Շվեյցարական Պյուպլանժի դասական երաժշտության փառատոնում կրկին Հայկական երեկոներ

  • 01.08.2026
  • 0
  • 218 Views

2013 թվականից Ժնեւի մոտակա  Պյուպլանժի դասական երաժշտության փառատոնում (Festival Puplinge Classique) անցկացվում են արդեն ավանդական դարձած «Հայկական երեկոներ»։ Փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա-Գզավիե Պուազայի (François-Xavier Poizat) եւ Հայկական երեկոների համադրող Անի Գասպարյանի համագործակցության շնորհիվ  փառատոնում պարբերաբար ելույթներ են ունենում հայ երաժիշտներ։

Մինչեւ 2018 թվականը փառատոնում հայկական երաժշտաարվեստը ներկայացնում էր Երեւանի կամերային նվագախումբը, որը նաեւ երկու անգամ ելույթ է ունեցել փառատոնի 5-ամյակին եւ 15-ամյակին նվիրված գալա համերգներին Ժնեւի հանրահայտ Վիկտորիա հոլում։  2018 թվականից առավելություն է տրվում ազգային գործիքներին եւ կամերային երաժշտությանը։ Այդ երեկոների ընթացքում է նաեւ տեղի ունեցել Նարեկ Գազազյանի եւ Աստղիկ Սիրանոսյանի առաջին համերգային հանդիպումը, որը սկիզբ դրեց նրանց երկարատեւ համագործակցությանը։ Փառատոնի շրջանակներում ներկայացվում են ազգային նվագարանների մասնակցությամբ փոքրիկ համույթներ, ինչպես նաեւ դասական երաժշտության եռյակներ,  քառյակներ եւ այլն։  

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում  նշում է Հայկական օրերի համակարգող Անի Գասպարյանը, դասական երաժշտության ներկայացման շրջանակներում այս տարի առաջին անգամ կկատարվի  շվեյցարահայ կոմպոզիտոր Ստեֆան Էլմասի տրիոն՝ ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար։   Օգոստոսի 4-ին ժամը 19-ին նախատեսված  է  հայտնի ջութակահարուհի Դիանա Ադամյանի, թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանի, դաշնակահարուհի Հեղինե Ռափյանի պատրաստած համերգային ծրագիրը։ Նրանք կներկայացնեն ինչպես  շվեյցարահայ երջանկահիշատակ կոպոզիտոր Ստեֆան Էլմասի (Stephan Elmas (1862-1937)), այնպես էլ Էդվարդ Բաղդասարյանի, Մարտին Ուլիխանյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։  Փառատոնը կընթանա մինչեւ օգոստոսի 16-ը։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում