«Ավրորան» սկսում է հետազոտական նոր ​​ծրագիր` բացահայտելու ու ներկայացնելու մերօրյա հերոսների

  • 16.01.2026
  • 0
  • 227 Views

Լուսանկարում՝ Dr. Sindhutai Sapakal-ը երեխաների հետ © ‘Saptasindhu’ Mahila Adhar, Balsangopan and Shikshan Sanstha

Մասնակիցները կարող են բացահայտել ու ներկայացնել մերօրյա հերոսների` աշխարհի ցանկացած կետից

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսել է «Ավրորա» հետազոտական դրամաշնորհների ծրագիր։ Դրա նպատակն է լույս սփռել այն անհայտ հերոսների վրա, որոնք գործունեություն են ծավալում ճգնաժամերի առաջնագծում։ Հայտերի ընդունումը 2026 թ. առաջին խմբի համար բաց է։ Սա իրական հնարավորություն է ծրագրի մասնակիցների համար՝ բարձրացնելու իրազեկությունը մարդասիրական հրատապ խնդիրների վերաբերյալ` օգնելով տեղական մարդասիրական նախաձեռնություններին դառնալ առավել տեսանելի։ Սա նաեւ հնարավորություն է՝ ստանալու աջակցություն «Ավրորա» մրցանակի միջոցով։ Մոտ 240 միլիոն մարդ աշխարհում տուժել է հակամարտություններից, տեղահանություններից եւ կլիմայական աղետներից, մինչդեռ մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը շարունակում է կրճատվել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` մարդասիրական հարցերով տեղակալ եւ անհապաղ օգնության հարցերի համակարգող Թոմ Ֆլետչերը նկատել է, որ մարդասիրական օգնության ոլորտի աշխատողներն ավելի ու ավելի հաճախ են հայտնվում «գերծանրաբեռնված, թերֆինանսավորված վիճակում եւ հարձակումների թիրախում»։ Այս համատեքստում համայնքներում անհրաժեշտ աշխատանք իրականացնողների ջանքերը գնահատելն ու նրանց աջակցելը կենսական նշանակություն են ստանում։ «Ավրորա» հետազոտական դրամաշնորհների ծրագիրն ստեղծվել է հենց այդ առաքելությանն աջակցելու նպատակով։

Հետազոտողները պետք է ուսումնասիրեն եւ փաստագրեն աշխարհի տարբեր անկյուններում հակամարտություններից եւ մարդկության դեմ իրագործվող հանցագործություններից տուժած համայնքներում աշխատող մարդասիրական գործիչների աշխատանքը։ Յուրաքանչյուր մասնակից 35 օրվա ընթացքում իր իմացած լեզվով պետք է իրականացնի առցանց հետազոտություն, ապա անգլերեն շարադրի հինգ թեկնածուների՝ հստակ, լավ փաստագրված, մրցանակի չափանիշներին համապատասխան պատմությունները։ Դրանք հետագայում կդիտարկվեն «Ավրորա» մրցանակի ընտրական գործընթացի շրջանակում։ 

Ծրագիրը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նպաստել «Ավրորայի» առաքելության իրագործմանը։ Մասնակիցներից ակնկալվում է տարբեր առցանց աղբյուրներով արդյունավետ աշխատելու, տեղեկությունները պատասխանատու կերպով շարադրելու եւ արդյունքները հստակ ու ճշգրիտ ներկայացնելու ունակություն։ Ծրագրի ավարտին մասնակիցներն իրենց կատարած աշխատանքի եւ ներդրման համար կստանան համեստ դրամաշնորհ։ Եթե նրանց ներկայացրած թեկնածուներից որեւէ մեկը դառնա «Ավրորայի» հերոս՝ մրցանակի հավակնորդ, տվյալ մասնակիցը կստանա հրավեր՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարղությանը եւ «Ավրորայի» մեծ համայնքի հետ կողք-կողքի փառաբանելու այս բացառիկ մարդասերներին։

«Ավրորա» հետազոտական ​​դրամաշնորհների ծրագիրը բաց է նաեւ մարդասիրական կազմակերպությունների եւ համալսարանների հետ ինստիտուցիոնալ համագործակցության համար։ Հետաքրքրված հաստատությունները կարող են կապ հաստատել «Ավրորա» մրցանակի քարտուղարության հետ՝ auroraprizesecretariat@auroraprize.com էլ․ հասցեով: Այս ծրագիրն արդեն հաջողությամբ իրականացվել է ակադեմիական մի շարք առաջատար հաստատությունների հետ։ Դրանց թվում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Բուլղարիայի ամերիկյան համալսարանը, Նիգերիայի ամերիկյան համալսարանը, Բոստոնի համալսարանը (Բռնի տեղահանությունների հարցերով կենտրոն), Բրաունի համալսարանը (Ուորեն Ալփերթի անվան բժշկական դպրոց), Կահիրեի համալսարանը (Տնտեսագիտության եւ քաղաքագիտության ֆակուլտետ), Մարդու իրավունքների գլոբալ կամպուսը, Խավերիանայի համալսարանը (Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ), Ջիմմայի համալսարանը, Սինգապուրի հասարակական գիտությունների համալսարանը, Հայիթիի պետական ​​համալսարանը (Բժշկության ֆակուլտետ), Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը, Աֆրիկայի ԱՄՆ միջազգային համալսարանը եւ Քուրդիստանի Էրբիլի համալսարանը (Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ):

«Ավրորա» հետազոտական դրամաշնորհների ծրագիրն ամրապնդում է «Ավրորայի» առաքելությունը՝ աջակցելու այն անհատներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու նրանց, ովքեր տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ Սա նրանք անում են հաճախ առանց ճանաչման կամ ինստիտուցիոնալ աջակցության։ Այս պատմությունները ներկայացնելով՝ ծրագրի մասնակիցներն ավելի լավ պատկերացում կկազմեն հակամարտությունների եւ ճգնաժամերի պայմաններում ապրող համայնքների առջև ծառացած խնդիրների մասին՝ միաժամանակ կարեւորելով այն անհատներին, որոնց խիզախությունն ու ազդեցությունն ապահովում են կենսական օգնություն եւ հույս։

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով այս հայտը։ Տեղերը սահմանափակ են։ Դիմումները վերանայվում են շարունակական հիմունքներով։ Ընտրված դիմորդները կստանան համապարփակ ուղեցույց եւ աջակցություն՝ իրենց հետազոտությունն սկսելու համար։

Հարցերի եւ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ AuroraPrizeSecretariat@auroraprize.com էլեկտրոնային փոստով։

Լուսանկարում՝ Սինդհութայ Սապկալը երեխաների հետ, հեղինակ՝ ‘Saptasindhu’ Mahila Adhar, Balsangopan and Shikshan

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում