Վահան Մարտիրոսյանը «Սմետանայի Լիտոմիշլ» միջազգային փառատոնում հիանալի ելույթից հետո սկսել է ձայնագրությունները Ճապոնիայում

  • 02.08.2026
  • 0
  • 189 Views

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 4-ին չեխական Սմետանայի Լիտոմիշլ (Smetanova Litomyšl) միջազգային երաժշտական փառատոնում հիանալի ելույթով հանդես եկավ Պարդուբիցեիկամերայինֆիլհարմոնիայի նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։  Համերգային ծրագիրը զարդարեց նաեւ չեխ հայտնի ջութակահար Յոզեֆ Շպաչեկը, որն իր կատարումով գերեց հանդիսատեսին։  «…Այնքան հիասքանչ կատարում էր, որ շունչդ կտրվում էր».  այսպես է Opera PLUS կայքէջի երաժշտական քննադատը բնութագրել Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը «Սմետանայի Լիտոմիշլ» փառատոնում։ «Շնորհակալություն ենք հայտնում փառատոնին՝ այս տարվա ծրագրի մաս կազմելու և բեմը նշանավոր ջութակահար Յոզեֆ Շպաչեկի հետ կիսելու հնարավորության համար»,- գրել է քննադատը։

Յոզեֆ Շպաչեկի ելույթը գնահատվել է նուրբ և խորաթափանց, իսկ նվագախմբի կատարումը՝ գլխավոր դիրիժոր ՎահանՄարտիրոսյանի ղեկավարությամբ աչքի է ընկել  հնչողության արտահայտչականությամբ, երաժիշտների անթերի համատեղ նվագով և միասին երաժշտություն ստեղծելու ակնհայտ ոգևորությամբ Ծրագրում հնչել են Ֆելիքս Մենդելսոն-Բարտհոլդիի եւ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Բավական է նշել, որ այս փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել 50 ներկայացում կամ համերգ, որոնց մասնակցել են 2650-ից ավելի երաժիշտներ, իսկ հանդիսականների թիվը հասել է 30 հազարի։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս փառատոնի շրջանակներում Պրահայի Ազգային թատրոնի «Աիդա» ներկայացմանը մասնակից էր նաեւ Հայաստանի վաստակավոր արտիստ, հիանալի տենոր Հովհաննաս Այվազյանը՝ Ռադամեսի դերով։

Վահան Մարտիրոսյանը Լիտոմիշլ էր եկել Ճապոնական հյուրախաղերից անմիջապես հետո, ուր երկու շաբաթվա ընթացքում տարբեր քաղաքներում  9 համերգային ծրագիր էր ղեկավարել հանրահայտ ճապոնացի ջութակահար Teiko Maehashi- ի մասնակցությամբ։ Այդ ժամանակ էլ ծնվել էր նրա առաջնեկը՝ Ակսելը, որին միայն կարողացավ տեսնել Ճապոնիայից Ֆրանսիա վերադառանալուց հետո եւ անմիջապես ժամանեց Չեխիա։  

Այժմ Վահան Մարտիրոսյանը կրկին Ճապոնիայում է՝ ձայնագրությունների նպատակով, իսկ  հոկտեմբերին այնտեղ ծրագրված են նաեւ համերգներ  New Japan Philharmonique հետ։

Շնորհավորում ենք մաեստրո Մարտիրոսյանին առաջնեկ որդու ծննդյան կապակցությամբ եւ մաղթում առողջություն։

Orer.eu

Լուսանկարները՝ Ֆրանտիշեկ Ռենզայի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում