Հայտարարություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ
Օգոստոսի 5, 2026 թ.– Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։
ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:
ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։
ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնելwww.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛քwww.agbu.am:



