Մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը

  • 13.12.2025
  • 0
  • 7 Views

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի 2026 թվականի հայտերի ընդունումը: 

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում: 

Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:

Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում,  դասընթացների անցկացում և այլ գործունեություն։  

Ծրագրին դիմող մասնագետ-կամավորների ներգրավմանն առնչվող հարցերը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մասնագետներին ընդունող պետական մարմինների հետ համագործակցությամբ:

Դիմելու չափորոշիչներ

  • Բարձրագույն կրթության առկայություն
  • Ծրագրով նախատեսված մասնագիտական գործունեության կոնկրետ բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ

Նշենք, որ հայերենի բավարար իմացությունը ցանկալի է։

Հայտադիմումներ

Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի դեկտեմբերի 8-ից 2026 թվականի հունվարի 9-ը  ներառյալ: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց/առկա հարցազրույցների:

Ծրագրի պահանջներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում http://diaspora.gov.am/hy/programs/39

Հայտադիմումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/FpB5iXjxYvZSNhAUA

*Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծրագիրն ամբողջությամբ կրում է կամավորական բնույթ և չի նախատեսում վարձատրություն։  

Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ(էլ. փոստ՝ diaspro@gov.am, հեռ.`+374 10 515 515, +374 10 515 514):  

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում