Առաջին անգամ փաստավավերագրական կինոփառատոնում կցուցադրվեն նաեւ գեղարվեստական ֆիլմեր
2024 թվականի մարտի 20-ից ապրիլի 21-ը Չեխիայի 48 քաղաքներում կանցկացվի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային 26-րդ կինոփառատոնը, որը Պրահայում տեղի կունենա մարտի 20-28-ը։ Ինչպես միշտ, կինոփառատոնում կցուցադրվեն աշխարհի ամենատարբեր մասերում նկարահանված 96 ֆիլմեր, որոնք կանդրադառնան մարդու իրավունքների ամենատարբեր ոլորտներին՝ անհատական ճնշումներից, դատական իրավախախտումներից մինչեւ կլիմայի փոփոխություն եւ պատերազմներ։
Ցավոք, այս տարի էլ կինոփառատոնի ծրագրում չկա ոչ միայն որեւէ հայկական ֆիլմ, այլեւ Արցախում մարդու իրավունքների ճնշման եւ էթնիկ զտման մասին պատմող ֆիլմ։ Իհարկե, այս բացը պայմանավորված է նաեւ հայ կինովավերագրողների պասսիվությամբ։
Փոխարենը, կինոփառատոնի կողմից տրվող մարդու իրավունքների HOMO HOMINI մրցանակը կտրվի ադրբեջանական առցանց Abzas մեդիային, որը քննադատում է Ադրբեջանի կոռումպացված կառավարությանը, հրապարակում է մարդու իրավունքների խախտումներին նվիրված քաղաքական հոդվածներ։ Այս առցանց հարթակի վեց լրագրողներ այժմ գտնվում են բանտում, այդ թվում՝ հիմնադիր Ուլվի Հասանլին եւ գլխավոր խմբագիր Սեկինջ Վագիֆգիզին։ Պրահայում մրցանակը կստանա նորանշանակ գլխավոր խմբագիր Լեյլա Մուստաֆաեւան,որը գտնվում է արտերկրում։


Կինոփառատոնի տնօրեն Օնդրեյ Կոմինեցկին հայտնեց, որ այս տարի առաջին անգամ կցուցադրվեն նաեւ գեղարվեստական ֆիլմեր։
Փառատոնի բացման ֆիլմն է իրանցի հայտնի կինոռեժիսորներ Ալի Ասգարիի եւ Ալիռեզա Խաթամիի Terrestrial Verses/ «Երկրային հատվածներ» ֆիլմը։ Վավերագրական արդեն հայտնի ֆիլմերից կցուցադրվի Օսկարի ներկայացված «20 օր Մարիուպոլում» ֆիլմը, որից զատ ուկրաինական թեմայով մի քանի ֆիլմեր կցուցադրվեն կինոփառատոնի տարբեր բաժիններում։ Եվս 7 կարճամետրաժ ֆիլմեր կցուցադրվեն երեխաների համար։
Միջազգային մրցութային ծրագրից զատ, կլինեն նաեւ տասը այլ բաժիններ, այդ թվում՝ չեխական ֆիլմերի եւ Միջին Արեւելքի։
«Համաշխարհային պրեմիերա» շարքում կցուցադրվի ռուսաստանցի կինոռեժիսորներ Միխայիլ Բաշկիրովի եւ Բիատա Բաշկիրովայի «Շամանի պատմությունր ֆիլմը։



«Իմանալու իրավունքով» բաժնում կցուցադրվի Բրիտանա_հունական կինոռեժիսոր Վանիա Թըրների «Ընդդեմ քամուն» ֆիլմը, որը նախկին օլիմպիական հույն չեմպիոնուհու անձնական պատմությունն է, թե ինչպես է նա մարզական չինովնիկների կողմից ենթարկվել սեռական բնույթի բռնությունների։ Փառատոնին ռեժիսորի հետ ներկա կլինի նաեւ ֆիլմի հերոսուհին։
«Ազատություն փնտրելով» բաժնում հնարավոր կլինի դիտել Օսկարի ներկայացված մի այլ ֆիլմ՝ Io Capitanoն, որի ռեժիսորն է Մաթեո Գարոնեն։ Ֆիլմը պատմում է Սենեգալից մինչեւ Եվրոպա հասած երկու աֆրիկացի պատանիների ճամփորդության մասին։


Կինոփառատոնին իր վերջին ֆիլմով կմասնակցի լեհ հայտնի կինոռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Ագնեշկա Հոլանդը, որի «Սահման» ֆիլմը մեծ աղմուկ է հանել Լեհաստանում եւ արժանացել քննադատության։ Ֆիլմը պատմում է լեհական սապմաններին մոտ հայտնված սիրիացի փախստական ընտանիքի ողբերգության եւ մարդասիրական ճգնաժամի մասին։
Կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ կինոնախագծերի East Doc Platform հարթակը, որտեղ կընտրվեն լավագույն կինոնախագծերը։
Հ.Ա.
Օրեր



