«Նեմեսիս Հայոց ցեղասպանության համար». Չեխական «ՄՖ Դնես»ի ծավալուն անդրադարձը

  • 26.01.2024
  • 0
  • 838 Views

Օրերս չեխական ՄՖ ԴՆԵՍ պարբերականը հրատարակել էր ղարաբաղյան հակամարտությանը բազմիցս անդրադարձած չեխ վերլուծաբան, Չեխիայի պաշտպանության համալսարանի պատմաբան Տոմաշ Րժեպայի «Նեմեսիս Հայոց ցեղասպանության համար» ծավալուն հոդվածը, որն ուշագրավ է այն առումով, թե ինչպես է հեղինակն արժանապատվորեն նկարագրում սարսափելի արյունահեղության միջով անցած և վրեժխնդրությամբ տոգորված հայ ժողովրդի անկոտրում ոգին՝ տողատակերում միգուցե ակնարկելով կամ միգուցե հորդորելով, որ «… հայերն ի զորու են արդարադատությունն իրենց ձեռքը վերցնելու, եթե մեղավորներին պատժելն այլ կերպ հնարավոր չէ»։

Թերևս նորություն արած չեմ լինի, եթե ստորև ներկայացնեմ մի պատմություն, որին քաջածանոթ է գրեթե յուրաքանչյուր հայ, բայցևայնպես օտարազգի հեղինակի տեսանկյունից ներկայացված ցանկացած նյութ ասես ընթերցում ես նորովի՝ հետաքրքրությամբ ինքդ քեզ հարցնելով. «Ի՞նչ են գրում օտարները մեր մասին»։ Ինչևէ, ծանոթանանք հոդվածին.

«Ադրբեջանի հետ պատերազմում հայերն ապրեցին հերթական ազգային ողբերգությունը՝ անարդարացիորեն անտեսված լինելով աշխարհի կողմից։ Թե ինչպես է այս փոքր ազգը կարողանում անողորմ հատուցել դավաճանությունների և վնասների դիմաց, ցույց են տալիս հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ավարտված հակամարտությունը հիմնարար փոփոխություններ է առաջացրել տարածաշրջանում՝ հանգեցնելով գրեթե բոլոր հայերի տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք բնակվել են դարեր շարունակ: Շատ առումներով Հայաստանը մնացել է միայնակ ու մեկուսացված։ Սա էլ հայոց անցյալի պատմության և դժբախտ ներկայի բազմաթիվ ողբերգություններից մեկն էր։ Համոզված եմ, որ այս իրադարձությունը նույնպես անարդարացիորեն մնացել է անտեսված և դուրս է համաշխարհային լրատվամիջոցների համարժեք հետաքրքրությունից՝ պայմանավորված լինելով աշխարհում միաժամանակ ընթացող հակամարտություններով՝ ինչպես Արևելյան Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: Մյուս պատճառն Ադրբեջանի հանքային հարստությունն է, որի պատճառով զարգացած երկրները երբեմն պատրաստ են աչք փակել այն երևույթների վրա, որոնք այլապես շատ խնդրահարույց են՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Բացի այդ, կովկասյան տարածաշրջանը երկար ժամանակ գտնվել է ճանապարհների և ազդեցության ոլորտների խաչմերուկում, որի մասին չպետք է մոռանալ»,- գրել է հեղինակը հոդվածի նախաբանում՝ մի մեծ հարցական նշանի տակ առնելով հետևյալը.

«Վերլուծություն. ինչու՞ է Հայաստանը հայտնվել նման աննախանձելի իրավիճակում և ինչպիսի՞ն կարող է լինել նրա հետագա ճակատագիրը։ Հավատում եմ, որ դեռ շատ բաների ականատես կլինենք»։

«Որպես պատմաբան, կցանկանայի հիշել մեկ այլ իրադարձություն, որը հաջորդել է հայոց պատմության թերևս ամենասարսափելի ողբերգությանը, և առանց հավակնության կփորձեի ներկայիս իրավիճակը համեմատել մոտավորապես 100 տարվա վաղեմություն ունեցող պատմական դեպքերի հետ:

Խոսքը «Նեմեսիս» կոչվող օպերացիայի մասին է, որն անսակարկելի հաշվեհարդար էր ընդդեմ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված և այս փոքր ազգից ահռելի թվով մարդկային կյանքեր խլած ցեղասպանության։ Դրանով հայերը խորհրդանշականորեն ցույց են տվել, որ ի զորու են արդարադատությունն իրենց ձեռքը վերցնելու մի իրավիճակում, երբ մեղավորներին հետապնդելն ու պատժելը այլ կերպերով լինում է անհնար»,- հավելել է հոդվածագիրը։

«Երեք փաշաները նշանառության տակ» ենթավերնագրով պարբերության ներքո հեղինակը լուսաբանել է «Նեմեսիս» գործողության դերն ու առաքելությունը՝ ներկայացնելով. «Արդար հատուցման այդ գործողությունը ստացել է հին հունական դիցաբանության վրեժի թևավոր աստվածուհու՝ Նեմեսիսի (Νέμεσις) անունը, (որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը)։ Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորները, լինելով երիտթուրքերի բարեփոխամետ շարժման պարագլուխներից, Առաջին համաշխարհային պատերազմից հետո մնացել են արտերկրում, մասնավորապես՝ Արևմտյան Եվրոպայում։

Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախկին նախարար Էնվեր փաշան, ով պատասխանատու է եղել Օսմանյան կայսրության բազում անախորժությունների և պարտությունների համար, նախքան Թուրքիայից փախչելը նույնիսկ կարողացել է պետական ​​գանձարանից յուրացնել ավելի քան 100 միլիոն դոլար աստղաբաշխական գումար։

Նա և իր ուղեկիցները, քաղաքական բարձր պաշտոններում կառավարող համիշխանների հետ միասին, եղել են Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչները։ Խոսքը, մասնավորապես, Մեհմեդ Թալեաթ փաշայի վերաբերյալ է, ով զբաղեցնելով Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, կիրառել է 1915 թվականի մայիսից բնակիչների ժամանակավոր տեղահանության մասին օրենքը և այդպիսով համարվել է Հայոց ցեղասպանության հետևում կանգնած ամենամեծ վեզիրը:

Հաջորդը Ահմեդ Ջեմալ փաշան է, ով եղել է Թուրքիայի Ծովային նախարարն ու Ստամբուլի նախկին քաղաքապետը։ Հիշյալ երեք պաշտոնյաները համատեղ ձևավորել են մի հզոր ուժային միություն, որը կոչվել է «Փաշաների եռյակ»։ Առաջին համաշխարհայինի ավարտից և թուրքական պարտությունից հետո Ստամբուլի զինվորական տրիբունալը մահապատժի է դատապարտել այս երեք պարագլուխներին, իսկ դատավճռում հստակ նշված է եղել հայ ժողովրդի բնաջնջման մեղադրանքը։ Այդ ժամանակ, սակայն, դեռ գոյություն չեն ունեցել կոնվենցիաներ, որոնք կթույլատրեին ցեղասպանության համար դատապարտված անձանց ձերբակալել և դատել արտերկրում։ Ուստի, նշյալ բոլոր հանգամանքները շատ հիասթափեցնող են եղել հայ բնակչությանը, ինչի պատճառով շուտով ի հայտ են եկել տարբեր խմբեր, որոնք պատրաստ են եղել իրենց ձեռքը վերցնելու արդարադատությունը»,- ընդգծել է Տոմաշ Րժեպան։

Համեմատելով այսօրվա իրականությունը և այդպիսով գիտակցելով, որ այն ժամանակ նույնպես աշխարհի կողմից անտարբերության մատնված հայերի զանգվածային սպանությունների մեղավորները կարող էին մնալ անպատիժ, չեխ պատմաբանը շեշտը դրել է «Նեմեսիս»-ի ձևավորման և գործողությունների ծավալման կարևորության վրա.

«1919 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած իր 9–րդ համագումարում Հայ Հեղափոխական Ֆեդերացիան, կամ այսպես կոչված «Դաշնակցությունը» (որի անունով իր անդամները մինչ օրս կոչվում են «դաշնակցականներ»), որոշում է կայացրել վերացնել հայերի ցեղասպանության համար պատասխանատու ոճրագործներին՝ ինչպես թուրքերի կողմից, այնպես էլ Բաքվի 1918 թվականի սեպտեմբերի կոտորածն իրականացնողներին, ինչի համար իրենց հերթին մեղադրվել են ադրբեջանցիներն ու նրանց բարձրաստիճան քաղաքական գործիչները։ Ուստի, «դաշնակները» նախաձեռնություն են վերցրել կիրառել տվյալ պահին իրենց ամենահարմար թվացող վրեժխնդրության մեթոդը՝ քաղաքական սպանությունը։ Ի վերջո, իրականացվել են բացահայտված անձանց մի քանի սպանություններ, որոնցից գրեթե բոլորն էլ կնքվել են հաջողությամբ՝ իհարկե, որպես աղմկահարույց իրադարձություններ, արժանանալով համաշխարհային մամուլի լայն լուսաբանմանը՝ հատկապես հայկական սփյուռքի բազմաթիվ համայնքներում»։

«Ազատ արձակված վրիժառուն»

«Ազատ արձակված վրիժառուն» պարբերության ներքո, փուլ առ փուլ խոսելով հայ վրիժառուների իրականացրած սպանության ակտերից՝ հոդվածագիրը ներկայացրել է Արամ Երկանյանի կողմից հնչեցրած առաջին կրակոցը. «Վրեժխնդրության առաջին զոհը եղել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին, ով գնդակահարվել է 1920 թվականի հունիսի 19-ին՝ Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Այդուհանդերձ, ամենաբարձր վարկանիշ ունեցող թիրախը եղել է ոչ այլ ոք, քան Մեհմեդ Թալեաթ փաշան», ով հայերի արյունահեղ կոտորածի իրագործման մեջ իր դժբախտ դերակատարության համար մահապատժի է արժանացել հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ձեռքով։

Թուրքիայից իր փախուստից ի վեր Մեհմեդ Թալեաթ փաշան գտնվել է Բեռլինում՝ գերմանական իշխանությունների պաշտպանության ներքո, որոնք նույնիսկ դատապարտվելուց հետո հրաժարվել են նրան հետ հանձնել Թուրքիային։ Թեև վեզիրը կեղծանուն է օգտագործել գաղտնիության նկատառումներով, այնուամենայնիվ, Գերմանիայում հայերը բացահայտել են նրան։

Թեհլերյանը բնակարան է վարձել նրա վիլլայի դիմաց։ Հարձակումը խնամքով նախապատրաստվել է երեք ամիս՝ վերջնականապես իրականացվելով 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան՝ սովորական զբոսանքի վայրում, որտեղ վրիժառույի կրակոցն արձակվել է ուղիղ Թալեաթի գլխին։ Հարձակվողը, իհարկե, տեղում ձերբակալվել է և սկսվել է թեժ դատավարություն, որն ի զարմանս շատերի, ավարտվել է Թեհլերյանի օգտին՝ նա արդարցվել է։ Ընթացող դատը մարդասպանի մեղադրականից փոխվել է գնդակահարված Թալեաթ փաշայի մեղադրական եզրակացության, ով իրավամբ համարվել է հայ բնակչության զանգվածային բնաջնջումը նախաձեռնող գլխավոր թուրք քաղաքական գործիչներից մեկը, ինչի ընթացքում սպանվել է նաև Թեհլերյանի մայրը։ Թեհլերյանը սպանության պահին ճանաչվել է ժամանակավոր անմեղսունակ և ազատ է արձակվել։

1921 թվականի հուլիսի 18-ին Ստամբուլում (նախկինում՝ Կոստանդնուպոլիս, որն այդ ժամանակ գրավված էր Առաջին համաշխարհային պատերազմի հաղթական տերությունների կողմից), հայ վրիժառու Միսաք Թորլակյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում, կրծքավանդակին ուղղած երկու կրակոցով սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Ջիվանշիրի Բեհբուդ խանին, ով վարչապետ Ֆաթալի խան Խոյսկիի հետ միասին եղել է Բաքվում (ավելի ստույգ՝ Շուշիում – խմբ.) հայերի ջարդերի կազմակերպիչը։ Ուստի, ինչպես Սողոմոն Թեհլերյանը Գերմանիայում, այնպես էլ Միսաք Թորլակյանը Թուրքիայում, հայերի ջարդերի հիման վրա արդարացվել է անմեղսունակության հիմունքով և դրա համար միայն աքսորվել է Թուրքիայից։

1921 թվականի դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանվել է նաև երիտթուրքերի կուսակցության առաջին կաբինետի ղեկավար, երբեմնի մեծ վեզիր՝ Սայիդ Հալիմ փաշան, ով նույնպես առնվազն քաղաքական պատասխանատվություն է ունեցել Հայոց ցեղասպանության համար։ Թեև, ամենայն հավանականությամբ, չի եղել անմիջական նախաձեռնողների թվում, բայց հենց նա է ստորագրել հայերի տեղահանությունների հրամանները, ում հետ հաշվեհարդար է ունեցել Արշավիր Շիրակյանը։ Սպանելուց հետո վրիժառուին հաջողվել է դեպքի վայրից փախչել, իսկ ավելի ուշ ապրել է ԱՄՆ-ում»,- խնամքով նկարագրել է հեղինակը։

«Արդար հատուցում»

«Արդար հատուցում» եզրափակիչ պարբերության ներքո Րժեպան համենայնդեպս կենտրոնացել է նշյալ «եռյակից» ամենադաժան դահիճների ոչնչացման գործողությունների վրա՝ նշելով.

«Վերոհիշյալ «եռյակից» մնացած երկու թուրք փաշաների ճակատագրերը նույնպես վճռվել են հայ «դաշնակների» վրիժառական մահապատիժներով, որոնցից մեկը հենց Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշան է, ով սպանվել է 1922 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում։

Թիրախավորված սպանության հեղինակը եղել է Ստեփան Ծաղիկյանը՝ իր երկու հանցակիցների (Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի – խմբ.) հետ միասին, իսկ վայրը զգալի հանդգնությամբ ընտրվել է Խորհրդային ՉԿ-ի շտաբի մոտ, քանի որ այդ դեպքից անմիջապես առաջ տարածքը գրավված է եղել կարմիր բանակի կողմից։

Ի՞նչ ճակատագրի է արժանացել «փաշաների եռյակի» վերջինը՝ Էնվեր փաշան։ Նրա մահվան դատապարտման գործում, ամենայն հավանականությամբ, նույնպես եղել են հայկական հետքեր։ Էնվեր փաշայի մահկանացուն կնքվել է 1922 թվականի օգոստոսի 4-ին Տաջիկստանում՝ Կարմիր բանակի դեմ կռիվների ժամանակ, որտեղ պայքարել է հանուն պանթյուրքիստական ​​գաղափարախոսության։ Ենթադրվում է, որ սպանվել է կարմիր բանակի հայ հրամանատար Հակոբ Մելքումովի ձեռքով՝ լինելով հինգ անգամ դանակահարված»:

Առավել ոգեշնչող է հոդվածի վերջնամասը, որը վերլուծաբանը կարծես առանձնահատուկ ուշադրության է արժանացրել՝ փորձելով ինքնուրույն պատասխանել վերը նշած իր հարցին. «Հայերի նկատմամբ նման անմարդկային վարմունքի այս երեք կարևոր դերակատարների մահով անգամ «Նեմեսիս» գործողությունը լիովին չի սպառվել այդ ժամանակ: Այն նույնիսկ նշանառության տակ է առել որոշ հայերի, ովքեր կասկածվել են թուրքական իշխանությունների հետ համագործակցության մեջ: Ու այդպիսով նրանք միայն դավաճաններ են համարվել և արժանացել են համապատասխան վերաբերմունքի: Իհարկե, նախորդ տողերում մահապատիժների ցանկը ամբողջական չէ, բայց ինչպես տեսանք, հայերն անշուշտ չեն եղել միայն անպաշտպան զոհերի վիճակում։ Որպես վերջաբան նշեմ, որ «Նեմեսիս» օպերացիան իրավամբ արժանացել է ուշադրության և հայերի տեսանկյունից այն մինչ օրս համարվում է արդար հատուցում»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

 Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում