Արձան, որ լռության մեջ խոսում է ճշմարտության մասին. Երեւանում բացվել է հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը

  • 28.01.2026
  • 0
  • 290 Views

28.01.2026/ Հ.Ազիան, Ն.Գասպարյան/Նիդ.օրագիր

Կան օրեր, երբ քաղաքը դանդաղեցնում է շնչառությունը։

Երբ աղմուկը լռում է, և ժամանակը՝ մի պահ կանգ է առնում։

Այդպիսի օր էր այսօր։

Երևանի մի սովորական բակում՝ թիվ 147 դպրոցի տարածքում, բացվեց հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Իրականում բացվեց ավելին, քան բրոնզե մարմնավորված կերպարն է։ Բացվեց հիշողություն։ Բացվեց պարտք։ Բացվեց լուռ, բայց անխոս ճշմարտություն՝ այն մասին, թե ինչ արժեք ունի մարդու կյանքը, երբ նա գիտակցաբար այն դնում է հայրենիքի պաշտպանության նժարին։

Ռոբերտ Աբաջյանը չի պատկանում միայն պատմությանը։ Նա պատկանում է ներկային։ Նրա անունը չի հնչում միայն դասագրքերում կամ պաշտոնական ելույթներում․ այն ապրում է բոլորի հայացքներում: Արձանի առջև կանգնած դպրոցականներին դժվար է դեռ հասկանալ ամբողջ ծանրությունը, բայց կա պահի լրջության զգացումը։

Ռոբերտը երիտասարդ էր։ Անսահման երիտասարդ։ Եվ հենց այդ երիտասարդության մեջ էր նրա քաջության ահռելի չափը։

Արձանը պատկերում է Ռոբերտին ոչ որպես առասպելական հերոս, այլ որպես իրական մարդ՝ վճռական հայացքով, ներքին խաղաղությամբ, այնպիսի լռությամբ, որ միայն նրանք են ունենում, ովքեր արդեն ընտրել են իրենց ճամփան մինչև վերջ։ Նրա ձեռքերում պահված դիրքը չի սպառնում, չի գոռում․ այն պարզապես լուռ հիշեցնում է, որ երբեմն կարող է լինել ամենաբարձր գոչյունը։

Արձանի պատվանդանին փորագրված խոսքերը այսօր դարձան ոչ միայն հուշ, այլ հարց՝ ուղղված մեզ բոլորիս։

Ի՞նչ ենք անում մենք այդ զոհողության հետ։

Ինչպե՞ս ենք ապրում այն կյանքի մեջ, որը շարունակվում է ուրիշների չշարունակված կյանքի հաշվին։

Բացման արարողությունը զուսպ էր։ Առանց ավելորդ ճոխության։ Եվ դա էր ճիշտը։ Որովհետև Ռոբերտ Աբաջյանի սխրանքը ճոխության կարիք չունի։ Այն ինքնին ամբողջական է։

Երբ խոսում էին նրա մասին՝ խոսքերը հաճախ ընդհատվում էին լռությամբ։ Իսկ այդ լռությունը ավելի հզոր էր, քան ամենահմուտ ճառը։

Այս արձանը կանգնած է դպրոցում։ Դա պատահական չէ։ Այն կանգնած է այնտեղ, որտեղ ձևավորվում է ապագան։ Որտեղ դեռ ամեն ինչ հնարավոր է։ Որտեղ դեռ կարելի է սովորել ոչ միայն մաթեմատիկա կամ գրականություն, այլ՝ պատասխանատվություն, արժանապատվություն, ընտրության գին։

Ռոբերտ Աբաջյանի արձանը մեզ մահվան չի կոչում։

Այն կյանքի է կոչում է՝ գիտակցված, արժանապատիվ, ազնիվ կյանքին։

Այն հիշեցնում է, որ հայրենիքը գաղափար չէ միայն, այլ մարդկանց անուններ են։ Դեմքեր։ Երազներ։ Կիսատ մնացած երիտասարդություն, որ տրվեց, տրվեց հանուն ապրող կյանքերի…

Եվ երբ տարիներ անց այս բակում կրկին լսվեն երեխաների ծիծաղն ու քայլերի ձայնը, արձանը շարունակելու է լուռ հսկել նրանց՝ որպես հիշեցում, որ ազատությունը միշտ ունի անուն, անուն, որ հիշվելու է հավերժ, հավիտյան, այս անգամ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ։

https://niderlandakan.livejournal.com/715018.html

Ռոբերտ Աբաջյանի արձանի բացման արարողության մասին լրատվություն է հրապարկել նաեւ Արմենպրեսը։

Երևանի թիվ 147 դպրոցի բակում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանի բացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիվ 147 դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ արձանի բացման արարողության օրը պատահական չի ընտրվել, քանզի այն կայացավ Հայոց բանակի տարեդարձի օրը։

«Խոր հարգանքով և խոնարհումով ենք բացում մեր ոսկե արծվի, մեր հերոս հայորդու հուշարձանը։ Այսօր մեր դպրոցում հերթական հայրենասիրական դասն է։ Քարե կերպարը լռությամբ է խոսում, բայց նրա պատգամը հնչեղ է ու հավերժական։ Այն պատմում է խիզախության, անձնազոհության ու հայրենասիրության մասին։ Հուշարձանի կողքին մեր սովորողները կկանգնեն լռությամբ, սակայն կմտածեն բարձրաձայն հայրենիքի, խաղաղության և միասնության մասին։ Այն մասին, որ խաղաղության ու սիրո համար ծնված հայ պատանին՝ Ռոբերտը, հաղթանակների վահան դարձած՝ անպարտելի ոտք դրեց անմահություն՝ սրբագործելով, հայրենին իր կյանքից բարձր դասելով»,- ասաց դպրոցի տնօրենը։

Հովհաննիսյանը պատգամեց, որ բանակի ուժը ծաղկի մեր միասնության մեջ, յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, իսկ նրանց ծառայությունը լինի միայն խաղաղության ճանապարհ։

Դպրոցի ուսուցիչները նշեցին, որ արձանը կոչված է հավերժացնելու Ռոբերտ Աբաջյանի հիշատակը, որի կերպարը հողի, տոկունության, ազատության և նվիրվածության խորհրդանիշ է։ Նրանց պնդմամբ՝ հուշարձանը միայն քար ու բրոնզ չէ, այլ մեր հիշողությունն է, հավատն ու երդումը, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվի, և արձանի առջև կանգնող յուրաքանչյուր ոք կզգա, թե ինչ մեծ գին են վճարել մեր հերոսները հանուն հայրենիքի և հայ լինելու իրավունքի։

Ուսուցիչների համոզմամբ՝ հետմահու «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի հիշատակը մշտապես կլինի լույս ու ճանապարհ բոլորի համար, և նրա պատգամը կփոխանցվի նոր սերունդներին՝ որպես պարտքի, պատվի և արժանապատվության դաս, ինչի շնորհիվ առավել չափով կամրապնդվի բոլորի հավատը ուժեղ, պաշտպանված ու խաղաղ հայրենիքի հանդեպ։

Հուզիչ ելույթով հանդես եկավ հերոսի տատիկը՝ Անաիդա Գևորգյանը, շեշտելով, որ հայ պատանիները յուրովի են ընկալում Հայոց բանակի օրը՝ իրենց աչքերի առջև ունենալով հերոս տղաների սխրանքը։

«Նրանք կյանքը չխնայեցին և իրենց արյամբ պաշտպանեցին հայրենիքը։ Չգիտեմ, թե ինչպես այդպիսին դարձան, բայց իսկապես հզոր էին։ Նրանք մեզ թողեցին հայրենիքը՝ պատգամելով նույն սրտացավությամբ պաշտպանել մեր հողն ու ջուրը»,- ասաց հերոսի տատիկը։

Ելույթ ունեցավ նաև «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Առուշանյանի դուստրը՝ Լիդիան, ով ուսումնառության համար ընտրել է հենց 147-րդ դպրոցը։

«Այստեղ պահպանվում են այն արժեքները, որոնց համար զոհվեցին Ռոբերտը, հայրս և մեր բոլոր նահատակները։ Այսօր բացվում է մի երիտասարդի արձան, ով հայրիկիս պես չվերադարձավ պատերազմից, ով հայրիկիս պես հանուն հայրենիքի գնաց գիտակցված մահվան։ Երբեմն թվում է, թե բառերն այստեղ անզոր են, բայց պետք է խոսել, պետք է պատմել հերոսների մասին, որոնց հիշատակն անմահացնում ենք։ Նրանք հեռավոր պատմության հերոսներ չեն, ապրում էին մեր օրերում, ունեին երազանքներ, սիրում էին կյանքը, սակայն, միևնույն է, կատարեցին իրենց ընտրությունը և կյանքի գնով պաշտպանեցին մեզ։ Իսկ մենք կանենք ամեն ինչ՝ արժանի լինելու նրանց զոհաբերությանը »,- ասաց Լիդիա Առուշանյանը։

Հուշարձանի առջև ծաղիկների խոնարհման արարողությունից հետո խոսեցին նաև դպրոցի սաները։ Նրանք հիշատակեցին նույն կրթօջախի նախկին շրջանավարտներ՝ Արսեն Մուրադյանին, Հայկ Անտոնյանին, Բաբկեն Գրիգորյանին և Հարություն Սեմերջյանին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշարձանի բացման առթիվ դպրոցի սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով, ասմունքեցին, կատարեցին հայրենասիրական երգեր, իսկ «Ավագյան Վեդինգ Շոու» համույթի տղաները ներկայացրին ավանդական «Բերդ» պարը։

Երևանում բացվեց Քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը

Աղբյուր՝ Armenpress,

Վերջում ավելացնենք, որ բրոնզաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է։ Ռոբերտը քանդակված է նռնակը ձեռքին, իսկ պատվանդանին նրա հայտնի խոսքերն են. «Էս դիրքը հանձնողի․․․»։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում