«Արևմուտքի օգնությունը կանգ է առել։ Ուկրաինացի զինվորները հաճախ կրակելու ոչինչ չունեն: Թուրքիայի կամ Հայաստանի նման երկրների միջով փոխադրումների շնորհիվ ռուսները ձեռք են բերել սպառազինության համակարգերի հիմնական բաղադրիչներ». չեխական մամուլ։
Դեկտեմբերի 28-ի ՄՖ ԴՆԵՍ պարբերականն անդրադարձել է պատերազմի սկզբից Արևմուտքի քաջալերանքներով ոգեշնչված Ուկրաինայի ներկայիս հուսախափ և անօգնական վիճակին՝ ընթերցողի ուշադրությանը ներկայացնելով «Ամեն ինչի պակասություն է զգացվում, հատկապես՝ նռնակների» վերլուծությունը, որի հեղինակն է խմբագիր Լադիսլավ Կրիզանեկը։
Սա, միգուցե, լավ օրինակ է նաև Հայաստանի համար՝ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում լրջորեն ծանրութեթև անելու և «հեռվից հնչող հոգեթով մեղեդիներից…» արագ չոգեշնչվելու առումով։
Ինչևէ, հոդվածը ներկայացվում է ստորև.
«Զինամթերքը սպառվում է: Հիմնականում հրետանային արկերի լուրջ պակաս է զգացվում։ Որոշ առաջնագծերում ուկրաինացի զինվորները հուսահատության մեջ են։ Դե պարզ է, առանց փամփուշտների ինչպե՞ս կռվել։ Այդպիսով, պլանավորված մարտական գործողությունները ստիպված պետք է հետաձգվեն։ Զինվորների գլխում մտքեր են պտտվում, թե որքան ժամանակ կկարողանան պաշտպանել իրենց դիրքերը ռուսական անընդմեջ հարձակումներից: Ամերիկյան և եվրոպական օգնությունները դադարել են ամենաանպատեհ պահին։ Վրա են հասել հոգնածությունն ու հյուծվածությունը։ Մյուս կողմից ցրտաշունչ ձմեռն է բեռ դարձել, իսկ ռուսները, ընդհակառակը, իրենց խրամատներում ասես կենդանանում են»,- հոդվածի նախաբանում հեղինակն այսպես է նկարագրել ուկրաինական զորքերի բարձիթողի վիճակը՝ ընդգծելով The Washington Post թերթից մի փոքրիկ մեջբերում. «Մեր զինվորները սակավաթիվ զինամթերք ունեն կրակելու համար յուրաքանչյուր թիրախի ուղղությամբ։ Հինգից յոթ կրակոց ենք արձակում, օրինակ, այնպիսի փոքր թիրախի վրա, ինչպիսին է ականանետի դիրքը»,- նշյալ ամերիկյան թերթին տված հարցազրույցում հայտնել է Զապորոժիայի հարավ-արևելյան շրջանում Ուկրաինայի զինված ուժերի 128-րդ լեռնային գրոհային բրիգադի ներկայացուցիչը։
Հոդվածագրի մեկնաբանությամբ, ռազմադաշտերում հրամանատարները քաջ գիտակցում են, որ պատերազմը հնարավոր չէ հաղթել միայն ուկրաինացի պաշտպանների ուժեղ մոտիվացիայի շնորհիվ։ Նրանց զեկուցմամբ, զենքի հետ կապված խնդիրը գնալով վատթարանում է։ Մտավախություն կա, որ զինվորներն այդ վիճակում երկար չեն կարող դիմակայել, և որ ռուսները նրանց «ետ կշպրտեն իրենց ծանր գրոհած դիրքերից»։ Վերլուծության մեջ նշվում է, որ հատկապես հրետանային արկերն են կտրուկ պակասում։ «Մեր զորքերն այժմ օրական ընդամենը տասից քսան արկ են արձակում հակառակորդի թիրախների ուղղությամբ։ Նախկինում այդ թիվը հասնում էր մինչև իննսունի»,- The Washington Post-ին հայտնել է զինվորներից մեկը՝ անունը քողարկելու պայմանով։
«Այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է զինամթերքի պակասության փաստը, թեև հավելել է, որ բանակը դեռ ուժեղ է։ Երկրի ղեկավարը շարունակ հավատում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան մենակ չեն թողնի Ուկրաինային։ Զելենսկին նաև շարունակում է հավատալ, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում նրանք ջանքեր չեն խնայում ապաշրջափակելու Ուկրաինային հատկացվող կենսական նշանակության օգնությունը, սակայն ընթացքը գնալով բարդանում է: Եվրամիությունն արագորեն պահուստային ծրագիր է մշակում, թե ինչպես ռուսական ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային տրամադրել քսան միլիարդ եվրո՝ նույնիսկ առանց Հունգարիայի համաձայնության»,- գրել է ՄՖ ԴՆԵՍ-ը։
«ԵՄ-ի պահուստային պլանը» ենթավերնագրով պարբերությունում, վկայակոչելով Financial Times-ի օրերս կատարած գրառումը, Կրիզանեկը տեղեկացրել է հետևյալը. «Եվրամիությունն այլընտրանքային լուծում է փնտրում այն բանից հետո, երբ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արգելափակեց Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնության տրամադրումը, որը մնացած անդամ երկրները փորձում են ներառել ԵՄ բյուջեում՝ առաջիկա չորս տարիների համար։ Ենթադրվում է, որ պահուստային պլանը կգործի այն դեպքում, երբ Օրբանը կորոշի իր վետոն կրկնել փետրվարի 1-ին նախատեսված հաջորդ ԵՄ գագաթնաժողովում»։
Օրաթերթի վերլուծաբանը նշում է, որ մշակված սխեմայի համաձայն, ներգրավված անդամ երկրները ենթադրաբար երաշխիքներ կտրամադրեն եվրոպական բյուջեին, ինչի շնորհիվ Եվրահանձնաժողովը հաջորդ տարի Կիևի համար կկարողանա մինչև 20 միլիարդ եվրո պարտք վերցնել կապիտալի շուկաներից։ Նման լուծումը չի պահանջի բոլոր անդամ երկրների միաձայն համաձայնությունը։ «Զելենսկին շարունակում է հույսը դնել Միացյալ Նահանգների վրա, որը մինչ օրս, այսպես կոչված, օգնության ամենամեծ դոնորն է»,- հավելել է հեղինակը։
Օրաթերթի տեղեկացմամբ, դեկտեմբերի 12-ին, Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ, Զելենսկին ուղերձով հանդես է եկել Կոնգրեսում, որտեղ կոչ է արել օրենսդիրներին հաստատել Ուկրաինային տրամադրվելիք 60 միլիարդ դոլարի օգնությունը, ինչը ժամանակին առաջարկել էր նախագահ Ջո Բայդենը։ Այնուամենայնիվ, ոչ մի համաձայնություն տեղի չի ունեցել, քանի որ հանրապետականները օգնությունը կապել են Ամերիկայի սահմանները միգրանտներից պաշտպանելու հակասական միջոցների հետ։

«Ռուսներն իրենց զգում են ձիու վրա»
Այս ենթավերնագրի ներքո հոդվածագիրն այնուամենայնիվ կարևորել է, որ «Ռուսաստանի հարձակողական գործողությունները զարմանալիորեն չեն թուլանում։ Նրա անօդաչու սարքերն ու հրթիռները պատուհաս են ուկրաինական քաղաքների համար։ Լուրեր են հասնում նույնիսկ ռուսական առաջիկա ձմեռային հարձակման մասին՝ միաժամանակ ռազմաճակատային մի քանի վայրերում»։
Հավանաբար սա հենց այն էր, ինչ դեկտեմբերի 29-ի գիշերն իրականացրեց Ռուսաստանը, եթե հաշվի առնենք ՄՖ ԴՆԵՍ պարբերականի դեկտեմբերի 30-ի հաղորդագրությունը.
«Պատերազմի սկզբից մինչ օրս հակառակորդի ամենամեծ ռազմական արշավանքն էր՝ միաժամանակ հրթիռակոծելով Ուկրաինայի մի քանի քաղաքներ։ Թեև հրթիռների մեծ մասը ոչնչացվել է ուկրաինացիների կողմից, բայց հարվածներից լուրջ վնասվել են թիրախավորված որոշ շինություններ, ինչպես, օրինակ, այս նկարում պատկերված բնակելի շենքը՝ Օդեսայում»։
Խմբագիր Կրիզանեկի հինգշաբթի օրվա վերլուծության համաձայն. «Ռազմական ստրատեգներն այնուհանդերձ զգուշացնում են, որ առանց արտաքին աջակցության Ուկրաինան երկար չի դիմանա: Ռուսական տնտեսությունը, որին մինչ այժմ հաջողվել է հիմնականում շրջանցել արևմտյան պատժամիջոցները, անցել է ռազմական արտադրության։ Ուկրաինայի պես նրա բանակն ամենևին չի բախվել զինամթերքի սակավությանը։ Ռուսները կարողացել են օգտվել մատակարարման շղթաներում առկա բացերից, իսկ Թուրքիայի կամ Հայաստանի նման երկրների միջով փոխադրումների օգնությամբ (այդ թվում և ԱՄՆ-ից) կարողացել են ձեռք բերել նաև սպառազինության համակարգերի հիմնական բաղադրիչները։ Մոսկվայի համար էական օժանդակություն է հանդիսացել նաև նռնակների ու հրթիռային սպառազինությունների մատակարարումը Հյուսիսային Կորեայից։ Այսպիսով, մինչ Ուկրաինային հատկացվող արևմտյան օգնությունը գտնվում է սառած վիճակում, արի ու տես, մյուս կողմից հաղթական փայլում է Մոսկվան»,- նրբանկատորեն ընդգծել է հեղինակը։
Հոդվածի եզրափակիչ հատվածում նշվում է հետևյալը. «Անցյալ շաբաթ լրագրողների հետ զրույցում Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն, որպես «ամենակարևոր դաշնակից, չի լքի Ուկրաինային»։ Նախագահ Բայդենը, անշուշտ, մտադրություն չունի «լքելու» Կիևին, սակայն պետք է խոստովանի, որ Կոնգրեսում քաղաքական ուժերի ներկայիս բաշխվածության մեջ պարզապես անկարող է առանց հանրապետականների մշտական օգնություն ապահովել Ուկրաինային։
Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, կոչ են անում դաշնակից երկրներին համագործակցել Ուկրաինայի համար ռազմական արդյունահանման ծավալների մեծացմանը, ինչն առայժմ դեռ հնչում է որպես բարեմաղթանք։ Ուկրաինան նույնպես գիտակցում է, որ հավերժ հույսը չի կարող դնել արտաքին օգնության վրա։ Ուստի, հաջորդ տարի նախատեսում է զգալիորեն ընդլայնել ներքին զենքի արտադրությունը, այդ թվում՝ մեկ միլիոն անօդաչու թռչող սարքեր և հազարավոր հրթիռներ ներառյալ:
«Ինչևէ, դեռ հույս կա: Բացի այդ, շուտով (հուսանք) ուկրաինական բանակը կստանա երկար սպասված «F-16» կործանիչները։ Թերևս (ԱՄՆ-ի միջոցով) ձեռք կբերի նաև «Patriot» կոչվող հրթիռները՝ Ճապոնիայից: Ուկրաինացի զինվորների պնդմամբ, ռազմաճակատում պակասում է գրեթե ամեն բան։ Ուստի «Կարիք ունենք ամեն ինչի և հնարավորինս՝ շատ արագ»,- նշել է նրանցից մեկը, ում խոսքով և ամփոփվում է հոդվածը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա



