Մեկնարկել է «Ապագայի Հայաստան» լինոփորագրության լաբորատորիան

  • 31.07.2026
  • 0
  • 224 Views

Մեկնարկել է «Ապագայի Հայաստան» լինոփորագրության լաբորատորիան՝ ստեղծագործական և կրթական նախագիծ, որը հնարավորություն կտա 8–14 տարեկան երեխաներին արվեստի միջոցով արտահայտել իրենց պատկերացումները Հայաստանի ապագայի մասին։ Այն անցկացնում է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 

Նախագծին մասնակցում են Երևանի, Ապարանի և Աշտարակի 30 երեխաներ, որոնք միավորվել են հինգ խմբերում։ Լաբորատորիայի ընթացքում նրանք կծանոթանան լինոփորագրության տեխնիկային, կսովորեն ստեղծագործական տպագրության հիմունքները և կստեղծեն իրենց հեղինակային փոստ քարտերը՝ «Ապագայի Հայաստան» թեմայով։

Դասընթացներն անցկացվում են Հայաստանում եզակի օֆորտային հաստոցով աշխատող նկարիչ Վիկտորյա Շահբազյանի տպագրական գրաֆիկայի ստուդիայում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել գրաֆիկական արվեստի այս յուրահատուկ ուղղությունը և սեփական գաղափարները վերածել արվեստի գործերի։

«Ապագայի Հայաստան» լինոփորագրության լաբորատորիայի նպատակն է երեխաներին ծանոթացնել լինոփորագրությանը՝ որպես ինքնարտահայտման, տեսողական մտածողության և ստեղծագործական հետազոտության միջոցի։ Նախագիծը միաժամանակ զարգացնում է մասնակիցների գեղարվեստական հմտությունները, խրախուսում ստեղծագործական մտածողությունը և հնարավորություն տալիս արվեստի միջոցով խոսել իրենց համար կարևոր թեմաների, մասնավորապես՝ հայրենիքի ապագայի մասին։

Լաբորատորիան ներառում է վարպետաց դասեր, բաց դասընթացներ, հեղինակային աշխատանքների ստեղծում, ինչպես նաև մասնակիցների լինոփորագրությունների հիման վրա փոստ քարտերի հավաքածուի տպագրություն։ Ստեղծված աշխատանքները կհրատարակվեն մեկ միասնական հավաքածուով՝ ներկայացնելով երեխաների տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Ծրագրի եզրափակիչ միջոցառումը կկայանա սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Հայաստանի նկարիչների միության շենքի դիմաց։ Բաց ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ընտրել երեխաների ստեղծած լինոփորագրություններից որևէ մեկը, սեփական ձեռքով տպագրել այն և տուն տանել որպես Հայաստանի անկախության օրվա խորհրդանշական հուշանվեր։

«Ապագայի Հայաստան» լինոփորագրության լաբորատորիան միավորում է կրթությունը, արվեստը և հանրային մասնակցությունը՝ ստեղծելով մի հարթակ, որտեղ երեխաների երևակայությունն ու գաղափարները դառնում են տեսանելի և հասանելի հասարակության համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում