Հայաստանի ղեկավարները այցելել են Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. Յոթ Վերքում հնչեցրել են Վեհափառի եւ թեմի առաջնորդի անունները՝ ի հեճուկս Փաշինյանի կարգադրության

  • 07.12.2025
  • 0
  • 28 Views


Այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են աղետից տուժած Սպիտակ, Վանաձոր և Գյումրի։

Երկրի ղեկավարները Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Հաջորդիվ այցելել են Գյումրի, որտեղ ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։



Նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում ներկա են գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ և անմահ պատարագին, որի ժամանակ հակառակ Փաշինյանի արգելող կարգադրության, երգչախմբի անդամ կանայք հնչեցրել են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավայրից նամակ էր ուղարկել գյումրեցիներին, հորդորելով.

«Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում. փառք Աստծո՝ բազում են»:

 Սամվել դպիր Գրիգորյանը գրել է. «Սրբազան Հայրը խորաթափանց է և խորագետ, ու չի ուզում, որ դուք հոգևոր վնաս կրեք, որն անխուսափելի է հակականոնական «պատարագին» մասնակցելիս:

Պատարագիչ քահանայի կողմից Կաթողիկոսի և Թեմի առաջնորդի անունները չհիշատակելու հետևանքները տարածվում են ոչ միայն հենց քահանայի, այլ նաև «պատարագին» մասնակցող հավատացյալների վրա։

Պատարագին մասնակցող հավատացյալները գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնում են այդ պառակտման մասնակիցը, կամա թե ակամա ներքաշվում են Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ անհնազանդություն ցուցաբերելու մեջ։

Ս.Պատարագը անհիշաչարության և ողորմածության խորհուրդ է, այլ ոչ` հակառակության։ Սուրբ Հաղորդության խորհուրդը մաքրում է ապաշխարողին մեղքերից։ Հակառակության, անհնազանդության, քինախնդրության ոգով, անզեղջ սրտով հաղորդվելը դատապարտություն է և տարաժամ մահ։

Այն հավատացյալները, ովքեր մասնակցում են կարգալույծների ու պառակտիչների «պատարագներին» պետք է իմանան, որ դրանք տեխնիկապես ճիշտ են, բայց զուրկ փրկչական խորհուրդից, պատարագի բեմականացում են, որտեղ «պատարագիչը» կարգից զրկվելու կամ պառակտման ծանրագույն մեղքի մեջ ընկնելու պատճառով զրկվում է քահանայական շնորհից, որը գործում է միմիայն նվիրապետական համակարգի մեջ` Մայր Եկեղեցուց ներս: Ովքեր չունեն կանոնական ընթացք և հաղորդակցություն Եկեղեցու մյուս մասերի հետ, կանոնականորեն չեն կարող վավերական Խորհուրդներ կատարել»։

orer.eu

https://www.facebook.com/share/r/16muk9R227

https://www.facebook.com/reel/1187604592783354

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում