Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց բանակի 33-րդ տարեդարձի առթիվ

  • 28.01.2025
  • 0
  • 226 Views

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առիթով՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես, նշված է․

«Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։

«Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։

Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։ 

Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ 

Թող Աստծո խաղաղությունը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ. ամեն»։

Դեռեւս հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Մարդկության հանդեպ Աստծո սերն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերությամբ: Նույն զոհաբերվող սերն առկա է հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ։ …Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։

Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։

Վերջում ամենքին շնորհավորելով բանակի օրվա առիթով՝ Մովսես վարդապետը Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում