Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
– Ամերիկյան կողմը կրկին հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նախորդ անգամ էլ հայտարարվում առաջընթացի մասին։ Ինչու՞մ է կայանում այդ առաջընթացը, երբ Արցախում բանակցություններին զուգահեռ կրակում են։
– Այո, ճիշտ նշեցիք՝ բանակցելուն առընթեր կրակում են, և սա Ադրբեջանի պաշտոնական ռազմաքաղաքական վարքագիծն է։ Խնդիրն այն է, որ չի հնչում մեղադրանք կրակողի ուղղությամբ։ Դրա պատճառը ևս պարզ է․ միջնորդական հակամարտությունում յուրաքանչյուր հրավիրող կողմ չի ուզում խախտել չեզոքությունը՝ պահպանելու համար միջնորդի կարգավիճակը։ Դրանից մեծապես օգտվում է Ադրբեջանը և կրակում։ Հիմնական նորություն չի հաղորդում Վաշինգտոնը։ Առաջընթաց կա, բայց դեռևս կան առանցքային այլ կետեր, որոնց շուրջ պետք է երկար աշխատել։ Միաժամանակ նշվում է, որ առաջիկա շաբաթներին ԵՄ-ում սպասվում է նոր հանդիպում, ինչն ընդգծում է այս հարցում ԱՄՆ-ԵՄ համակարգավորումը։
– Զախարովան հայտարարել էր, որ հույս ունեն՝ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափից։ Ձեր կարծիքով՝ սա նախազգուշացու՞մ է, թե՞ մտահոգություն։
– Կարծում եմ՝ երկու շարժառիթներն էլ կան այս հայտարարությունում։ Եռակողմը խախտողը, ըստ էության, Ադրբեջանն է․ սա նշանակում է, որ Բաքուն գործնականում դուրս է եկել եռակողմ պայմանավորվածություններից։ Ավելին, խախտելով եռակողմ համաձայնությունները՝ Բաքուն խաղաթուղթ է տրամադրում ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որ հայտարարեն, թե ՌԴ-ի երաշխավորությամբ կայացած համաձայնությունները չեն հարգվում, և, ընդհանրապես, ռուս խաղաղապահությունը չի աշխատում։ Դրա փաստերն են Արցախի շրջափակումը, Լաչինում անցակետ տեղադրելը, ռազմագերիներին չհանձնելը և անվերջ հրադադար խախտելը։ Մոսկվայի հիմնական առաքելությունը միջնորդությունը պահպանելն ու խաղաղապահ ուժերի ժամկետի երկարաձգումն է, ուստի ուղերձն ուղղված է նաև Բաքվին։ Հետաքրքիր էր, որ Զախարովան հայտարարեց նաև այն մասին, որ ՄԱԿ-ը կարող է նպաստել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Սա նորություն է և ինչ-որ ձևով կապվում է ԵԽԽՎ-ի բանաձևի առաջադրած ՄԱԿ-ի հաստատությունների ներգրավմանը։
– Որքանո՞վ է մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հավանական, եթե հաշվի առնենք Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը ու Հայաստանից ակնկալվող քայլերը։
– Ժամանակն անորոշ է․ աշխարհաքաղաքական շահագրգռվածությունը հարցի հանգուցալուծումը չէ։ Հակամարտությունը լիարժեք օգտագործել ազդեցության գոտիների պայքարում՝ սա է տարածաշրջանում ընթացող գործընթացների հիմնական շարժառիթը։ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե շատ աշխատանք կա անելու խաղաղության համաձայնագրի հասնելու համար, դրա մասին է վկայում։
– Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ։ Որքանո՞վ էր տեղին այդ զանգը, և ի՞նչ ստացավ Հայաստանը դրանից։
– Հայաստանը ոչինչ էլ չի ստանա նման հեռախոսազրույցներից։ Անձամբ գնալը ևս որևէ արդյունք չգրանցեց։ Շատ պարզ է, որ Երևան-Անկարա երկխոսության գործընթացը ամրորեն փոխկապակցված է Երևան-Բաքու բանակցություններին։ Հայտարարվել էր ամիսներ առաջ, որ պայմանավորվածություն կա երրորդ երկրի քաղաքացիների/դիվանագետների համար ցամաքային սահմանը բացելու կամ Անիի պատմական կամրջի վերանորոգման։ Համաձայնությունները առ այս պահը ունեն դեկլարատիվ բնույթ։
Հայկ Մագոյան



