Արվեստը՝ որպես ուղիղ ճանապարհ

  • 19.05.2026
  • 0
  • 9 Views

«Ամենավտանգավոր բանը արվեստի մեջ, երբ դու քարանում ես: Չունեմ ոչ մի ոճ, կտավս տրամադրության արգասիք է,  պահը բռնկվում է ու գնում է», – մտորում է նա, որ ապրում է բազմադարյան ամրոցի պարիսպների հարևանությամբ, ներշնչվում հնամենի բազալտե  որձաքարերի հետ զրուցելով,  ստեղծագործում` արձագանքելով նախնյաց կանչին` պարուրված վաղնջական օրերի  և գույների մաքրությամբ:  Նա չի պատկերացնում կյանքը Գառնիի սահմաններից դուրս:  Նա միաձույլ է հայրենի հողի հետ, նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, բնապատկերներին  նայում է սիրառատ ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր աչքերին ու նրա դեմքի խոր կնճիռներին:  Արվեստը թիկունքին` կռիվ է տվել ու տալիս նաև հողի հետ և հողի համար: Բակունցյան վճիտ պարզությամբ պիտի ասի` «Էս գյուղում ապրելով ես ոչ մեկից ո’չ ավելի եմ, ո’չ էլ պակաս եմ, նույն գյուղացին եմ` նույն հացը-ջուրը, նույն բարև-բարիլույսը, ոնց իրենք, էնպես էլ  ես: Իմ տարբերությունը էն ա, որ մտքիս մեջ ունեմ, որ պիտի նկարեմ»: Առաջին արվեստանոցը պապենական թոնրատունն է եղել` մոտավորապես հարյուր հիսուն տարեկան` հազարաշեն կտուրով ու երդիկով, որտեղ էլ լույս աշխարհ է եկել, հասակ առել հեքիաթներով ու  հեքիաթ էլ պարգևելով  շարունակում է արարել Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Ռուբեն  Բաբայանը: Կինը նկարչի կյանքում հաճախ ունի ոչ միայն անձնական, այլև ստեղծագործական դեր: Նա կարող է լինել ոգեշնչման աղբյուր, մուսա, ընկեր, ապավեն, անաչառ քննադատ… Այդպիսին է նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ Ռուզան Խալաթյան-Բաբայանը Ռուբեն Բաբայանի կյանքում:

Ապրիլի 22-ից մինչև մայիսի 8-ը  Ժամանակակից արվեստի թանգարանում, ներկայանալով մեկ ցուցահանդեսի շրջանակում, որ կրում էր «Հույզեր, լռություն և ժամանակ» խորագիրը, նրանք   մեկտեղել էին  գեղանկարչությունն ու գոբելենը` որպես մեկ ընդհանուր ուղղություն` ամփոփելով տարիների կնիքը,  ժամանակի վերելքներն ու վայրէջքները, հոգու և մտքի արձագանքը,  հիշողությունների տրոփը…  Ռուբեն Բաբայանի կտավներում լույսն ու ստվերը դառնում են ոչ միայն պատկերային միջոց, այլ մտածողության ձև` բացահայտելով մարդու ներաշխարհը, ներքին լարվածությունն ու ժամանակի հետ նրա երկխոսությունը, ինչը  այլ նյութականությամբ ու տեխնիկայով, շարունակվում է Ռուզան Խալաթյան-Բաբայանի գոբելեններում, որտեղ գույնը ձեռք է բերում շոշափելի ծավալ, իսկ գործվածքը` ժամանակի շերտավորում: Մարդը` իր ներքին երկվությամբ, հույզերով, երազներով ու հիշողությամբ, նրանց արվեստի առանցքային թեմաներից է. երբեմն այդ մարդը հայտնվում է հստակ կերպարի մեջ, երբեմն` վերածվում է գույնի, կառուցվածքի կամ ռիթմի: Լույսն ու գույնը, ձևն ու նյութը դառնում են նույն պատմության տարբեր դրսևորումները:

Ցուցահանդեսի օրերին լույս տեսավ նաև Ռուբեն Բաբայանի  ստվարածավալ, երկլեզու պատկերագիրքը (անգլերեն թարգմանությունը` Անուշ Մարտիրոսյան-Բաբայանի)` որպես արվեստագետի գունեղ ու բովանդակալից այցեքարտ, որպես յուրօրինակ հաշվետվություն` նվիրված իր 75-ամյակին:  Գեղանկարների ու գծանկարների շարքն ամբողջանում է արվեստաբանական վերլուծության,  հարցազրույցի, կենսապատումի,  նկարչի մտքերի ծաղկաքաղի ճանապարհով.  պատկերագիրքը  մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն  աշխատասիրել է բանասեր, թարգմանիչ, լրագրող, կինոպրոդյուսեր Սահականուշ Սահակյանը:  Պատկերագրքի շնորհանդեսի օրը նա մասնավորաբար  ասաց. «Երբ դիտում էի Ռուբեն Բաբայանի   կտավները, զգացի, որ դրանք խոսում են այն լեզվով, որը բառերից վեր է,  նրա արվեստանոցում լռությունը դառնում էր երաժշտություն: Այս պատկերագիրքը ոգեղեն ճամփորդություն է դեպի երևակայության անսահման աշխարհ: Ես բանասիրական կրթություն ունեմ, բանասեր լինել նշանակում է լինել խոսքի, լեզվի, գրականության և մշակույթի նվիրյալ,  բանասիրությունը ենթադրում է  բառի հետ աշխատանք և  մշակութային կամուրջ: Չեմ մրցել արվեստաբանների հետ,  փորձել եմ համեստորեն առավելագույնն անել բարձր արվեստի ոլորաններում: Մաղթում եմ Ռուբեն Բաբայանին նորանոր անկրկնելի կտավներ, նոր ցուցահանդեսներ և պատկերագրքեր»:

Ուշագրավ է և արդիական  պատկերագրքի գեղարվեստական ձևավորումը՝  շնորհիվ Արամ Ուռուտյանի: Պատկերագրքի լուսանկարների հեղինակներն են Գուրգեն Ջանիբեկյանը, Կարեն Միրզոյանը, Հակոբ Հովհաննիսյանը:

  «Քսան տարի առաջ Գառնիում «Քրմուհին» ֆիլմիս  նկարահանումների ժամանակ հանգամանքների բերումով հայտնվեցի Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, որտեղից բացվում է հեթանոսական տաճարի շքեղաշուք  համայնապատկերը` կախարդական բնության գրկում: Ինձ համար յուրօրինակ բացահայտում էր գեղանկարիչ Ռուբենը, որի հետ բարեկամությունը տարիների ընթացքում  ավելի թանձրացավ, ու ինձ  համար նա դարձավ Ռուբո:  Պիտի ընդգծեմ նրա վրձնի համարձակ լուծումները և հոգեբանական խորքը: Նկարն ընդունում ես այն ժամանակ, երբ մենախոսությունդ նկարի առջև վեր է ածվում  լուռ երկխոսության: Հոգևոր, իմանալի լույսի թեման տրոփում է նրա գրեթե բոլոր կտավներում»,- ասաց  ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

Ռուբեն Բաբայանը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո զորակոչվում է խորհրդային բանակ: Այնուհետ  ուսումը շարունակում էԵրևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Շանթ Հերթևցյանի արվեստանոցում` գեղանկարիչ մնալու  հաստատ որոշումով:1982-ին  Մոսկվայում` Օստանկինո հեռուստակենտրոնի բարձրագույն մեդիա-դպրոցում,  Արտավազդ Փելեշյանի ղեկավարությամբ անցել է վերապատրաստման դասընթացներ` որպես հեռուստատեսության և թատրոնի նկարիչ:  Վերադառնալով Երևան`   շարունակում է աշխատել Հայկական հեռուստատեսության 1-ին ծրագրում` մանկական հաղորդումների խմբագրությունում` որպես բեմադրող նկարիչ` զուգահեռաբար ներգրավվելով հասարակական միջոցառումների ձևավորման աշխատանքներում:1988-1990 թթ. ՀՍԽՀ Հնությունների պետական պահպանության կոմիտեի կողմից, որպես վերականգնող նկարիչ, մասնակցում է Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Տաթևի վանական համալիրի Սուրբ Պողոս-Պետրոս  եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքներին:1990 թ. Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստաբան  Հենրիկ Իգիթյանի հետ համատեղ հիմնում է ԳԱԿ «Գառնի» մասնաճյուղը: Հետագայում այն վերակազմակերպվում է` դառնալով Գառնիի գեղարվեստի հիմնական դպրոց, որտեղ նա շարունակում է տնօրենի պաշտոնավարումը: Չնայած 90-ականների դժվարին պայմաններին` կարողանում է դպրոցը կանգուն պահել:    Նրա սաների մասնագիտական հաջողությունները, նրանց  պարբերական մասնակցությունը  համահայկական, մարզային փառատոններին, մրցանակները վկայում են Ռուբեն Բաբայանի անշահախնդիր նվիրումն ու նախանձախնդրությունը.  զուր չէ, որ Ռուբեն Բաբայանն իրեն համարում է մանկավարժ-նկարիչ:\

 1979 թվականից սկսյալ` Ռուբեն Բաբայանը մշտապես մասնակցել է սիմպոզիումների, խմբային և անհատական ցուցահանդեսների Հայաստանում և արտասահմանում,  նկարիչների միջազգային սիմպոզիում-պլեներների Մոլդովայում, Բելառուսում, Բուլղարիայում, ստացել է դիպլոմներ և շնորհակալագրեր:  Նկարիչների խմբով բազմիցս մեկնել է Արցախ` մասնակցելու  ամենամյա պլեներ-միջոցառումներին և ցուցահանդեսներին: Ռուբեն Բաբայանի  ստեղծագործությունները պահվում են Հայաստանի և արտերկրի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում: 2020-ի 44-օրյա պատերազմը, ցավոք,  երկար ժամանակ խախտեց արարման ներդաշնակ ընթացքը. «Մեկ-մեկ էի մտնում  արվեստանոց, ոնց որ անկոչ հյուր լինեի: Նեղանում էին ներկերը, որ «չէի գալիս, սպասո~ւմ  էին ու սպասո~ւմ… Պիտի խաղաղ մթնոլորտ լինի, որ դու ստեղծագործես… Ես պատերազմին դեմ եմ, սուտ խաղաղությանն էլ եմ դեմ»,- հիշում է նկարիչը: Պատերազմի օրերին Ռուբեն և Ռուզան Բաբայանները կազմակերպեցին իրենց գեղանկարների  առցանց վաճառքը և հասույթն ամբողջությամբ նվիրեցին Արցախի օգնության հիմնադրամին: 

Եվս մեկ անհատական ցուցահանդես անցավ պատմության գիրկը: Սա ոչ թե ավարտ է, այլ նոր փուլի սկիզբ: Թանգարանի տպավորությունների  մատյանում այցելուները թողեցին իրենց հույզերը՝ լույսի, գույների, ապրումների, լռության և ժամանակի  լեզվով, իսկ «Ռուբեն Բաբայան» պատկերագիրքը ևս մի ինքնատիպ խոսուն «ցուցահանդես է» և մնայուն արժեք:

 Նժդեհանուշ Սյունեցի՝ Ս.Ս.

Հղումը՝

Լույս է տեսել Եթերշաբաթաթերթում, N 21 (1659), մայիսի 14, հինգշաբթի, 2026, էջ 3

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում