Եթե հիշում եք, իր ամանորյա ելույթում, Չեխիայի Հանրապետության ներկայիս նախագահ Պետր Պավելը բարձրաձայնեց եվրոյին անցնելու ազդեցիկ թեման, որպեսզի Չեխիան սկսի կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա ընդունման ուղղությամբ։
Այսօրվա չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթն անդրադարձել է այդ վիճահարույց թեմային՝ հանդես գալով «Կլաուսը դեմ է եվրոյին և պահանջում է հանրաքվե» հաղորդագրությամբ, որի հավաստմամբ ՉՀ-ի 2-րդ նախագահ Վացլավ Կլաուսն իր ինստիտուտի այլ ներկայացուցիչների հետ միասին կոչ է արել կառավարությանն ու քաղաքական գործիչներին հրաժարվել եվրոյի արագացված ընդունմանն ուղղված գործունեություններից՝ միասնական արժույթի թեմայով լայն բանավեճ և հանրաքվե անցկացնելու պահանջով։

«Այդպիսի լուրջ որոշումները, ինչպիսին է՝ ազգային արժույթից հեռանալը, չպետք է իրականանան քաղաքացիների թիկունքում»,- հորդորել է նախկին նախագահը, ըստ որի «դա շատ անսովոր քայլ էր» և նման ամանորյա ուղերձը հարիր չէր երկրի նախագահին, առավել ևս, որ եվրոյի ընդունումը ներկա պահին հրատապ անհրաժեշտություն չէ։
«Նրանք, ովքեր եվրոյի ընդունումը համարում են որպես Չեխիայի տնտեսական խնդիրներից ելք, խորապես սխալվում են»,- հայտարարել է Կլաուսը՝ միաժամանակ քննադատելով նախագահ Պավելին՝ կառավարությունում և խորհրդարանում, առանց նախնական քննարկման, եվրոյի թեման բարձրացնելու համար։
Ըստ պարբերականի, պետության նախկին ղեկավարը կասկածելի է համարել ներկայիս նախագահի այդ վարմունքը՝ մեկնաբանելով հետևյալը. «Նա պատահաբար չբացեց այդ թեման։ Պետք է ենթադրել, որ դրա հետևում շատ ավելին է թաքնված…»։
Հաղորդագրությունն ամփոփվում է Վացլավ Կլաուսի «Չեխական կրոնը բացառիկ բարձր գնաճի պատճառ չէ» մեջբերմամբ, ով լճացման հետևում տեսնում է չափից ավելի կանոնակարգում, չափազանց սուբսիդավորում կամ «ծայրահեղ չափով կանաչ գաղափարախոսության» ընդունում։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա



