Փորձենք գուշակել, թե մերօրյա Հայաստանի մասին ինչ է գրելու վաղվա պատմաբանը՝ ձեռքի տակ ունենալով ժամանակի ներքաղաքական բուռն գործընթացների բնույթով պայմանավորված մի քանի հատոր հետազոտություններ: Անշուշտ, դժվար է գուշակել, թե ինչ թեմաններ կնախընտրի լուսաբանելու համար, բայց հաստատ է, որ մեր ապրած օրերի դառն ու հոգեմաշ դիպվածներին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) դեմ իշխանությունների ծավալած անզիջում հակամարտությանն անպայման կանդրադառնա: Սակայն մոտ ու հեռու ապագայի մեր պատմիչներին հիասթափություն է սպասվում, եթե ցանկանան մտնել Հայաստանի 21-րդ դարի 20-ականների պատմության մութ բավիղները:
Այդ պատմության ամենաամոթալի էջերից մեկը, անտարակույս, պետության գործադիր եւ հոգեւոր իշխանությունների մասին է, որոնց առաջնորդների ջրերն էն գլխեն մեկ առվով չեն հոսում: Երկրի ոչ խերով-բարով վարչապետի թիրախը Մայր Աթոռն է, որի նկատմամբ հալածանքները չեն դադարում այն բանից հետո, երբ հունիսին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ռեւանշիստ որակեց Հայոց եկեղեցին՝ հայտարարելով, որ այն «մեծ սպառնալիք է տարածաշրջանում Հայաստանի հետ հարեւան բոլոր երկրների համար», եւ որ Էջմիածինը, իբր, կառուցված է «Ադրբեջանին պատկանող հողերի վրա» եւ այլն: Բարբաջանքների մի ամբողջ շարան, որին պաշտոնական Երեւանը այդպես էլ պատշաճ արձագանք չտվեց:
Ավելին՝ Փաշինյանն իր փոքրիկ խմբակով Փաշազադեի տխմարությունները, կարծես թե, ընդունեց որպես մարտակոչ-հրահանգ ու այդ օրվանից սկսեց ուժեղացնել ՀԱՍԵ-ի դեմ հալածանքները՝ պահանջելով Վեհափառ Հայրապետի հեռացումը Վեհարանից: Օրերս էլ՝ դեկտեմբերի 4-ի ճեպազրույցում, լրագրողի հարցին ի պատասխան, գրեթե նույնությամբ, բայց բովանդակային որոշ քողարկմամբ կրկնեց Փաշազադեի ձեւակերպումը: Նա ասաց. «Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը. նրա ներկայությունը Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Նա պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չունի»:
Ժողովրդական խոսք կա՝ «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին»: Կյանքում հաճախ է պատահում, երբ թիրախը եւ սպառնալիքը տեղերով փոխվում են, որովհետեւ ոմանց ուղղակի այդպես հարմար է՝ մեղքն իրենցից թոթափելու համար: Փորձենք հասկանալ, թե ո՞վ է տվյալ դեպքում թիրախը եւ ով՝ սպառնալիքը: Դիտարկենք պետությունը վտանգելու առումով բազմաթիվ օրինակներից ամենաթարմը՝ օրերս բացահայտված խայտառակ միջադեպը՝ արցախյան կարգավորման բանակցային գործընթացին առնչվող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկների փաթեթը: Փաշինյանը ոչ միայն հրաժարվեց բանակցել նշյալ առաջարկների շուրջ, այլեւ թաքցրեց փաթեթը հանրությունից՝ փաստացի բաց թողնելով խնդրի հայանպաստ լուծման պատեհությունը:
Եվ ի՞նչ ստացավ դրա արդյունքում հայկական կողմը: Ստացավ աղետաբեր պատերազմ, քանի որ Փաշինյանի մեղքով ձախողվել էին բանակցությունները, եւ նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ասես, ուղերձ էր հղում թշնամուն, թե՝ «Արցախը Հայաստա՛ն է, եւ վե՛րջ»: Հինգ տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն 44-օրյա պատերազմի վերքերը դեռ չեն ամոքվել: Վերարտադրողական տարիքի 5 հազար հայորդի նահատակ, ավելի քան 10 հազար հաշմվածներ, բազում գերիներ ու անհետ կորածներ, ավերածություններ եւ կորուստնե՛ր, կորուստնե՛ր… սրանք են պատերազմի բերած զարհուրելի հետեւանքները, որոնց համար մեղավորը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը, եւ նա պետք է պատասխան տա դատարանի առջեւ:
Ինչո՞ւ Փաշինյանն արեց այդ քայլը: Արդյոք սխալվե՞ց, թե՞ դիտավորություն էր: Ամեն դեպքում պատիժը անխուսափելի է: Մեկ մարդ սպանելու համար հանցագործին 10-15 տարվա ազատազրկման են դատապարտում: Բայց այստեղ խոսքը ոչ թե մեկ մարդու մասին է, այլ՝ 5 հազարի: Կասեն՝ դե, պատերազմ է, փլավ չեն բաժանում: Բայց սա այդ դեպքը չէ: Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար: Ե՛վ Արցախը կմնար հայկական, ե՛ւ մեր պայծառ տղաները կլինեին ողջ: Ավա՛ղ: Հիմա թող այդ անձը ձեռքը դնի սրտին եւ խոստովանի՝ ո՞վ է իրականում Հայաստանի պետական անվտանգության սպառնալիքը եւ ո՞վ պետք է հեռանա:
«Հայացք Երեւանից»



