Դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Բեռլին, ուր ծրագրված էին մի շարք պաշտոնական հանդիպումներ։( Տես՝ Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են ՀՀ և ԳԴՀ-ի միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր – Orer)։
Նրան բոլոր կանգառներում դիմավորեցին տեղաբնակ հայ ցուցարարները՝ հիմնականում պահանջելով քաղբանտարկյալների և Բաքվից գերիների ազատ արձակում։ Նրանք հանդես եկան նաև վանկարկումներով՝ «Նիկո՛լ դա՛վաճան», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ազատությո՛ւն հոգևորականներին», «Մի՛ խառնվիր եկեղեցու կյանքին», «Արցախը Հայաստա՛ն է», «Ազատությո՛ւն գերիներին», «Դադարեցնե՛լ հայերի ցեղասպանությունը» և այլն։
Կանցլերի նստավայրի մոտ հավաքված ցուցարարները, որ մեծամասամբ նշում էին․ «Չենք ուզում այլևս իրեն աթոռին տեսնել», խիստ դժգոհ էին ՀՀ կառավարությունից։
«Նա հանցագործ է, ի՞նչ ղեկավար։ Ես խորապես ամաչում եմ, որ այդ մարդն է ինձ ու իմ երկիրը ներկայացնում՝ թե՛ Հայաստանում, թե՛ ցանկացած այլ երկրում։ Նախ ի՞նչ օրինակ է ծառայում երիտասարդության համար։ Միայն իր գրած գիրքը, որ վերջերս էլ ազերիները Բաքվում գովազդելով, թե, չգիտես, ծաղրելով ներկայացրեցին, բավական է, որ իրեն քարկոծի ողջ գիտակից հայ հասարակությունը։ Ամոթի օրինակ է, ոչ թե՝ առաջնորդ։ Ցավալիորեն բոլոր վատ հատկանիշ արտահայտող ածականները՝ գերադրական աստիճանով, բնորոշում են այս ազգակործանին։ Լավ կլինի՝ չթվարկեմ, ինքնին հասկանալի է։ Ես անձամբ եկել եմ պահանջելու, որ մեկընդմիշտ հեռանա, ինքն իրավունք չունի հայ ազգ ներկայացնելու ու հայ ազգի անունից խոսելու»,- մեզ հետ զրույցում նշեց ցուցարարներից տիկին Սարգսյանը։
Փաշինյանի այցից առաջ մի շարք կազմակերպություններ իրենց պահանջագիր-նամակն էին պատրաստել և հանձնել ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։ Պահանջագիրը ստորագրել էին «Վտանգված ժողովուրդների ընկերության» ղեկավար տիկին Սառա Ռայնկեն, Գերմանիայում «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» հիմնադիր անդամ, դր․, պրոֆ․, պատվո խաչի շքանշանակիր, իրավապաշտպան տիկին Թեսսա Հոֆմաննը, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» նախագահ պարոն Յոնաթան Շպանգենբերգը և Գերմանիայում «Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության» ղեկավար պարոն Պետեր Ֆուքսը։
Պահանջագրում նրանք մասնավորապես նշել են, որ հայաստանյան մտահոգիչ զարգացումներն արդեն օրհասական են դարձել և խնդրում են հանդիպման ժամանակ այն քննարկման առարկա դարձնել․ «Այս կապակցությամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունն ու ակնկալիքը, որ մարդու իրավունքների և տարածաշրջանի հումանիտար իրավիճակի ամենախնդրահարույց հարցերը չմնան երկրորդական պլանում, այլ ստանան հավասար կարևորություն քաղաքական և տնտեսական օրակարգի մյուս հարցերի կողքին»։ Պահանջագիր-նամակն ամբողվությամբ կարդացեք այս հղումով ՝ Փաշինյանը՝ Բեռլինում, գերմանական եւ հայկական կազմակերպությունների նամակը կանցլերին՝ բազմաթիվ մտահոգություններով – Orer
Կանցլերին ուղարկված նամակը ներկաների համար բարձրախոսով ընթերցեց իրավապաշտպան, դր․, պրոֆ․ տիկին Թեսսա Հոֆմաննը։ Գերմանահայերի պահանջներն արտահայտող խոսքով ելույթ ունեցավ «Գերմնահայոց կենտրոնական խորհրդի» նախագահ պարոն Յոնաթան Շպանգենբերգը։ Բողոքի և պահանջի խոսքերով ելույթ ունեցան նաև մի շարք ցուցարարներ։ Միջոցառման ցասումով լցված մասնակիցներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին մինչև Փաշինյան-Մերց հանդիպման ավարտը՝ լիահույս, որ նա հասկացավ՝ «այստեղ ևս հայերն արթուն են և ուշիուշով հետևում են ՀՀ կառավարության գործողություններին»։
Գայանե Առաքելյան
Բեռլին



