Պաղեստինցի կինոբեմադրիչի «Կյանքը հիանալի է» ֆիլմին՝ չեխական կինոփառատոնի գլխավոր մրցանակ. Ապշեցուցիչ էր հունական ֆիլմի պատմությունը

  • 05.04.2024
  • 0
  • 353 Views

Պրահայում ավարտված, բայց Չեխիայի շրջաններում դեռեւս շարունակվող  «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների հարցերին նվիրված միջազգային 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ պաղեստինցի կինոբեմադրիչ Մոհամեդ Ջաբալիի «Կյանքը հիանալի է» ինքնակենսագրական ֆիլմը։ Այդ մասին հայտարավեց անցած շաբաթ՝ մարտի 28-ին Պրահայի Լյուցերնա հայտնի կինոդահլիճում՝ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ։ Ջաբալին չէր կարողացել ժամանել, բայց տեսաուղերձ էր ուղարկել, որում ոչ միայն շնորհակալություն հայտնեց նման պատվավոր մրցանակի արժանանալու համար, այլեւ այդ պարգեւը նվիրեց վերջերս իսրայելական ռմբակոծությունների զոհ դարձած իր մտերիմ ընկերոջ հիշատակին։ 93 րոպեանոց ֆիլմը Նորվեգիայի եւ Պաղեստինի համատեղ արտադրությունն է, եւ ցույց է տալիս երիտասարդ կինոբեմադրիչի դեգերումները Նորվեգիայում՝ միաժամանակ կապ պահելով Պաղեստինում տիրող իրավիճակի հետ։ Ֆիլմն այնպիսի վարպետությամբ է նկարահանված, որ վերջում ակամայից աջակցում ես պաղեստինցիներին, ընդ որում, ֆիլմում ոչ մի խոսք չկա Իսրայելի մասին։

 2014 թվականին Ջաբալին նորվեգացի ֆիլմարտադրողների հրավերով գալիս է  նորվեգական Տրոմսո քաղաք։ Մեկ ամիս անց փակվում է Գազա գնալու միակ անցակետը եւ Ջաբալին ստիպված մնում է Նորվեգիայում եւ իր նորվեգացի ընկերների հետ պայքարում, որպեսզի այնտեղ օրինական ապրելու եւ աշխատելու իրավունք ստանա։ Մանրամասների մեջ չմտնելով, նշենք, որ այդ ընթացքում՝ 2016-ին  նա ավարտում է իր «Շտապ օգնություն» ֆիլմը, որով մասնակցում է հեղինակավոր միջազգային կինոփառատոնների եւ արժանանում մրցանակների։ Այնուհետեւ ողջ ընթացքում նկարահանում է Նորվեգիայում մնալու եւ Գազայում մնացած իր հարազատների հետ հեռախոսով խոսելու ամենօրյա զրույցները եւ դրանց հիման վրա պատրաստում  «Կյանքը հիանալի է» ֆիլմը։ Մրցանակը ստացավ կինոփառատոնի տնօրեն Օնդրեյ Կամենեցկին, ով ոչ միայն դրվատանքի խոսքեր շռայլեց ֆիլմի եւ կինոբեմադրիչի հասցեին, այլեւ խոստացավ մրցանակը փոխանցել Մոհամեդին։

Տարբեր անվանակարգերում 94 ֆիլմերից մրցանակների արժանացան մոտ մեկ տասնյակի այլ ֆիլմեր։ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացավ մակեդոնացի կինոբեմադրիչ  Կումյանա Նովակովան «Երբ բանականությունը լռում է» ֆիլմի համար։ Նա 2006 թվականին Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում  հիմնել է  «Մարդու իրավունքներ» կինոփառատոնը։ Այս ֆիլմը պատմում է  Հաագայի տրիբունալում 2000 թվականին քննված մի գործի՝ բոսնիական պատերազմի ընթացքում  մի կնոջ բազմիցս բռնաբարելու փաստերի մասին ։  

Չեխական ժյուրիի մրցանակին արժանացավ Վերա Չականյովայի «Նշումներ Eremocén-ից» ֆիլմը, որը ապագա սերունդներին ուղղված մի ուղերձ է՝ երկիր մոլորակի եւ տիեզերքի ապագայի մասին։

Վացլավ Հավելի անվան մրցանակը տրվեց «extremisti.br» ֆիլմին, որի ռեժիսորը բրազիլացի Կայո Կավեչինին է։ Հանդիսահեսի մրցանակին արժանացավ Յարմիլա Շտուկովայի «Իմ նոր դեմքը ֆիլմը, որը պատմում է ավտովթարից հետո նոր պայմաններում ապրելու համար պայքարող  25 ամյա Մարտինայի մասին։

Տարծաշրջանային ժյուրիի մրցանակը տրվեց կինոփառատոնում ցուցադրվող ամենասկանդալային պատմություններից մեկը ներկայացնող՝  հույն կինոբեմադրիչ Վանիա Թըրների «Ընդդեմ քամուն» ֆիլմին։ Հույն մարզուհիներ Սոֆիայի եւ Ամալիայի պատմություններով ներկայացվում է մի զազրելի հանցագործություն։ Պարզվում է տարիներ շարունակ, Հունաստանի Մարմնամարզության  օլիմպիական հավաքականի ղեկավարությունը թաքցրել է, թե ինչպիսի սեքսուալ բռնությունների են ենթարկվում  պատանի մարզուհիները իրենց մարզիչների կողմից։ Նրանցից մեկը 11 տարեկանից սկսած բռնաբարվել է մարզիչի կողմից, երբ մրցումների են մեկնել տարբեր արտասահմանյան երկրներ։ Օլիմպիական կոմիտեի չինովնիկները ոչ միայն պատասխանտվության չեն կանչել այդ մարզիչներին, այլեւ իրենք էլ մասնակցել են որոշ մարզուհիների բռնաբարությանը։ Այս մի քանի դեպքերի բացահայտումից հետո Հունաստանում սկսվել է  ME Too շարժումը եւ աղջիկներին են միացել նաեւ այլ տուժածներ։ Ֆիլմում ռեժիսորը հետեւում է աղջիկների խնդրով ընթացող դատավարություններին, եւ վերջում պարզվում է, որ Ամալիային բռնաբարած մարզիչին 13 տարվա ազատազրկում են տվել։ Իսկ թե որքան երեխաներ են տուժել Հունաստանում նման բռնություններից, որեւէ պաշտոնական թիվ չի հրապարակվում։ Վանիան ստանալով մրցանակը՝ շնորհակալություն հայտնեց ֆիլմին եւ աղջիկներին ցույց տված նման աջակցության համար։

Վերջում նշենք, որ մրցանակներ տրվեցին նաեւ երեխաների եւ ուսանողների ժյուրիների կողմից։

Փակման կարեւոր դրվագներից մեկն էլ այն էր, որ կինոփառատոնը անցկացվում էր երկրի նախագահի հովանու ներքո եւ նախագահ Պետր Պավելն անձամբ եկավ եւ շնորհավորեց թե՛ մրցանակակիրներին, եւ թե՛ կազմակերպիչներին։ Նա խոստովանեց, որ թեեւ փառատոնի ոչ մի  ֆիլմ չի  դիտել, սակայն մրցանակների արժանացած ֆիլմերի մասին կարճ տեսահոլովակներից կարելի է եզրակացնել, որ  ներկայացվել են ազդեցիկ ֆիլմեր։

Ցավալի է, որ այս անգամ էլ հայկական ֆիլմեր չկային փառատոնային ծրագրում։ Փոխարենը կային իրանական, վրացական եւ ուկրաինական ֆիլմեր, որոնք ցուցադրվեցին «Փնտրելով ազատություն» անվանակարգում։ Եվ ինչպես արդեն հաղորդել էինք, փառատոնի բացմանը ամենամյա մարդու իրավունքների HOMO HOMINI մրցանակը տրվեց ադրբեջանական Abzas մեդիային, որը հետապնդվում է Ալիեւի կառավարության կողմից։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Լուսանկարները՝ կինոփառատոնի եւ ՕՐԵՐ ամսագրի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում