Վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Արցախի գրական ընտանիքի նահապետ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը

  • 31.07.2026
  • 0
  • 190 Views

Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքի 97-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Արցախի գրական ընտանիքի նահապետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը՝ մեր բոլորիս ընկեր Խանյանը։

Սոկրատ Խանյանի գրական, գիտական, հասարակական և մանկավարժական գործունեությունը անքակտելիորեն կապված է Արցախի վերջին գրեթե մեկդարյա պատմության հետ։ Իր բազմավաստակ գործունեությամբ նա դարձել է այդ պատմության կերտողներից մեկը՝ թողնելով մնայուն հետք հայ մշակույթի, գրականագիտության և կրթության մեջ։ Նա հայ մշակույթի, գրականագիտության և բարձրագույն կրթության նվիրյալներից էր:

1969 թվականից իր կյանքն ու մասնագիտական ուղին կապելով Արցախի պետական համալսարանի հետ՝ նա տասնամյակներ շարունակ կրթեց և դաստիարակեց բազմաթիվ սերունդների հայագետների, մանկավարժների, գրականագետների և լրագրողների։ Որպես դասախոս, պրոֆեսոր, ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ և գիտական խորհրդի ղեկավար՝ նա մեծ ավանդ ունեցավ համալսարանի գիտակրթական ավանդույթների ձևավորման, հայագիտական մտքի զարգացման և ազգային արժեքների պահպանման գործում։

Նրա գիտական աշխատությունները, գրականագիտական ուսումնասիրությունները, բանաստեղծական ժողովածուները և թարգմանությունները կարևոր ներդրում են հայ գրականության և գրականագիտության մեջ։ Սոկրատ Խանյանը մշտապես հավատարիմ մնաց հայրենի Արցախին, նրա պատմությանը, մշակույթին ու հոգևոր արժեքներին՝ իր ստեղծագործություններում և գիտական գործունեության մեջ արժևորելով հայրենիքի, ազգային ինքնության և մարդկային բարձր իդեալների գաղափարները։

Սոկրատ Խանյանի անունը հավերժ կմնա Արցախի պետական համալսարանի պատմության, հայ գրականագիտական մտքի, պոեզիայի էջերի և իր սաների հիշողության մեջ։ Նրա կրթած բազմաթիվ սերունդները շարունակելու են կրել և փոխանցել այն գիտելիքն ու արժեքները, որոնք նա նվիրումով սերմանել է ամբողջ կյանքի ընթացքում։

Խորին ցավակցություն ենք հայտնում Սոկրատ Խանյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, սաներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրա անձը և վաստակը։

Նրա լուսավոր ու բարի հիշատակը վառ կմնա մեր սրտերում։

Արցախի պետական համալսարան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում