Երեկ, աշխատանքային երկուշաբթին Բրյուսելում սկսվեց հայ համայնքի կողմից կազմակերպված ցույցով։ Եվրամիության ամենաբանուկ հատվածում «Շումանի հրապարակում» Բելգիայում գործող Հայ Դատի հանձնախմբի , ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի, Բելգիահայերի կոմիտեի, Բելգիայի Հայ Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի ցոյց՝ ընդդեմ Ադրբեջանի արցախահայության նկատմամբ իրականացվող Էթնիկ զտման քաղաքականության։



Բելգիահայերը Եվրամիության գործադիր մարմիններից հայցում էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես դադարեցնել դեպի Արցախ ճանապարհի արգելափակումը և վերջ տալ կործանարար քաղաքականությանը։
Դատապարտող խոսքերով բանախոսները քննադատեցին Ադրբեջանի սանձարձակ քաղաքականությունը, նաև Եվրամիության անտարբերությունը։ Հայերին աջակցելու էին եկել Հայ-բելգիական բարեկամական խմբի Եվրախորհրդարանի պատգամավորներ,ովքեր իրենց խոսքում հավաստեցին մշտապես հետամուտ լինել խնդրին և հնարավոր միջոցներով աջակցել արցախահայությանը։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանն իր խոսքում շեշտեց, որ դեկտեմբերի 12-ից, Ադրբեջանը շարունակում է արգելափակել դեպի Արցախ մուտքի միակ ճանապարհը։ Ադրբեջանի շարունակական սադրանքները անխուսափելիորեն կհանգեցնի հումանիտար աղետի և վերջնարդյունքում Արցախի հայ բնակչության Էթնիկ զտման։ Նա, նաեւ շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի պատգամավորներին, միջազգային ատյաններին, լրատվամիջոցներին Արցախի խնդիրին մշտապես հետամուտ լինելու, արձագանքելու համար, սակայն, փաստեց, որ պահն օրհասական է, հետևաբար պետք է բոլոր ջանքերը միավորել և Եվրոպական Միությունից պահանջել հայտարարություններից անցում գործնական քայլերի։
Այն է ՝
-Բոլոր միջոցներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անհապաղ և առանց նախապայմանների բացի Լաչինի միջանցքը և երաշխավորի, որ այլևս նման իրավիճակ չկրկնվի։
-Շոշոփելի քայլեր ձեռնարկել արցախահայության անվտանգությունն ապահովելու համար։
-Ճանաչել Արցախի հանրապետությունը, հիմնել հումանիտար գրասենյակ Արցախում։
-Կիրառել դիվանագիտական, տնտեսական և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների ակտիվների նկատմամբ։
Անհապաղ երկարաձգել Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատը Հայաստանի Հանրապետությունում։
Արաքս Սաֆարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Բրյուսել







