառուցվածքով, լակոնիկ ասկետիզմով և դասական համաչափության ներդաշնակ կիրառմամբ։ Ղազարյանի ստեղծագործությունները հայ քանդակագործության կարևորագույն ձեռքբերումներից են, որոնք միավորում են ավանդական ժառանգությունը, ինքնատիպ ոճական մոտեցումներն ու համամարդկային գաղափարները:

Հոբելյանական ցուցահանդեսը, որն ընդգրկում է 70-ից ավելի քանդակ և գրաֆիկակական աշխատանք, նպատակ ունի ներկայացնելու արվեստագետի արարման ուղին՝ նրա ստեղծագործությունները բոլոր փոխակերպումներով հանդերձ, որոնք ծնվել են թե՛ գիտակցված, թե՛ ինտուիտիվ՝ ի հայտ բերելով խոր բովանդակություն և սիմվոլիկա։

Ցուցահանդեսի համադրող՝ Մարիամ Դավթյան:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու «Սամվել Ղազարյան. Արարման ուղին» ցուցահանդեսի բացումը, որը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժ. 18։00-ին:

Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում