Ռուբինյանի ընտրությունը հետաձգվեց, Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետ. ընդդիմադիրները ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը

  • 02.08.2026
  • 0
  • 61 Views

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին եւ շնորհավորել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ։

Ավանդույթի համաձայն նորընտիր խորհրդարանի անդամներին իր օրհնության խոսքը չի բերել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին չեն հրավիրել։ Փոխարենը, առաջին նիստից հետո խորհրդարանի «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների անդամները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ստացել Վեհափառ Հայրապետի օրհնությունը։

Հայաստանի նախագահն էլ իր ելույթում մասնավորապես ասաց. « Հարգելի՛ պատգամավորներ,

Յուրաքանչյուր գումարման Ազգային ժողով ձևավորում է ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը, այլև պետության ինստիտուցիոնալ զարգացման մշակույթը։ Հետևաբար այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերած նպաստով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը։

Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմինն է։ Այն պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, որտեղ գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների, իսկ հանրային վստահությունը՝ արդար և կենսունակ օրենքների։

Ժողովրդավարության ուժը պայմանավորված չէ կարծիքների միանմանությամբ։ Այն կայանում է տարբեր կարծիքների խաղաղ, արժանապատիվ և պատասխանատու համակեցությամբ՝ հանուն մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության հզորացման և հանրային բարօրության։ Խորհրդարանական բանավեճը ժողովրդավարության անբաժանելի մասն է։

Սակայն դրա արժեքը որոշվում է ոչ թե հնչող խոսքերի սրությամբ, այլ այն գաղափարներով, որոնք ծառայում են հանրային բարիքին։ Քաղաքական մրցակցությունն ինքնանպատակ չէ. այն արժեք է այնքանով, որքանով նպաստում է ավելի արդյունավետ կառավարմանը, ավելի արդար օրենսդրությանը և ամուր պետությանը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պատգամավորին օժտել է ամբողջ ժողովրդին ներկայացնելու բարձր առաքելությամբ։ Այդ առաքելությունը ենթադրում է որոշումներ կայացնել ոչ թե պահի քաղաքական նպատակահարմարությամբ, այլ խղճի, մասնագիտական համոզմունքի և պատասխանատվության թելադրանքով։

Դա պահանջում է նաև համարձակություն՝ ընդունելու այնպիսի որոշումներ, որոնք միտված են հանրային բարիքին, պետության երկարաժամկետ շահին և ապագա սերունդների բարեկեցությանը։

Հանրության սպասելիքն է, որ Ազգային ժողովը այն վայրն է, որտեղ տարբեր քաղաքական հայացքները ոչ թե խորացնում են բաժանարար գծերը, այլ մրցում են պետությանն առավել օգտակար լուծումներ առաջարկելու հարցում։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը չի վերածվում անհանդուրժողականության, իսկ սկզբունքայնությունը երբեք չի բացառում փոխադարձ հարգանքը։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վստահվել է երկրի կառավարման ծանրությունը։ Այդ վստահությունը նախ և առաջ գերագույն պատասխանատվություն է՝ անշեղորեն առաջնորդվելու Սահմանադրությամբ և օրենքներով, լիարժեք գիտակցելու հանրային վստահության արժեքը և կրելու կայացվող յուրաքանչյուր որոշման ամբողջական պատասխանատվությունը։

Քաղաքական մեծամասնության ուժը չափվում է ոչ միայն իր լիազորություններով, այլև իր պատասխանատվության խորությամբ։

Ժողովրդավարական խորհրդարանում առանձնահատուկ նշանակություն ունի ընդդիմության դերը։ Արդյունավետ ընդդիմությունը պետական կառավարման անհրաժեշտ բաղադրիչ է։ Նրա վերահսկողական գործառույթը, սկզբունքային և մասնագիտական քննադատությունը, այլընտրանքային առաջարկներն ու նախաձեռնությունները նպաստում են կառավարման որակի բարձրացմանը, բացթողումների ժամանակին արձագանքելուն և պետական քաղաքականությունների շարունակական կատարելագործմանը։ Ի վերջո, առողջ ժողովրդավարության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր ճանապարհներով ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանի Հանրապետության առաջընթացին։

Խորհրդարանը ձևավորվել է հանրային կամքը պետական որոշումների վերածելու բարձրագույն ձգտումով։ Այստեղ տարաձայնությունները բնական են, երբեմն՝ անխուսափելի, սակայն դրանք արժեք են միայն այն դեպքում, երբ ծառայում են ավելի լավ որոշումների կայացմանը, ավելի արդար օրենքների ընդունմանը և պետության զարգացմանը։

Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են պետական շահի բարձր գիտակցում, հեռատեսություն և համագործակցելու կարողություն։

Հարգելի՛ պատգամավորներ,

Պետության պատմության մեջ յուրաքանչյուր գումարման Ազգային ժողով թողնում է իր ուրույն հետքը։ Այդ հետքը ձևավորվում է ոչ միայն ընդունված օրենքներով, այլև այն քաղաքական մշակույթով, որ հաստատվում է այս դահլիճում, այն պատասխանատվությամբ, որով իրականացվում է ժողովրդի տված մանդատը, և այն վստահությամբ, որը ձևավորվում է պետության ու քաղաքացու միջև։

Թող 9-րդ գումարման Ազգային ժողովը հիշվի որպես խորհրդարան, որտեղ քաղաքական մրցակցությունը երբեք չի գերազանցել պետական պատասխանատվությանը, որտեղ գաղափարական տարբերությունները չեն խոչընդոտել համապետական ազդեցության հարցերում համախմբմանը, և յուրաքանչյուր որոշման հիմքում եղել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահը։

Մաղթում եմ ձեզ իմաստուն, արդյունավետ և պատասխանատու աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և երկու ընդդիմադիր ուժերից Ազգային ժողովի պատգամավորների միջև փոխադարձ մեղադրանքների շարքի վերածված բազմաժամյա ապարդյուն քննարկումից հետո, ժամը 18.00-ին Հայաստանի խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը։ Ինչպես նշում է news.am-ը խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը՝ ժամը 10.00-ին։ Դրա միակ հավակնորդը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածու Ռուբեն Ռուբինյանն է։

Մինչ այդ, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։

Օգոստոսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Կառավարության հրաժարականի մասին ՀՀ նախագահին ուղղված դիմումը, որը հետո ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել էր Կառավարության հրաժարականը։ Այնուհետև ՀՀ նախագահը, համաձայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է վարչապետի պաշտոնում նշանակեր խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ներկայացրած թեկնածուին։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

Իսկ նախագահական նստավայրից հայտնում են, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։

Նախագահը շնորհավորել է վարչապետին և հաջողություններ մաղթել:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ինձ համար մեծ պատիվ էր ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։

Այդ սահմանադրական ակտը խորհրդանշում է ոչ միայն պետական իշխանության ձևավորման կարևոր հանգրվանը, այլև Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների առջև բացառիկ պատասխանատվություն ստանձնելու առաքելությունը։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում՝ հավատարմություն Հայաստանի Հանրապետությանը, Սահմանադրությանը, ծառայություն հանրային և պետական շահին, պետականության շարունակական ամրապնդման հանձնառություն և պատասխանատվություն՝ մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ։

Մաղթում եմ Ձեզ անսասան կամք, վճռականություն, ամրություն և տոկունություն՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա պետականության ամրապնդման և մեր ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ ապագայի»,- մասնավորապես ասել է նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիսավորության պայմաններում հրամանագիրը ստորագրելու, ջերմ խոսքերի, վստահության և աջակցության համար:

« Պիտի անկեղծ ասեմ՝ 2018 թվականին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով և կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, ով, ի վերջո, պետական գիտակցության և պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտություններ ի ցույց դրեց այս ողջ ընթացքում: Եվ իհարկե, սա մեծ պարտավորություն և պարտավորվածություն է: Իհարկե, առաջիկայում կձևավորվի Կառավարությունը և Կառավարության բոլոր անդամները, ներառյալ՝ ես, երդման տեքստով արդեն կամրագրենք մեր պարտավորությունները մեր ժողովրդի առաջ:

Ուզում եմ նաև Ձեզ շնորհակալություն հայտնել այսօր Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ուղերձի համար: Շատ կարևոր ուղերձներ հղեցիք, ինչին ուշադիր հետևում էի: Հույս ունեմ, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն ի վերջո կդառնա այնպիսի հարթակ, որը քաղաքական գաղափարների, մտքերի, տեսլականների և ոչ թե անձանց բախման միջավայր կլինի: Այսօր էլ տեսա, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված, պարոն Ռուբինյանը այդ նույն ուղերձը հղեց՝ ցուցաբերելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատրաստակամությունը՝ խորհրդարանում աշխատել առանց անձնական և անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի և վիրավորանքի տրամաբանությունից դուրս: Իհարկե, բանավեճերը պետք է և կլինեն սուր, բայց շատ կարևոր է, թե սրությունն ինչի մասին է, սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետք է լինի և ոչ թե փոխադարձ թիրախավորումների: Համենայն դեպս, մենք Ձեր ուղերձը լսել ենք և այդ ուղերձով ենք առաջնորդվելու, հույս ունեմ՝ կհաջողվի չշեղվել այս ուղղությունից, որովհետև միակողմանի չէ այդ գործընթացը, և եթե ընդդիմությունն այս տրամաբանությունը նույնպես ընդունելի համարի, կարծում եմ՝ շատ ավելի որակյալ աշխատանք կունենանք։

Պարոն նախագահ, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այս ողջ ընթացքում Ձեր ցուցաբերած աջակցության համար։ Իհարկե, մենք մեր հանդիպումները և համատեղ աշխատանքն ամբողջությամբ չենք լուսաբանում, որովհետև աշխատանքային մակարդակում շատ սերտ երկխոսության մեջ ենք և քննարկում ենք բազմաթիվ հարցեր, այս ընթացքում նաև պաշտոնապես և ոչ պաշտոնական շփումներում ես միշտ տեսել, զգացել եմ Ձեր աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ»,– ասել է վարչապետը։

Նախագահ Վահագն Խաչատուրյան – Մեծարգո պարոն վարչապետ, շատ կարճ ուղղակի, ես նորից շնորհակալություն եմ Ձեզ հայտնում այդ վստահության համար, որ կա Կառավարության, Նախագահականի, Ազգային ժողովի միջև, որովհետև ինքս մասնակից եմ կարևորագույն պետական որոշումների, որի հնարավորությունը Դուք տվել եք, ըստ էության Սահմանադրությունում այդ հնարավորությունները շատ պայմանական են։ Եվ այդ վստահությունն է ինձ նաև համոզում, որ իրականում այն քաղաքականությունը, որ վարում եք Դուք՝ որպես Կառավարության ղեկավար, որպես քաղաքական մեծամասնության ուժի ղեկավար, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը և միանշանակ ի նպաստ են լինելու Հայաստանի ուժեղ ապագային։

Ես նորից Ձեզ հաջողություններ եմ մաղթում, կամք, տոկունություն, ամրություն, որովհետև արտաքինից այն, ինչ-որ տեսնում ենք շատերս, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դա միայն արտաքին մասն է։ Ներքին այն իրավիճակները, որ կան, որոնց մասին շատերը տեղեկացված չեն, դրանք պահանջում են սկզբունքայնություն, որը Դուք ցուցաբերել եք այս տարիների ընթացքում: Դուք ճիշտ նշեցիք, այն, ինչ 2018-ին էր, մենք չէինք կարող պատկերացնել, թե այսպիսի զարգացումներ են տեղի ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ընդհանրապես աշխարհում: Մենք պետք է կարողանանք, ինչպես Դուք եք ասում, միշտ շեշտում եք, որ ամենակարևորը կառավարելի դարձնենք այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում:

Եվ մի փոքրիկ դիտարկում ընդհանրապես քաղաքական միջավայրի հետ կապված: Այն, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված է հնարավորություն Սահմանադրությամբ ընտրել իշխանություն, սա դարձել է իրականություն: Սա մեզ համար միշտ եղել է երազանք: Մեր ժողովուրդը տարիներ շարունակ իր ընտրությունը կատարել է, բայց, ցավոք սրտի, իշխանությունն իր ձեռքից վերցրել են։ 2018 թվականից հետո մեր ժողովուրդը կատարում է իր ընտրությունը և ստանում է այդ իշխանությունը։ Եվ իշխանությունը, ով ընտրվել է այդ ժողովրդի կողմից, այդ պարտավորությունն ունի և պետք է արդարացնի այդ վստահությունը, որ ստանում է ժողովրդի կողմից։ Բայց կարևոր մի գործոն էլ կա: Պետության կայունությունը, ամրապնդումը, ամրությունը կախված է ոչ միայն քաղաքական մեծամասնությունից, ով ստանձնում է իշխանություն, այլև՝ ընդդիմությունից: Ինչքան որակյալ քաղաքական մեծամասնության կարիք ունի ժողովրդավարական երկրներում հասարակությունը, ավելի կարևոր նշանակություն և դեր ունի ընդդիմությունը: Եվ մենք միասին պետք է ամեն ինչ անենք, այդ թվում՝ ընդդիմության հետ, աշխատենք: Ես լսել եմ նաև պարոն Ռուբինյանի ուղերձները: Ես վստահ եմ, որ Դուք տրամադրված եք այդ իրավիճակը, այդ մթնոլորտը ստեղծել, որովհետև ի վերջո բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ ունենալ ամուր, հզոր Հայաստանի Հանրապետություն։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում