Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագներից է իր թևի տակ առնել Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի և հայ ընտանիքի, որոնց ցանկությունն է Հայ Եկեղեցու միջոցով պահել իրենց ազգային դիմագիծը, ինքնությունը և կրոնը, միավորվել ու կառուցել իրենց փոքրիկ Հայաստանը՝ լինելով Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր այն կողմ։ Ցանկանալով Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում ունենալ հայկական եկեղեցիներ ու ձևավորված համայնքներ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2022 թվականին Հայրապետական Սրբատառ Կոնդակով հաստատեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը՝ Հայրապետական պատվիրակ նշանակելով Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին՝ մայրցամաքից այն կողմ ապրող մեր հայորդիներին տալով հոգևոր կյանքի առաջընթաց, ազգային և մշակութային կյանքի վերելքներ։ Չեռնոգորիայում, այս պահի դրությամբ, ապրում են մոտ 40 հայ ընտանիքներ։

Մայիսի 9-ին գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը, իբրև Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ, հովվական այցելություն կատարեց Չեռնոգորիայի Տիվատ քաղաք։ Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի հետ։ Տաթև Սրբազանը խոսեց եկեղեցական համայնքի կարգավիճակի և կանոնակարգված եկեղեցական համայնք ստեղծելու մասին՝ անդրադառնալով մշտական հոգևոր հովիվ ունենալու կարևորությանը։ Հոգևոր հովիվը կծառայի միաժամանակ Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության բոլոր երկրներում՝ Ալբանիա, Սլովենիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հյուսիսային Մակեդոնիա, Չեռնոգորիա և Խորվաթիա։
Հաջորդ օրը, մայիսի 10-ին, տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի և Չեռնոգորիա-Պրիմորսկի Մետրոպոլիտ Իոանիկիեի միջև։ Մետրոպոլիտի հրավերով Սրբազան Հայրը մասնակցեց «Քրիստոսի Հարության լույսի ներքո՝ Բոկելյե Սուրբ Սավայի և Պրևլակայի նահատակներ» ավանդական եկեղեցական-ժողովրդական միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Բուենոս Այրեսի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի եպիսկոպոսը, Զագրեբ-Լյուբլյանայի Միտրոպոլիայի ադմինիստրատորը։ Թափորը, Տիվատ քաղաքով պտտում էր Պրևլակայի 70 նահատակների մասունքներով սրբապատկերը գրեթե մեկ ժամից ավել, ի հիշատակ Սուրբ Սավայի մասունքերի այրման։ Բնակիչները և հավատացյալները օրհնություն էին ստանում, ծաղիկներ նետում և քայլում թափորի ետևից։

Սուրբ Սավան Սերբիայի ամենաճանաչված և կարևոր սրբերից մեկն է, ծնվել է 12-րդ դարի կեսերին, ապրել իր կյանքը նվիրելով Աստծուն՝ ծոմապահությամբ, սխրանքի և աղոթքի միջոցով, զոհել իրեն եկեղեցուն և ժողովրդին։ Սուրբ Սավան հիմնել է ինքնավար Սերբական Ուղղափառ Եկեղեցին և 1219 թվականն եղել առաջին եպիսկոպոսը։ Նրա մահից հետո, 1594 թվականին, Վռաչառ լեռան վրա Կոջա Սինան-Պաշան այրում է Սուրբ Սավայի մասունքները։
Նույն օրը, մայիսի 10-ին, կատարվեց եկեղեցու պարտեզում տեղադրված խաչքարի օծումը, որը Չեռնոգորիայի հայ համայնքի նվերն է, որպես սերբական և հայկական բարեկամության խորհրդանիշ։ Խաչքարի օծումը կատարեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը։ Խաչքարի օծմանը ներկա էին Տիվատի քաղաքապետ Ժելյկո Կամենովիչը, քաղաքապետարանի աշխատակազմի նախագահ Միլյան Մառկովիչը, ավագ քահանա արժ․ Միայլո Բացկովիչը, Չեխիայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Էմմա Պառավյանը, Չեռնոգորիայի հայ համայնքի անդամները, նախագահ Վահե Հանեսյանի գլխավորությամբ։ Խաչքարը կդառնա նաև այն վայրը, ուր ամեն տարի կկատարվի Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Օսմանյան Կայսրության կողմից Հայոց Ցեղասպանության ժամանակ նահատակված հայորդիների։




Երեկոն ավարտվեց Տիվատ քաղաքի «Մշակույթի Տանը», Բոկայի ուղղափառ երգչախմբի ելույթով, որին հաջորդեց պաշտոնական ճաշկերույթը։
Շաբաթ օրը, մայիսի 11-ին, Տաթև Սրբազանի կողմից Պրասկվիցա վանքում, առաջին անգամ տեղի ունեցավ մկրտություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակատարության համաձայն։ Մկրտվեց մի փոքրիկ աղջնակ՝ Դիանա Զաքոյանը, հայ համայնքի երևելի անդամ Գուրգեն Զաքոյանի դուստրը։
Բարի դրացիական կապեր հաստատելով Բալկանյան երկրների հետ՝ Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է իր գործունեությունն այնտեղ՝ փորձելով իր հայրական հոգածության ու հոգևոր խնամքի ներքո պահել իր զավակներին։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան
orer.eu




