Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ օպերային երգիչների 14֊րդ միջազգային մրցույթում մեր շնորհալի հայրենակից, բարիտոն Ակսել Դավեյանն արժանացել է Առաջին մրցանակին։
Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած 383 դիմորդներից ընտրվել են եւ մասնակցել 49 երգիչ։ Առաջին փուլն անցկացվել է առցանց տեսաձայնագրություններով։

Երկրորդ և երրորդ փուլերը տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ «Ակադեմիական Կապելլա» կոչվող համերգասրահում։ Ակսել Դավեյանն երկրորդ փուլում երգել է Է. Գրիգի «Ein Traum»-ը, Ռախմանինովի «Քրիստոս Հարեավը» և Դոնիցետտի Ալֆոնսոյի արիան «La Favorita» օպերայից։ Եզրափակիչում հայ երգչին հաղթանակ են ապահովել Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայից Ֆիգարոյի կավատինայի և Չայկովսկու «Իոլանտա» օպերայից Ռոբերտի արիայի փայլուն կատարումները։
Տաղանդավոր հայ բարիտոնը այժմ երկամյա վարպետության դասընթացի մասնակից է ընտրվել Ցյուրիխի օպերայում, ուր արդեն իսկ հանդես է գալիս դերակատարումներով։
Ակսել Դավեյանի հետ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցազրույցը Ցյուրիխից կարդացեք մեր ամսագրի վերջին համարում, որը նվիրված է հայ մշակույթին։
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ ու դերերգեր։
Հ.Ա.
orer.eu





