Աշխարհի առաջնության եզրափակիչը տոն է, որի հետ աշխարհի շատ քիչ իրադարձություններ կարող են համեմատվել։ Սակայն այս անգամ այդ տոնը կարծես անավարտ է։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը հարցերի հետևից հարցեր է առաջացրել։
Ճնշումների ազդեցությամբ մի քանի օրվա ընթացքում կասեցված պատժամիջոցը չեղարկվեց՝ առանց որևէ հիմնավորման։ Կասկածի տակ դրվեց մրցավարների հեղինակությունը։ Ֆուտբոլիստները ենթարկվեցին ռասիստական վիրավորանքների, որոնց մի մասն անգամ հնչեց ընտրված պաշտոնատար անձանց կողմից։ Խաղադրույքներ են ընդունվում յուրաքանչյուր փոխանցման, յուրաքանչյուր դեղին քարտի և յուրաքանչյուր անկյունային հարվածի վրա։
Այսօր երեկոյան տոնակատարությունը կավարտվի, բայց հարցերը կմնան անպատասխան։
Հաջորդ ճգնաժամն արդեն սկսվել է։ Այն ունի երկու անուն՝ փող և իշխանություն։
Խաղադրույքներն այլևս չեն սահմանափակվում հանդիպման արդյունքով։ Դրանք տեղափոխվել են խաղի առանձին դրվագներ, որոնք մեկ ֆուտբոլիստը կարող է ստեղծել՝ առանց հաշիվը փոխելու։ Այսինքն՝ կարելի է շահել խաղադրույքը՝ ստիպելով, որ ուրիշները պարտվեն։ Սա լայնորեն բացում է խարդախության դուռը։ Իսկ այս աշխարհի առաջնությունն այդ դուռն ավելի լայն բացեց։ Առաջին անգամ ՖԻՖԱ-ն որպես պաշտոնական գործընկեր ընդունեց կանխատեսումների շուկա (prediction market), որը գործում էր հենց մարզադաշտերում։
Քաղաքական ազդեցությունն էլ է տեղափոխվել խաղադաշտ։ Մրցաշարի ընթացքում կասեցված պատժամիջոցը չեղարկվեց այն բանից հետո, երբ մի երկրի ղեկավար հեռախոսազրույց ունեցավ ՖԻՖԱ-ի նախագահի հետ։ Երբ կանոնները խոնարհվում են ճնշման առաջ, յուրաքանչյուր արդյունք դառնում է կասկածելի։
Ուստի ես ՖԻՖԱ-ին առաջարկում եմ «երրորդ խաղակես»։ Այսինքն՝ աշխատանքային երկխոսություն, որը պետք է սկսվի հենց այս երեկո՝ նախքան 2030 թվականի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ բարեվարքության (integrity) համակարգը ձևավորելու նպատակով։
Եվրոպայի խորհուրդն արդեն նման փորձ ունի։
Երբ 1985 թվականին Հեյզելի մարզադաշտի ողբերգության հետևանքով 39 մարդ այլևս տուն չվերադարձավ, Եվրոպայի խորհուրդն ու նրա անդամ պետությունները երեք ամսվա ընթացքում ընդունեցին պարտադիր իրավական ուժ ունեցող կոնվենցիա՝ մարզադաշտերում հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այդ փաստաթուղթը հետագայում կատարելագործվեց և դարձավ այսօր գործող «Ֆուտբոլային հանդիպումների և այլ մարզական միջոցառումների ընթացքում անվտանգության, ապահովության և ծառայությունների ինտեգրված մոտեցման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան», որին միացել են 39 պետություններ։
Երբ դոպինգը թունավորում էր մարզաշխարհը, ընդունվեց Եվրոպայի խորհրդի Հակադոպինգային կոնվենցիան, որն այսօր պարտադիր ուժ ունի 52 պետության համար։
Երբ պայմանավորված խաղերը տարածվեցին եվրոպական առաջնություններում, ընդունվեց Եվրոպայի խորհրդի՝ Մարզական մրցումների մանիպուլյացիայի դեմ կոնվենցիան, որը ստորագրել են 43 պետություններ և որը մինչ օրս մնում է խաղերի արդյունքների կեղծման դեմ ուղղված միակ պարտադիր միջազգային պայմանագիրը։
Ամեն անգամ Եվրոպայի խորհուրդը ճգնաժամերին պատասխանել է օրենքով։ Նրա տրամադրության տակ են պարտադիր ուժ ունեցող կոնվենցիաները, 46 անդամ պետությունների համագործակցությունը և ավելի քան չորս տասնամյակի փորձը՝ սպորտի ճգնաժամերը վերածելու միասնական կանոնների։
Այսօր երեկոյան եզրափակիչ սուլիչը կավարտի մրցաշարը։ Թող այն նաև ազդարարի «երրորդ խաղակեսի» մեկնարկը՝ սպորտի ազնվությունն ու բարեվարքությունը ամրապնդելու հրատապ աշխատանքի սկիզբը։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
19.07.26



