Հալածված քրիստոնյա հայերը.  Չեխական «Պրոգլաս» ռադիոկայանը արցախահայության աջակցության մասին

  • 03.12.2023
  • 0
  • 272 Views

Նոյեմբերի 29-ին, երբ նշվում էր կրոնական համոզմունքների համար հալածյալների համաշխարհային օրը՝ Կարմիր չորեքշաբթին, չեխական Proglas ռադիոկայանի եթերում հնչեց Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ հայ ժողովրդի մասին մի գեղեցիկ հաղորդում։ Հաղորդման հեղինակ Մարտին Վայսբաուերի հյուրն էր հրապարակախոս Տոմաշ Կոլոցը, որը Հայաստանի պատմության եւ մշակույթի սիրահար է եւ նվիրյալ աջակից։ Նա ոչ միայն ամենօրյա կապի մեջ է Հայաստանի ընկերների, այլեւ՝ Չեխիայում բնակվող հայերի հետ։

Հաղորդումն ամբողջությամբ ներծծված էր հայկական մշակույթի  նկատմամբ սիրով ու ակնածանքով, պատմական դեպքերի խորը իմացությամբ։ Հայկական երաժշտությունն ուղեկցում էր ողջ հաղորդման ընթացքում։ Անդրադառնալով մահեմադականներով շրջապատված Հայաստանի անցյալին ու ներկային, չեխ հրապարակախոսը հատկապես խոսեց Լեռնային Ղարաբաղի հայության կորուստների մասին, որ 2400 ամյա հայկական ներկայությունը ադրբեջանական ագրեսիայի պատճառով ենթարկվեց բռնի տեղահանման, եւ 100 հազարից ավելի հայեր իրենց ապավենը գտան Հայաստանում, որը Չեխական Մորավիայի չափ տարածք ունի։ Տոմաշ Կոլացը նշում է, որ հին քրիստոնյա մի ժողովուրդ, որ մարդկության բնօրրանում է ապրել, որ Նոյյան Տապանը այստեղ է հանգրվանել՝ Արարատ լեռան ստորոտին, հազարամյակներ անց, կրկին ենթարկվում է բնաջնջման, ինչպես 1915 թվականին ներկայիս Օսմանյան Կայսրության՝ Թուրքիայի տարածքում արդի ժամանակների առաջին ցեղասպանությանը ենթարկվեցին հայերը։ Նրա կարծիքով, հայ ժողովրդի ողբերությունն ունի նաեւ կրոնական հարթություն։

Հաղորդման ողջ ընթացքում Յան Ֆիլիպը հատվածներ է կարդում Աստվածաշնչից, Պրահայում ծնված հրեա գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքից, կամ հայտնի չեխ գրող ու դերասան, ռեժիսոր Միրոսլավ Հորնիչեկի « Գովք Հայաստանի» էսսեից։

Տոմաշ Կոլոցը նշում է, որ ինքն էլ միացել է հայտնի արվեստագետներ, դերասան, գրող ու ռեժիսոր , եղբայրներ Օնդրեյ եւ Յիրժի Սուխիներին՝ իրենց հոդվածներով աջակցում են  «Մարդը կարիքի մեջ»  կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղից Հայաստանում ապաստան գտած հայերի օգնության հիմնադրամին։ Կոլոցը եւ Օնդրեյ Սուխին թղթակցում են միեւնույն «Կրայսկե լիստի» առցանց թերթին։

Հետաքրքիր է, որ երբեւէ Հայաստանում չլինելով, Տոմաշ Կոլոցը  կարողացել է այսքան լավ ուսումնասիրել  հայ ժողովրդի պատմությունը, ներկայացնում է  հայտնի մեծերին՝ Անրի Վերնոյ, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան, ինչպես նաեւ Չեիայում ապրող հայտնի հայկական արմատներ ունեցող դերասաններ Բոհումիլ Կլեպլին, Տիգրան Հովակիմյանին եւ այլոց։

Հաղորդումն սկսվում եւ ավարտվում է հայկական ազգային երաժշտությամբ, որն անխոս տպավորում է ունկնդրին։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Հաղորդումը չեխերեն կարող եք լսել այս հղումով՝ Radioreport – Radio Proglas

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում